Ասում է այս տարվա լավագույն երգիչ Արամեն, ով փորձում է իրեն ետ պահել ճանաչելի դեմքերի ճանապարհին հանդիպող բազմաբնույթ գայթակղությունների շարաններից։ Նա այդ բառն իսպառ վերացրել է իր կյանքից։
Արամեին շատերն են լսում, եւ՛ երեխաները, եւ՛ տարեց մարդիկ։ Նա հավատում է, որ բեմից հնչող «քաղցր» ինտոնացիաները հենց այն են, ինչ մեզ հարկավոր է։ Եվ տարիքը բնավ էլ կարեւոր չէ։
– Շատերն ասում են, որ միշտ փորձում են բեմում անկեղծ լինել։ Դա ի՞նչ է նշանակում։ Անկեղծությունը պե՞տք է բեմում, թե՞ ավելի կարեւոր են երգելու եւ խաղալու ունակությունները։
– Շոու-բիզնեսում, եւ ընդհանրապես մեր կյանքում կան հարցեր, որոնք ստանդարտ են դարձել, եւ կան արտահայտություններ, որոնք նույնպես ստանդարտ են դարձել։ Երբ հարցնում են՝ ի՞նչն եք ամենաշատը գնահատում մարդու մեջ, բոլորը պատասխանում են՝ անկեղծությունը։ Իհարկե, անկեղծությունը վատ բան չէ, բայց այդ պատասխանը կարծես ոչինչ չի նշանակում։ Հանդիսատեսն ինքն է հասկանում, թե ո՞վ է անկեղծ արտիստը, իսկ ո՞վ է խաղացող արտիստը։ Հանդիսատեսը դա զգում է, եւ նրան խաղով խաբել երբեք չես կարող, մանավանդ՝ հայ հանդիսատեսին։ Անչափ հզոր ձայն ունենալով էլ՝ շատ երգիչներ չեն կարողանում հետաքրքիր լինել հանդիսատեսի համար։ Եթե հանդիսատեսը չսիրի ու չընդունի արտիստին, նա երբեք չի ծափահարի նրան։ Ամեն մարդ պիտի իր ֆենոմենն ունենա, եւ եթե այդ ֆենոմենը բացակայում է, ուրեմն նա չի կարող դա խաղով ստեղծել։ Ես արտիստի մեջ գնահատում եմ քաղցրությունը։ Բեմ բարձրացող մարդը պիտի «քաղցր» լինի։
– Այդ քաղցրությունն ամեն տեղից է ծորում, ու կարծում եմ՝ անհասցե է մնում։
– Իհարկե, եթե մարդը շատ քաղցր է լինում, նրան լսելուց հետո ուզում ես ետեւից ջուր լցնել։ Բայց «քաղցր» լինելու մեջ վատ բան չկա, «քաղցր» նոտաներն են դիպչում հանդիսատեսի սրտերին։ Իսկ քաղցրության չափաբաժինը որոշում ես, երբ կարողանում ես ինքդ քեզ հանդիսատեսի աչքերով գնահատել։ Տաղանդավոր ու խելացի է այն մարդը, ով կարողանում է ինքն իրեն ճիշտ գնահատել։
– Կարծում ես՝ դա ստացվո՞ւմ է։
– Շատերը դա անել չեն կարողանում, եւ համարում են, որ իրենք «դեմք» են՝ չհասկանալով, որ իրենք «դեմք» չեն ու չեն էլ կարող «դեմք» դառնալ։ Էստրադայի մարդիկ հաճախ իրենք իրենց գերագնահատում են։
– Միայն շոու-բիզնեսի մեջ ներգրավված մարդի՞կ են այդպես զգում։
– Ես բոլոր մարդկանց մաղթում եմ, որ իրենք կարողանան սեփական ուժերն ու տեղը ճիշտ գնահատել։
– Իսկ ինչո՞ւ ենք մենք միայն սիրո մասին երգում։ Այլ թեմաներ չկա՞ն։
– Այլ թեմաներ գտնելն, իրոք, դժվար է։ Նույնիսկ, երբ ես երգում եմ առավոտի մասին, ես երգում եմ սիրո մասին, քանի որ առավոտն ինձ համար հենց գեղեցիկ աղջիկն է։ Երբ հայերը սարերի մասին են երգում, միեւնույն է`սիրո մասին են երգում։ «Սարերի հովին մեռնեմ» երգելով՝ մենք սիրո մասին ենք երգում։ Ինչպես ուզում ես՝ պտտվիր, միեւնույն է` սեր է դառնալու։ Միգուցե դրանից պետք էլ չէ խուսափել։ Ես, օրինակ, միշտ փորձում եմ անել այնպես, որ իմ երգերում բարդ բառեր չլինեն։
– Օրինակ, որո՞նք։
– Օրինակ, չլինի «գայթակղել» բառը։ Ուզում եմ, որ երգերի տեքստերն ավելի պարզ լինեն։
– Կան երկրներ, որտեղ արգելված է ֆոնոգրամայի տակ երգելը։ Արդյոք մենք նման արգելափակման անհրաժեշտություն չունե՞նք։
– Եթե «պլյուսային» ֆոնոգրամայի տակ ելույթ ունենալն արգելվի, կարծում եմ՝ երգարվեստի դաշտը կամաց-կամաց կմաքրվի։ Եվ այն ոչ թե պրոֆեսիոնալները, այլ՝ հենց հանդիսատեսը կմաքրի։ Եթե երգիչը չկարողանա իր ձայնով, իր արտիստիզմով գոհացնել հանդիսատեսին, այդ երգիչն արդեն շոու-բիզնեսում գործ չի ունենա։ Դաշտը մաքրելն իմ գործը չէ, բայց արդեն նկատվում է, որ «վաննան» լցվել է, ու ջուրն արդեն սկսում է թափվել։ Հիմա երիտասարդն առավոտյան արթնանում է, որոշում է երգել ու հասնում է իր նպատակին։ Մենք հիմա այդպիսի պրոցեսի մեջ ենք։ Բայց կգա ժամանակն, ու շոու-բիզնես ներխուժելը դժվար կլինի։ Դա ավելի նորմալ պրոցես է։
– Երգելով հայտնի դառնալու ցանկությունն ինչո՞վ է գայթակղիչ։
– Վերջերս հարցում էին անցկացրել ու պարզել էին, որ շոու-բիզնես ներխուժել ցանկացող սկսնակների 85 տոկոսն ուզում է շոու-բիզնես մտնել զուտ այն բանի համար, որ իրենց փողոցում ճանաչեն։ Եթե նրանց հարցնես, հաստատ կասեն, որ սիրում են երգը, երաժշտությունը, առանց երգի ուղղակի իրենց կյանքը չեն պատկերացնում, բայց իրականում ուզում են, որ փողոցում իրենց տեսնելով՝ մարդիկ ասեն՝ վայ, տեսեք, Պողոսն է կամ էլ Պետրոսն է։ Դա է շատերի նպատակը։ Եվ երբ նրանք հասնում են այդ նպատակին, հանգստանում են կամ էլ սկսում են հաջողություններից «գժվել»։ Ինձ, օրինակ, շատ են հարցնում՝ թե ինչո՞ւմն է իմ հաջողության գաղտնիքը։ Ես չգիտեմ, բայց գիտեմ միայն, որ պետք է վայելեմ իմ հաջողությունը։ Եվ եթե ինձ սիրում են, ես պետք է երջանիկ լինեմ։ Յուրաքանչյուր մարդ իր ամբիցիաներն ունի, եւ երբ ինչ-որ բանի՝ կամ մրցանակի, կամ պաշտոնի է արժանանում, դա պիտի ընդունվի բոլորի կողմից։ Այլ կերպ սխալ է։ Մրցանակաբաշխության օրը, երբ հնչեց իմ անունն ու պարզ դարձավ, որ ես եմ լավագույնը ճանաչվել, մտածեցի, որ նույնիսկ, եթե ես առաջինը չլինեի, դա կարեւոր չէր լինի ինձ համար։ Ինձ առանց դրա էլ էին ընդունել։
– Երգիչները ձայներիզներ են թողարկում, համերգների են մասնակցում, ակումբներում են երգում… Իսկ ո՞րն է երգչի գագաթնակետը՝ «առաստաղը»։
– «Առաստաղը» վատ բառ է։ Եթե մարդը տեսնում է իր «առաստաղը», ուրեմն նա լավագույն դեպքում՝ կհասնի այդ առաստաղին, կկանգնի եւ ավելին անել չի կարողանա։ Ժամանակը միշտ իրենն է թելադրում մարդուն։ Ոչ ոք չգիտի, թե տարիներ հետո մենք ինչո՞վ ենք զբաղվելու, ի՞նչ երգեր ենք երգելու։ Բացի երգելուց էլ՝ հազար ու մի գործ կա։ Եվ հենց շոու-բիզնեսում կան այդ գործերը։ Եթե մարդը կարողանա պահպանել իր շրջապատում ունեցած լավ հարաբերություններն ու իր հանդեպ եղած հարգանքը, կարծում եմ՝ նա, բացի երգելուց էլ, անպայման ինչ-որ գործ կգտնի իր կյանքում։ Ստեղծագործել միշտ էլ կարող ես, պարզապես կարեւորը ժամանակից ետ չմնալն է։ Շոու-բիզնեսում կայացած մարդիկ, որպես կանոն, անտեսում են ավելի երիտասարդներին, նրանց գնահատելու փորձեր չեն անում ու չեն ուզում նրանց հետ «քայլել»։ Ոչ միայն շոու-բիզնեսում, բոլոր ոլորտներում է այդպես։ Ես դա շատ անարդար ու սխալ եմ համարում։
– Իսկ երբ ապրում էիր Դոնի Ռոստովում, հայերեն նույնչափ լա՞վ էիր խոսում։
– Ոչ, ի՞նչ եք ասում։ Հայերեն ես շատ վատ գիտեի։ Հիշում եմ, որ երբ առաջին անգամ հայկական հեռուստատեսային հաղորդմանը պիտի մասնակցեի, խնդրեցի ինձ բարդ բառերով հարցեր չտալ։ Բայց ինձ մի հարց տվեցին, որտեղ կար «գայթակղել» բառը։ Ես հարցը չհասկացա, բայց բնազդաբար կարողացա այդ հարցի տակից «դուրս գալ»։
– Փաստորեն այդ բառը դու չես սիրում ու չես երգում։
– Այդպես ստացվեց։