«Կարեւորը «Սպորտի մասին» օրենքն ընդունելն է, իսկ վերամշակումներն ու կետերի փոփոխություններն ընթացքում կկատարվեն»,- անցած շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը: Օրենքի հետ կապված՝ նա նշել է, որ այսօր գործառության մեջ է նաեւ երիտասարդության ռազմավարությունը, որը քննարկվել է կառավարությունում: «Այդտեղ առկա են որոշ գերակայություններ՝ երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակի, զբաղվածության, կրթության հետ կապված, որոնց միջոցով մենք կարողանում ենք ուղղորդել մեր երիտասարդներին»,- ասել է Ա. Գեւորգյանը: Ըստ նրա, երիտասարդությանն առնչվող օրենքն արդեն ԱԺ համապատասխան հանձնաժողովում է, որի ընդունման դեպքում մինչեւ տարվա վերջ երիտասարդության ոլորտում հնարավոր կլինի հաջողությունների հասնել: Ա.Գրիգորյանը նաեւ հույս է հայտնել, որ այս տարվա ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում կընդունվի «Երիտասարդության մասին» օրենքը: Խոսելով երիտասարդությանը վերաբերող աշխատանքների մասին, նա առանձնացրել է երիտասարդական մարզային կենտրոնների ստեղծումը: 2009-12 թթ. նախարարության ռազմավարության մեջ նախատեսված է, մարզային կենտրոններից բացի, ստեղծել նաեւ համայնքային երիտասարդական կենտրոններ: Ասուլիսի ժամանակ նախարարն անդրադարձել է Ծաղկաձորի սպորտբազային եւ հայտնել, որ այն կրկին վերականգնվել է ու լուրջ մրցակցություն ունի համաշխարհային բազաների հետ:
«Գործում է դեռ միայն ըմբշամարտի մարզադահլիճը, եւ ծրագրված է, որ մինչեւ 2009 թ. վերջը կգործի Ծաղկաձորի ընդհանուր սպորտբազան»,- ասել է նա՝ միաժամանակ հայտնելով, որ աշխարհի բազմաթիվ երկրներից շատ մարզիկներ կան, ովքեր ցանկանում են իրենց ուսումնամարզական հավաքներն անցկացնել հենց Ծաղկաձորում: Լրագրողներն Ա. Գեւորգյանից հետաքրքրվել են, թե հատկապես ո՞ր մարզադահլիճում է անցկացվելու սեպտեմբերի 6-ի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: Ի պատասխան՝ նա ասել է, որ թեեւ դեռ վերջնականապես որոշված չէ, բայց «Հրազդան» մարզադաշտը վերանորոգվում է եւ, ամենայն հավանականությամբ, հանդիպումը կլինի այնտեղ: