Հայաստանի Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեկ պնդել է, որ հետընտրական զարգացումների ընթացքում Ազգային ժողովի պատգամավորներին (Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին եւ Սասուն Միքայելյանին) «կալանավորելու համար բավարար պայմաններ եւ հիմքեր եղել են»: «ԱԺ-ի պատգամավորները մեղադրվում են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ: Նրանք մեղադրվում են նախապես համաձայնությամբ հանցագործություն կատարելու մեջ»,- ասել է նա` ի պատասխան դիտարկմանը, թե ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտն այս ամիս ավելի վաղ Երեւանում ասել էր, որ եթե պատգամավորներին ձերբակալելու ապացույցները հիմնավոր են, ապա ինչո՞ւ գործը դատարան չի ուղարկվում՝ հավելելով. «Կարճ, հապճեպ ժամկետում նման գործի քննությունը եւ՛ ուղղակի հնարավոր չէ, եւ՛ չի կարող լինել բազմակողմանի եւ օբյեկտիվ»: Հարցին, թե բացահայտվե՞լ է արդյոք որեւէ ոստիկան կամ ուժային կառույցի որեւէ ծառայող, ում մեղքով կամ ում գործած սխալի արդյունքում մարդ է սպանվել, Հարությունյանը պատասխանել է. «Կոնկրետ չկան նման անձինք, ովքեր կա՛մ դիտավորությամբ, կա՛մ անզգուշությամբ, կա՛մ թեկուզ օրինաչափ գործողությամբ մահ պատճառած լինեն: Բայց այդ ուղղությամբ առաջին իսկ օրվանից քննություն տարվել է, տարվում է, եւ նախաքննական մարմնի առաջնահերթ նպատակներից մեկն էլ դա է` պարզել մահվան դեպքերի բոլոր հանգամանքները»: Իսկ հարցին, թե հարցաքննվե՞լ են, կամ հարցաքննվելո՞ւ են ընդդիմության առաջնորդները, Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչը պատասխանել է. «Նրանք դեռեւս չեն հարցաքննվել… Նախաքննությունը կատարվում է որոշակի հաստատված տակտիկայով: Որոշակի պլանի շրջանակներում կորոշվի նրանց հարցաքննության հարցը եւ նրանց գործողություններին գնահատական տալու կամ չտալու խնդիրը»: