Կոշտ բանաձեւ

05/07/2008

«ԵԱՀԿ ԽՎ-ն հետեւողականորեն կոչ է անում ՌԴ կառավարությանը՝ ձեռնպահ մնալ Վրաստանի տարածքում գտնվող անջատողական իշխանությունների հետ կապերից, որոնք կարող են հարցականի տակ դնել Վրաստանի ինքնիշխանությունը»,- ԵԱՀԿ ԽՎ-ի 17-րդ նստաշրջանում երեկ հայտարարել է ԱՄՆ պատվիրակության անդամ Էլեի Հասթինգսը՝ կարդալով Վրաստանի անվտանգության իրավիճակին վերաբերող ԵԱՀԿ բանաձեւի տեքստը: Իսկ այդ բանաձեւն ընդունվել է՝ հաշվի առնելով Վրաստանում առկա հակամարտությունների գոտում անկայունության խորացումը, որը կապված է Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անջատողական վարչակազմերի հետ պաշտոնական կապեր հաստատելու հետ: Բացի այդ, ԵԱՀԿ-ին մտահոգում է, որ ՌԴ-ն միակողմանիորեն որոշել է լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ մտցնել Աբխազիա` ԱՊՀ խաղաղապահների դրոշի ներքո, ինչպես նաեւ խոստովանում է, որ այդ տարածքների բնակիչներին ռուսական անձնագրերի տրամադրումը եւ նրանց ռազմական ուժի օգնությամբ պաշտպանելը կասկածի տակ են դնում Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ըստ բանաձեւի, Վրաստանի կառավարությունն առաջարկում է Աբխազիային ու Հարավային Օսիային լայն ինքնավարություն տրամադրել Վրաստանի տարածքում: