Վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ հասել է ամենացածր մակարդակի: Հինգշաբթի օրը եվրոպական ֆինանսական շուկայում 1 եվրոյի գինը կազմել է 1,5732 դոլար: Ամերիկյան արժույթից ներդրողների արտահոսքը պայմանավորված է շուկայում ամրապնդված այն կարծիքով, որ ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգը (Կենտրոնական բանկը) օգոստոսին հազիվ թե բարձրացնի դոլարի գծով բանկային տոկոսադրույքը: Միաժամանակ ֆինանսական շուկայի օպերատորները գտնում են, որ Եվրոպայի կենտրոնական բանկը հուլիսի 3-ին 0,25 կետով կբարձրացնի եվրոյի գծով բանկային տոկոսադրույքը, ինչը պայմանավորված է եվրոյի գոտում գնաճի ուժեղացման նշաններով: