Բնակարանում միայն կանայք էին

05/07/2008 Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ

Ներսում եւ դրսում

2008 թվականի մարտին Արմեն Պողոսյանը Երեւանի քրեական դատարանի կողմից դատապարտվեց 10 տարի ազատազրկման: Երկու հանցընկեր էլ ուներ Արմենը, սակայն նրանք դեռեւս հետախուզման մեջ են գտնվում: Վերջիններիս հետ նախնական համաձայնության գալով՝ Պողոսյանը կազմակերպել էր ավազակային հարձակում՝ տուժող Ս.-ի բնակարանի վրա: Ինքը, ըստ հանցավոր ծրագրի, չպետք է ներս մտներ: «Սեւ» գործը երկու ընկերները պիտի կատարեին: Արմենը սպասել էր դրսում, այսպես ասած` «աթանդա էր կանգնել»: Սակայն պատիժ նշանակելիս դատարանը հաշվի առավ, որ Արմենը ոչ միայն «հսկիչի, պահակի» դեր էր կատարել, այլեւ եղել էր տվյալ ավազակության կազմակերպիչը, տուժողի բնակարանը մատնացույց անողը:

Հարձակումը ծրագրված էր սկսել միայն այն բանից հետո, երբ հաղթանդամ տանտերը տնից դուրս կգար: Բնակարանում մնում էին նրա նրբակազմ տիկինն ու տարեց մայրը: Հանցագործությունից մի քանի օր առաջ եռյակը հետեւել էր ապագա տուժողներին, արձանագրել նրանց տեղաշարժն ու սովորությունները: Գիտեին՝ տանտերը երբ է աշխատանքի գնում, ինչ են անում կանայք՝ նրա գնալուց հետո: Կանանցից լուրջ դիմադրություն չէին սպասում: Եվ վստահ էին, որ տուժողի բնակարանը կմաքրազարդեն առանց ավելորդ բարդությունների:

Կանանց դիմադրությունը կոտրելու համար հանցագործները նախատեսել էին կապկպելու «ավանդական» տարբերակը: Դրա համար բնակարան ներխուժողներն իրենց հետ կպչուն ժապավեն էին վերցրել: Հանցագործներից մեկի մոտ նաեւ ատրճանակ էր եղել, իսկ մյուսը հենց տուժողների խոհանոցից դանակ էր վերցրել: Ատրճանակն ու դանակը հարկավոր էին եղել միայն սպառնալիքների, վախեցնելու համար: Բայց տուժող կանայք իրական վտանգ էին զգացել իրենց կյանքի համար: Համոզված էին, որ եթե աղմկեին, զենքն ու դանակը կարող էին եւ գործի դրվել:

Թե ինչ էր կատարվել բնակարանի ներսում՝ երկու «անկոչ հյուրի» ներխուժումից հետո՝ հայտնի է տուժող կանանց ցուցմունքներից: Ներխուժողները հիմա էլ հետախուզվողի կարգավիճակն ունեն: Ու պարզապես երկարաձգում են կատարածի համար պատասխանատու լինելու ժամանակը:

Իսկ Արմեն Պողոսյանը, որ հանցագործության կատարման պահին դրսում էր եղել, հիմա «ներսում է» արդեն՝ ազատազրկվածի, պատժվածի վիճակում: Ու նրա շահերի պաշտպանը վերաքննիչ բողոք էր բերել՝ իր պաշտպանյալի արարքը վերաորակելու, հետեւաբար եւ՝ պատիժը մեղմացնելու առումով:

Կապկպված կանայք

Ավազակային հարձակումը կատարվել էր տուժողի բնակարանում եղած արժեքավոր զարդերն ու գումարը հափշտակելու համար: Երկու տղամարդ ներխուժել էր բնակարան, կպչուն ժապավենով կապկպել կանանց, սպառնալիքներ տեղացել, այդ թվում նաեւ՝ ատրճանակ ու դանակ գործադրելու վերաբերյալ:

Երիտասարդ կնոջը կապկպված վիճակում քարշ էին տվել խոհանոց: Տարեց կնոջը կապկպել ու թողել էին հենց միջանցքում, սկզբում՝ մեջքի վրա պառկած, իսկ հետո շրջել էին դեմքով դեպի հատակը: Երկուսին էլ սպառնացել էին, որ չշարժվեն, աղմուկ բարձրացնելու փորձ չանեն, այլապես կզրկվեն կյանքից: Կանայք այդ վիճակում գտնվել էին հանցագործության ամբողջ ընթացքում: Երբ հարձակվողները ավարառումից հետո հեռացել էին, կանայք մեծ դժվարությամբ ազատվել էին կապանքներից ու ահազանգել կատարվածի մասին:

Նախնական հաշվարկներով, նախաքննության ընթացքում տուժողը հայտնել էր, թե իր բնակարանից մոտ 25 միլիոն դրամի գույք է հափշտակվել: Քրեական դատարանում, դատաքննության ավարտին տուժողը վերահաշվարկ էր կատարել ու նոր քաղհայց ներկայացրել՝ 51 միլիոն 250 հազար դրամի: Քրեական դատարանը բավարարել էր նախկին հայցը՝ միաժամանակ հնարավորություն թողնելով, որ տուժողը հետագայում քաղաքացիական դատավարության կարգով պահանջի կորուստի մնացած մասը, եթե այն հիմնավոր է համարում:

Տուժող կողմը քրեական դատարանի դատավճիռը բողոքարկել էր ոչ միայն քաղհայցի մասով՝ պահանջելով, որ այն բավարարվի 51 միլիոն 250 հազարի չափով: Դատավճիռը բողոքարկվել էր նաեւ պատժի մեղմության առումով. տուժողը պահանջում էր խստացնել Արմեն Պողոսյանի պատիժը՝ հաշվի առնելով կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը եւ Պողոսյանի դերը՝ որպես հանցագործության կազմակերպիչ:

Ավազակությունն ու կողոպուտը

Արմեն Պողոսյանի շահերի պաշտպանը Վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորեց բողոքում բերած տեսակետը եւ պնդեց, թե իր պաշտպանյալի կատարածը պետք է որակվի ոչ թե որպես ավազակային հարձակում, այլ՝ որպես կողոպուտ: Ուրիշի գույքի հափշտակության այս երկու եղանակը միմյանցից էապես տարբեր են: Կողոպուտն ուրիշի գույքի բացահայտ հափշտակումն է՝ տուժողի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն կիրառելու կամ այդպիսին կիրառելու սպառնալիք տալու միջոցով: Իսկ ավազակությունն ուրիշի գույքի նույն՝ բացահայտ հափշտակումն է, սակայն՝ տուժողի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ կամ այդպիսին գործադրելու սպառնալիքով: Ընդ որում՝ բավական է, որ հարձակվողը տուժողի նկատմամբ ոչ թե գործադրի զենքը, ծանր մարմնական վնասվածք հասցնի կամ մահ պատճառի նրան, այլ՝ պարզապես ցուցադրի մոտը գտնվող զենքը, թեկուզ՝ առանց բառ անգամ ասելու, սակայն տուժողն իր կյանքին սպառնացողը որպես իրական վտանգ ընկալի, եւ արարքի քրեաիրավական որակումն արդեն կլինի ոչ թե կողոպուտը, այլ՝ ավազակությունը, ինչն ավելի ծանր հանցանք է համարվում ու, հետեւաբար, ավելի խիստ պատժաչափերով պատժվում:

Կոնկրետ այս դեպքում, ըստ Պողոսյանի շահերի պաշտպանի, իր պաշտպանյալը հենց կողոպուտ էր ծրագրել: Դրա համար էլ սպասել էին, մինչեւ տանտերը դուրս գա տնից, տանը մնան միայն կանայք, ում դիմադրությունը թույլ կլիներ, հետեւապես նրանց նկատմամբ կիրառվելիք բռնությունն էլ կլիներ համապատասխանաբար՝ ոչ վտանգավոր բնույթի: Այդ ոչ վտանգավոր բնույթի բռնությունը կիրառելու համար էլ վերցրել էին կպչուն ժապավենը, որ կապկպեն կանանց՝ զրկելով աղմկելու, շարժվելու հնարավորությունից:

Ըստ պաշտպանի՝ Պողոսյանն անտեղյակ էր եղել, որ հանցընկերներից մեկը ատրճանակով զինված է բնակարան մտնում: Ավելին, որ բնակարանում էլ տուժողներին պիտի սպառնան ոչ միայն այդ զենքով, այլեւ նրանց իսկ խոհանոցից վերցված դանակով: Հանցագործության ա՛յդ մասին Պողոսյանը ներկա չէր գտնվել ու չպետք է պատասխանատվություն կրեր հանցընկերների ինքնագլուխ, նախնական ծրագրով չհամաձայնեցրած արարքների համար:

Տուժողները Պողոսյանին իրենց բնակարանում չէին տեսել, նրա դեմ ցուցմունքներ չէին տվել: Նա ո՛չ բնակարան էր մտել, ո՛չ էլ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տվել: Հետեւաբար՝ նրա արարքի իսկական որակումը միայն կողոպուտը կարող էր լինել:

Ուրիշ բան, որ հանցընկերները, բռնվելուց հետո, ցուցմունքներ տան, թե Պողոսյանի հետ հենց ավազակություն էին ծրագրել, ատրճանակը «գործի մեջ դրել» նախապես կազմած ծրագրի համաձայն: Այդ դեպքում թող իր պաշտպանյալի արարքն ապագայում վերաորակվի, պատիժն էլ խստացվի: Իսկ առայժմ, հիմնավոր ապացույցներ չլինելու պատճառով, բոլոր չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալի:

Պաշտպանը նաեւ ընդգծում էր, որ տուժող կանանց շատ թույլ էին կապկպել: Հանցագործների հեռանալուց հետո նրանք ինքնուրույն էին արձակել կապերը, լուրջ վնասվածքներ չէին ստացել:

Սակայն դատարանի հարցին, թե՝ ինչպե՞ս էր հաղթահարվելու կանանց դիմադրությունը՝ հենց թեկուզ կապկպելու պահին. նրանք անշարժ ու խոնարհ սպասելու էին, որ իրենց կապե՞ն, թե՞ ենթարկվելու էին հարձակվողներին, որովհետեւ վերջիններս զենք էին ցուցադրելու ու համապատասխան սպառնալիքներ տալու, պաշտպանը ընդհանրական պատասխան տվեց. «Ոչ մի լուրջ դիմադրություն չի եղել, որպեսզի զենք գործադրելու անհրաժեշտություն զգացվեր, ու զենքի գործադրման սպառնալիքը մտներ նախնական ծրագրի մեջ»:

Հեշտ է, անշուշտ, հանցագործությունից ամիսներ անց, կողմնակի հայացքով նայել ու ենթադրություն անել, թե հարձակվողները թույլ են կապկպել կանանց, նրանց չեն վախեցրել ու չեն սպառնացել: Պատկերացնել է պետք, թե ինչ հոգեվիճակում կարող է գտնվել մարդը, ում տուն ներխուժել են հանցագործները եւ ավարառություն են կատարում: Տանտերն արդեն մտածում է ոչ թե ունեցվածքի, այլ սեփական կյանքի փրկության մասին, դրա համար էլ ենթարկվում է հանցագործների պահանջներին, աշխատում չգրգռել նրանց, անուղղելի քայլերի չմղել: Հանցագործներն իրենք էլ, ներխուժելով ուրիշի բնակարան, ուր մարդիկ են գտնվում, հայտնվում են սթրեսային վիճակում, աշխատում հնարավորինս արագ գործել, շատ հափշտակել ու շուտ հեռանալ: Այդ ամենն առավել արդյունավետ կատարելու համար նրանք նախատեսում են նաեւ համապատասխան միջոցներ՝ տանտերերի դիմադրությունը կոտրելու, ակտիվ գործողությունները կանխելու, վախեցնելու եւ ստիպելու համար, որ պահուստները շուտափույթ հանձնեն: Ամենատարածված միջոցը զենքի գործադրման, կյանքից զրկելու սպառնալիքներ տալու եղանակն է: Հետո ինչքան կուզի՝ համոզեն, թե խոսքեր են՝ ասվել են, բայց դրանք գործ չեն դարձել ու չէին էլ դառնալու՝ ըստ ծրագրի: Միեւնույն է: Արարքը, որ արդեն իսկ կատարվել է՝ կյանքից զրկելու սպառնալիքներով զուգորդված, մեկ որակում է ունենում՝ ուրիշի գույքի հափշտակություն՝ ավազակության միջոցով:

Ուրիշի բնակարան ներխուժելը, այնտեղից գույքի բացահայտ հափշտակելը ծրագրողները չեն կարող միանշանակ նախապատրաստվել միմիայն կողոպուտի, միանշանակ նախատեսել, թե վտանգավոր բռնություն կամ այդպիսին գործադրելու սպառնալիքներ չեն տալու: Ներխուժում կատարողները պատրաստ են լինում ամենատարբեր հանգուցալուծումների: Եվ ի սկզբանե նաեւ միջոցներ են նախատեսում՝ հաջողության հասնելու եւ սեփական կաշին հնարավորինս անվնաս ազատելու համար: Նրանք մինչեւ իսկ կարող են խաղալիք ատրճանակ վերցնել իրենց հետ, սպառնալ խաղալիքով, սակայն, եթե տուժողն այդ խաղալիքն ընկալեց որպես իրական զենք ու իրական վտանգ զգաց սեփական կյանքի ու առողջության համար, ապա կատարվածը հենց որպես ավազակություն է որակվում՝ դրանից բխող խիստ հետեւանքներով:

Շրջահայացի պատիժը

Արմեն Պողոսյանը, ըստ նախաքննական մարմնի ու դատարանների, նախապատրաստել ու կազմակերպել էր ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի բացահայտ հափշտակություն:

Նա շրջահայաց էր՝ դեպքի վայր անձամբ չգնալու աստիճան: Եվ շրջահայաց էր նաեւ՝ հափշտակությունը միայն կանանց ներկայությամբ կատարելու ծրագրով: Այո, հնարավոր է, որ խումբը նաեւ ծրագրած լիներ արյուն չթափել, «մաքուր աշխատել» ու տուժողների կյանքին ու առողջությանը իրական ծանր վնաս չհասցնել: Սակայն ատրճանակը տարել էին իրենց հետ՝ ավելի արագ «արդյունքի» հասնելու, ավարառությունն ավելի արագ վերջացնելու համար: Եվ դա նրանց հաջողվել էր:

Վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի հունիսի 26-ին եզրակացրեց, որ Արմեն Պողոսյանի հանցավոր արարքը ճիշտ է որակված: Եվ սահմանված 10 տարի ազատազրկումն էլ համաչափ պատիժ է կոնկրետ այդ արարքի կատարման համար: