ԵԽ ԽՎ պահանջը Թուրքիայից

05/07/2008

Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն արգելվելու դեպքում թուրքական դեմոկրատիան վերանալու մասին որոշում ընդունելուց հետո, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այս անգամ էլ Անկարայից պահանջել է վերադարձնել Էգեյան ծովի թուրքական երկու կղզիներում բնակվող պոնտոսցի հույներին պատկանող անշարժ գույքը, որն անցյալ դարի 50-ականներին թուրքերի կողմից բռնազավթվել էր թուրք-հունական ճգնաժամերի ժամանակ: «Պաշտպանիր հունական փոքրամասնության իրավունքները» կոչով Անկարային դիմած ԵԽ ԽՎ-ն որոշման մեջ ուղղակիորեն նշել է, որ թուրքերը պետք է կամ վերադարձնեն հույներին պատկանող տները, կամ էլ փոխհատուցեն հույների կորցրած անշարժ գույքի դիմաց:

Նշելով, որ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հարաբերություններում ի հայտ եկած ճգնաժամերի պատճառով կղզիների հույն բնակչությունը երկար ժամանակ տառապանքներ է կրել, որոշման մեջ ասվում է, որ Թուրքիայի կողմից կատարվելիք դրական քայլը լավ օրինակ կհանդիսանա՝ Եվրոպայի հետ լավ հարեւանության արժեքներին ցուցադրելիք հարգանքի տեսակետից: