«Նախագահ Սերժ Սարգսյանին ակնհայտորեն վատ խորհուրդ են տվել հայ-թուրքական հանձնաժողովի հետ կապված հարցով»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ արձագանքելով Ս. Սարգսյանի` անցած շաբաթ Մոսկվայում արած այն հայտարարությանը, թե Հայաստանի համար ընդունելի է Թուրքիայի առաջարկը՝ Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու համար հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, բայց միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց եւ Հայաստանի շրջափակումը վերացնելուց հետո: «Նախագահը ձեռնպահ է մնում այս հարցով ուղիղ բացատրություններից ու ճշգրտումներից, որովհետեւ սա հստակ շեղում է թե՛ նախկին նախագահ Քոչարյանի, թե՛ գործող վարչակազմի մինչ այժմ որդեգրած դիրքորոշումներից: Վերջերս արտահայտած դիրքորոշումն անընդունելի է մեզ համար»,- հայտարարել է Կ. Մանոյանը: «Մեր կարծիքով, պատմական փաստերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու առաջարկով Թուրքիան նպատակ ունի հարցի լուծումը ձգձգել տարիներով: Հայաստանն ընդունում է, որ նման հանձնաժողովի ստեղծումը կնշանակի, որ, Թուրքիայի նման, Հայաստանն էլ Հայոց ցեղասպանության լինելության փաստը կասկածի տակ է առնում: Բոլորի համար պետք է հստակ լինի, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կարեւորագույն հարցերն, առաջին հերթին ու առավելապես՝ քաղաքական, այլ ոչ թե պատմական հարցեր են: Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունն ամրագրում է. «Հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես` Թուրքիայի կողմից ճանաչմանը եւ դատապարտմանը, Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում»,- ասել է Կիրո Մանոյանը՝ ավելացնելով. «Նախագահ Սարգսյանից ակնկալվում է, որ պետք է հստակեցնի իր նոր դիրքորոշումը, որը հակասում է ազգային անվտանգության ռազմավարությանը, որպեսզի կանխվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ ընդհանրապես Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ այս հայտարարության պատճառած ցանկացած վնասակար հետեւանք»: