ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ուր պահվում են կանայք եւ անչափահասներ, պարզվում է, մարտի 1-ի հայտնի դեպքի առիթով կալանավորվածներ չկան: «Աբովյան» ք/հ պետ Էդուարդ Հովհաննիսյանի հավաստմամբ` եղել են երկու անչափահաս կալանավորներ, սակայն նրանց խափանման միջոցը փոխվել է, եւ դատարանից ազատ են արձակվել: Վերջիններս մասնավորապես ձերբակալվել են «Ռոբերտո» կոշիկի խանութից գողություն կատարելու պատրվակով: Երկու անչափահասներից մեկն ազգությամբ եզդի է եղել, որն, ի դեպ, խանութից գողացել է 5 հատ աջ ոտքի կոշիկ:
Ներկա դրությամբ՝ «Աբովյան» ք/հ-ում պահվում են 51 կալանավորված եւ 136 դատապարտված անձինք, որոնցից 27-ը դատապարտված անչափահասներ են, իսկ 106-ը՝ դատապարտված կանայք: Հիմնարկի պետի հավաստմամբ` նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը գրեթե անփոփոխ է, հետեւաբար՝ աճ կամ նվազման միտում, որպես այդպիսին, չի արձանագրվել: «Մեզ մոտ գրեթե ամեն տարի նույն թիվն է արձանագրվում աննշան փոփոխություններով, ասենք՝ 178-ից մինչեւ 190»,- նշեց նա: Ի դեպ, հանցագործություն կատարող կանանց շրջանում գերակշռում են խարդախության, գողության հոդվածներով դատապարտվածները: Անչափահասների շրջանում էլ տարածված են գողության դեպքերը, մասնավորապես` ալյումինի եւ բջջային հեռախոսի: Հարցին, թե կիսո՞ւմ է հիմնարկի պետն այն կարծիքը, որ անչափահասների կողմից ալյումինի գողության դեպքերի աճի միտում կա, մասնավորապես սոցիալական դրդապատճառներով` վերջինս պատասխանեց. «Չեմ կիսում, որովհետեւ աճի միտում չկա: Այո՛, մեզ մոտ նման մի քանի դատապարտված երեխաներ կան, բայց այդ երեւույթն այս վերջին տարիներին առկա է ու էականորեն չի շատացել»: Ինչ վերաբերում է կալանավայրերում կատարվող բարեփոխումներին, ապա հարկ է նշել, որ «Աբովյան» ք/հ-ում կառուցվել է մեկուսարանի նոր շենք, իսկ դպրոցն ու Արհեստագործական ուսումնարանը տեղափոխվել են միանգամայն այլ վերանորոգված շենքեր: Ի դեպ, Կրթության նախարարությանը պատկանող ք/հ-ի դպրոցը բաղկացած է 8-րդ, 9-րդ, 10-րդ դասարաններից, որտեղ աշխատում են թվով 12 մանկավարժներ: «Վերջերս վերջին զանգ արեցինք, բացի դա, մեկ տարվա ընթացքում երեք մրցում անցկացրինք` ֆուտբոլ, շախմատ եւ շուտով սեղանի թենիսի մրցում է լինելու: Պետք է ասեմ, որ մեդալների կեսը մեր հիմնարկի դատապարտյալներինն է»,- նշեց պրն Հովհաննիսյանն` ավելացնելով, որ որպես խրախուսում՝ դատապարտյալներին տրամադրվում է կարճաժամկետ մեկնում, այսինքն` մեկ շաբաթ տանն են անցկացնում: «Աբովյան» ք/հ-ի պետի խոսքերով` բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող, սակայն դատապարտվելուց հետո ուսումը շարունակելուց զրկված երեխաների ուսուցումը հեռակա կարգով կազմակերպելու հարցը քննարկման փուլում է: Ներկայումս կալանավայրում Պոլիտեխնիկական ինստիտուտի երկու ուսանող կա, որոնք ստիպված են ուսումը կիսատ թողնել. «Մեր ուսուցչական կոլեկտիվով քննարկում ենք, թե ի՞նչ կարելի է անել այդ երեխաների ուսումը կազմակերպելու ուղղությամբ: Մեկ անգամ ինձ մոտ ստացվել է. մի ցմահ դատապարտյալ ընդունվեց բուհ ու հեռակա կարգով սովորում է: Հիմա այս երկու երեխաների ծնողներին կանչել եմ, որ խոսենք, տեսնենք, թե ինչ կարող ենք անել հեռակա ուսուցումը կազմակերպելու համար: Ծնողների հավանությունը ստանալուց հետո, հավանաբար, կդիմենք մեր ղեկավարությանն, այնուհետեւ՝ Կրթության նախարարությանը: Դա առայժմ միտք է, որը զարգացնում ենք»,- վստահեցրեց Է. Հովհաննիսյանը:
Կալանավայրում գոյություն ունի փայտամշակման եւ կավագործության արտադրություն, որի գաղափարը «Տրտու» հասարակական, բարեգործական կազմակերպությանն է. «Իրենց մասնագետներն ուսուցանում են փայտամշակման, ատաղձագործության դասընթացներ»: Կալանավայրին կից տարածքում «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի միջամտությամբ մի քանի հեկտար հողատարածքում թութուն է աճեցվում, հետեւաբար՝ դատապարտյալների համար աշխատատեղեր են ստեղծվել: Ներկա դրությամբ՝ 20 հոգի աշխատում են տնտեսմասում, 25-ը՝ հողատարածքում, եւ 3 հոգի էլ գոմերում են աշխատում: Է. Հովհաննիսյանի տվյալներով` դատապարտյալների 40-45%-ն աշխատում է վարձատրվող աշխատանքով, սակայն ձմռանը, բնականաբար, հող մշակելու աշխատատեղերի բացակայությունը դատապարտյալների համար խնդիր է դառնում: