Ճապոնական Կիոտո քաղաքում գումարված ժողովում «Մեծ ութնյակի» երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի արտգործնախարարները Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել են խաղաղ ճանապարհով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ մասին ասված է ժողովը նախագահող Ճապոնիայի արտգործնախարար Մասահիկո Կոմուրայի հայտարարությունում: «Մեծ ութնյակի արտգործնախարարներն իրենց զորակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության շուտափույթ կարգավորմանը: Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավոր են զսպվածություն դրսեւորել եւ ձեռնարկել համաձայնության կայացմանն ուղղված լուրջ քայլեր»,- ասված է հայտարարությունում: Նշենք, սակայն, որ, ինչպես հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարարի մամլո խոսնակ Կաձուո Կոդաման, «Մեծ ութնյակի» երկրների արտգործնախարարների ժողովում ԼՂ հակամարտության «լայն քննարկում չի եղել»: