Սահմանադրական բարեփոխումների գործընթացն արդեն վճռական փուլ է մտել,
սակայն հայաստանյան թե՛ խորհրդարանական եւ թե՛ արտախորհրդարանական
ընդդիմությունը մի տեսակ պասիվ կեցվածք են ընդունել այս ամենի նկատմամբ`
բավարարվելով միայն նշելով, որ շրջանառության մեջ եղած եւ ԱԺ կողմից
առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրական բարեփոխումների կոալիցիայի
առաջարկած նախագիծն ավելի շուտ Սահմանադրության «չարափոխումների» տարբերակ
է եւ չի բխում մեր երկրի շահերից: Խորհրդարանական ընդդիմությունը
սահմանադրական բարեփոխումներին իր չմասնակցելը բացատրում է նրանով, որ
ժամանակին իրենք հանդես էին եկել կոնկրետ առաջարկություններով, որոնք
կոալիցիան մերժել է, ուստի իրենք անիմաստ են համարում մասնակցել նման
քննարկումների: Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության (ՀԱԱԿ)
նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էլ կարծում է, որ պետք է ընդունել, որ
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրական փոփոխությունների
նախագիծը կոալիցիայի տարբերակը չէ, այլ` Հանրապետության նախագահի:
ՀԱԱԿ-ում կարծում են, որ այսօրվա իշխանությունները, որոնք ունեն
լեգիտիմության լուրջ խնդիրներ, իրավունք չունեն երկրի թիվ մեկ օրենքի մեջ
փոփոխություն կատարել կամ ընդունել նոր Սահմանադրություն: Ըստ ՀԱԱԿ-ի,
նման գործընթացների համար անհրաժեշտ է հասարակության համախմբում, սակայն
այսօրվա իրականությունն այն է, որ հասարակությունը պառակտված է,
հասարակություն-իշխանություն անջրպետ կա: Հ. Հովհաննիսյանը կարծում է, որ
«հասարակությունն անպայման կմերժի սահմանադրական փոփոխությունների այն
տարբերակը, որը նախագահ Քոչարյանը ներկայացնում է հանրաքվեի»: Դրա համար,
ըստ նրա, երկու պատճառ կա. առաջին` փոփոխությունները չեն արտահայտում այն
դրույթները եւ այն ճանապարհն ու մոտեցումները, որոնք ընդունում է մեր
հասարակությունը, երկրորդ` այս իշխանությունները թե՛ բարոյական, թե՛
իրավական հիմքեր եւ իրավունք չունեն երկրում սահմանադրական բարեփոխումներ
անել, որովհետեւ գործող Սահմանադրությունը նրանք ոչ մի անգամ չեն հարգել,
ոչ մի անգամ նրանք գործող Սահմանադրությամբ չեն առաջնորդվել, «եւ հիմա՝
առավելեւս փոխել, այլ Սահմանադրություն դնել, առնվազն ծիծաղելի է: Դա
կարող են անել այն իշխանությունները, որոնք գործող Սահմանադրությունը
հարգում են եւ ուզում են բարեփոխել»: Պրն Հովհաննիսյանի համոզմամբ՝ այս
իշխանությունների համար Սահմանադրությունն ուղղակի մի թուղթ կամ մի
գրքույկ է, որը պետք եկած ժամանակ հանում են եւ փորձում իրենց արածները
դրանով շղարշել: Նա այն կարծիքին է, որ հասարակությունը եւ բոլոր
քաղաքական ուժերը, որոնց համար թանկ է մեր երկրի ապագան, որոնց համար թանկ
է ժողովրդավարությունը, պետք է չընդունեն, բոյկոտեն նոր
Սահմանադրությունը, որը հանրապետության նախագահը պատրաստվում է դնել
հանրաքվեի: Իսկ գուցե ասելով, որ ներկայացված տարբերակը վատն է, բայց
չփորձելով որեւէ կերպ բարելավել այդ վատ նախագիծը, ընդդիմությունն
առաջնորդվում է «որքան վատ, այնքան լավ» սկզբունքո՞վ, եւ հույս ունի, որ
ինչքան վատը լինի նախագիծը, այնքան մեծ կլինի հասարակության
դժգոհությունը, որն էլ կմեծացնի իշխանության գալու իրենց շանսերը: Պրն
Հովհաննիսյանն այդպես չի կարծում: Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ մեր երկրում
շատ վաղուց երկխոսության ինստիտուտ գոյություն չունի: Շատ վաղուց մեր
երկրում իշխանություն-ընդդիմություն երկխոսություն ընդհանրապես չկա: «Եվ
ընդդիմությունն այդ հարցում շատ ճիշտ է, որովհետեւ ոչ թե միայն
սահմանադրական բարեփոխումների, այլեւ շատ էլեմենտար հարցերի շուրջ
իշխանությունները ոչ մի անգամ երկխոսության չեն գնում ընդդիմության հետ,
այսինքն` ընդդիմությունը շատ ճիշտ է, որովհետեւ նա հասկանում է, որ ԱԺ-ի
այդ բիրտ մեծամասնությունը մտածելու ոչ մի հնարավորություն չունի: Նրանք
ուղղակի կատարում են հանձնարարություն, այսինքն` նրանք ուղղակի դակում
են»,- վստահ է ՀԱԱԿ ղեկավարը: Վերջինս նաեւ ավելացնում է, որ երկրում
բացակայում է հանդուրժողականության եւ երկխոսության մթնոլորտը, եւ
ընդդիմության համար այս գործընթացը բոյկոտելը վերջին ճանապարհն է: «Գործող
նախագահն արդեն մեկ անգամ նման նախագիծ հանրաքվեի է դրել, եւ այն ձախողվել
է, ինչը նշանակում է, որ հասարակությունը տվյալ վարչակարգին,
իշխանություններին, նախագահին անվստահություն է հայտնել»,- պնդում է Հ.
Հովհաննիսյանը: Նա կարծում է նաեւ, որ եթե հանրաքվեն երկրորդ անգամ էլ
տապալվի, ապա հանրապետության նախագահը պարտավոր է հրաժարական տալ, իսկ եթե
իշխանություններին հաջողվի նախագիծն անցկացնել, ապա հասարակությունն իր
խոսքը կասի: