Պահանջներն ուժի մեջ են` անկախ ԵԽ ԽՎ-ից

29/06/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Եթե մինչեւ հուլիսի 4-ն ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, ապա հուլիսի 4-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես կգա իշխանությունների հետ երկխոսություն սկսելու ծրագրով ու առաջարկներով, որոնք ուղղված կլինեն խորը քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը:

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարեց Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը` նշելով, որ իրենք ցանկանում են թուլացնել հասարակության մեջ տիրող լարվածությունը, առճակատումից անցնել համագործակցության մթնոլորտի: «Այսօր կա լուրջ հնարավորություն երկրում իրավիճակը շտկելու, եւ առաջարկում ենք իշխանություններին՝ օգտվել այդ հնարավորությունից: Ցավոք, այսօր լարվածությունը ստեղծում են հենց իշխանությունները, ինչի ապացույցն է այն, որ մեր հուլիսի 4-ի հայտին քաղաքապետարանը պատասխանեց արգելման որոշումով: Այն որեւէ իրավական ուժ չունի, քանի որ, համաձայն 12-րդ հոդվածի 8-րդ կետի, եթե լիազոր մարմինը 72 ժամվա ընթացքում չի ընդունում արգելման մասին որոշում, ուրեմն կազմակերպիչներն իրավունք ունեն անցկացնել հայտի սահմաններում նշված հանրահավաքը»,- ասաց նա: Անդրադառնալով ԵԽ ԽՎ ընդունած 1620 բանաձեւին` Լ. Զուրաբյանը նշեց, որ դրանում կան թե՛ դրական, թե՛ բացասական զարգացումներ: «Հայաստանի իշխանությունների աճպարարությունն ու նրանց ներկայացրած զեկույցը 1609 բանաձեւի կատարման մասին, ըստ էության, տապալվեցին, պահանջների կատարումը համարվեց անբավարար, ինչը թույլ տվեց ընդգրկել հարցը ԵԽ ԽՎ նստաշրջանի օրակարգում»,- հայտարարեց նա: Այնուամենայնիվ, ըստ Լ. Զուրաբյանի, շնորհիվ նոր՝ 1620 բանաձեւի` Հայաստանի իշխանությունների գործողությունները կշարունակեն մնալ ԵԽ ԽՎ վերահսկողության ներքո: Բացի այդ, Լ. Զուրաբյանը դրական է գնահատում, որ 1620 բանաձեւում ներկայացվել են նաեւ նոր պահանջներ, որոնք կօգնեն ժողովրդավարական ազատությունների վերականգնմանը: «Ողջունում ենք «Ա1+»-ի համար այս անգամ բաց, արդար ու հրապարակային մրցույթ անցկացնելու պահանջի ընդգրկումը փաստաթղթում, քաղբանտարկյալների մասին ավելի հստակ պահանջները: Ողջունելի է այն ձեւակերպումը, որ իշխանությունները չպետք է անհարկի սահմանափակումներ պարտադրեն ընդդիմության հանրահավաքներին` հատկապես հանրահավաքի տեղի ընտրության հարցում»,- ասաց նա: Իսկ խոսելով բանաձեւի բացասական կողմերի մասին, Լ. Զուրաբյանը հայտարարեց. «ԵԽ-ն ապացուցեց իր անկարողությունը Հայաստանի իշխանություններին պարտադրելու 1609 բանաձեւի պահանջների կատարումը նշված ժամկետներում, ինչը հետեւանք է այս հարցում եվրոպական խորհրդի ցուցաբերած անվճռականության ու անսկզբունքայնության»: Ըստ նրա` նման արդյունքի անմիջական պատասխանատվությունը կրում են ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն: «Քաղբանտարկյալների բանտում անցկացրած ամեն նոր օրը մնալու է նրանց խղճին: Որեւէ քննադատության չի դիմանում նաեւ ԱԺ` մարտի 1-ի հանձնաժողովի կազմավորման պահանջի կատարման վերաբերյալ բանաձեւի գնահատականը: Մենք չենք ընդունում հանձնաժողովի անկախությունը, վստահելիությունը ու հրապարակայնությունը գնահատելուց հրաժարվելն այն պատճառաբանությամբ, որ հանձնաժողովը ստեղծվել է միայն վերջին պահին: Հետաքննական մարմնի ստեղծման ուշացման մեղավորն իշխանություններն էին եւ այդ միտումնավոր ուշացումը պետք է կոշտ գնահատական ստանար ԵԽ ԽՎ-ի կողմից, ինչը չի արվել»,- ասաց նա:

Խոսելով ԵԽ ԽՎ ընդունած նոր բանաձեւի կարեւորության եւ նշանակության մասին` Լ. Զուրաբյանը նշեց, որ թեեւ ԵԽ ԽՎ-ի գործունեությունը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ, սակայն չի կարող լինել վճռական: Ըստ նրա` ի վերջո, ազատությունն իր համար նվաճում է ինքը` ժողովուրդը: «Ես ելքը չեմ կապում Եվրախորհրդի հետ: Սա մեր ներքին հարցն է, բայց այլ հարց է այն, որ Եվրախորհրդին դիմելը «տղա բերելու» նման բան է գնահատվում: Այդ կառույցին Հայաստանն անդամակցում է, դա մեր կառույցն է, նրանց պահանջները մեր պահանջներն են: Եթե մենք համաձայն չենք այդ պահանջներին, պետք է դուրս գանք այդ կառույցից: Եվրոպայի խորհրդի պահանջներին ենթարկվելն ամոթ չէ, եթե, իհարկե, դա չի վերաբերում Ղարաբաղի հարցին»,- ասաց նա` ավելացնելով, որ այնուամենայնիվ պետք չէ ընդդիմության գործունեությունը կապել ԵԽ ԽՎ բանաձեւում նշված ժամկետների հետ: «Մենք ունենք պահանջներ, ու դրանք դնելու ենք` անկախ նրանից` դա դրե՞լ է Եվրոպայի խորհուրդը, թե՞ ոչ: Եվրոպայի խորհուրդը կօգնի մեզ՝ լավ, չի օգնի՝ մենք մեր գործը շարունակելու ենք ու միգուցե ավելի հաջող կերպով, քան իրենց օգնելու դեպքում»,- ասաց նա: