Խե՜ղճ Յորիկ

29/06/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Պետությո՛ւն, դու ազնի՞վ ես քո քաղաքացիների հանդեպ, դու նրանցից կաշառք վերցնո՞ւմ ես: Պատասխան ստանալն այս դեպքում անհնար է, քանի որ անցել են Լյուդովիկոս 14-րդի ժամանակները, երբ երկրի ղեկավարը կարող էր ասել. «Պետությունը ես եմ», հետեւաբար` պետության հետ խնդիրներ ունենալու դեպքում գոնե կոնկրետ հասցեատեր կար:

Օրերս վարչապետի բարձրացրած տագնապը, թե Հայաստանում ամեն աղետից ավելի վտանգավոր է կոռուպցիան, չափազանց ուշացած է: Պետական ամբողջ ապարատը կոռումպացված է: Պետությունը, առանց խտրականության, իր քաղաքացիներից վերցնում է հնարավորը, իր ծառայողների միջոցով ավելորդ չի համարում թոշակառու, հաշմանդամ քաղաքացիներից կորզել անգամ 100 դրամ:

Մինչ նախագահական ընտրությունները, երբ թոշակը 40 տոկոսով չէր բարձրացել, թոշակ բաժանող տարեց կանայք ու տղամարդիկ, առանց թոշակառուին զգուշացնելու, պահում էին 100 դրամ ու թոշակի պոչի թիվը` 50, 60 դրամ: Թոշակի բարձրացումից հետո ալեհեր այդ ծառայողները վերցնում են արդեն նույն պոչը` պլյուս 200 դրամ: Մանրուք է, թվում է, սակայն բազմապատկեք այդ մանրուքը թոշակառուների եւ հաշմանդամների թվով, եւ կտեսնեք, որ պետության համար կարեւոր է անգամ հաշմանդամ երեխայի թոշակի այդ 200 դրամը: Փորձիր թոշակ բաժանողներից հետաքրքրվել` իսկ Կենսաթոշակային հիմնադրամի ղեկավարները գիտե՞ն այդ պահումների մասին: Պատասխանը պերճախոս լռությունն է, տարուբերվող գլուխը` իբր, մենք խեղճ մարդիկ ենք, այդ գումարը մտնում է հենց նրա՛նց գրպանը: Հասկանալի է, որ եթե պետության համար ամոթալի չէ աչք դնել 80-ամյա ծերունու հարյուր դրամի վրա, ապա իր ավելի երիտասարդ ու հարուստ քաղաքացիներից կլոր գումար կորզելը նրա համար արդեն պատվի հարց է:

Վարչապետը նկատում է, թե առնվազն 200.000 մարդ կա, ով ցանկանում է աշխատել որպես հարկային տեսուչ, եւ, որ ցանկացողների շարժառիթն ամենեւին պետությանն ազնիվ ծառայելը չէ: Ենթադրում ենք, որ հարգարժան վարչապետը գիտի նաեւ, թե յուրաքանչյուր նախարարի աթոռի հավակնորդների թիվը եթե 200.000 չէ, առնվազն 200 է: Եվ այն, որ այս թիվը ոչ թե 200.000 է, այլ 200, պայմանավորված է նրանով, որ, համաձայն լուրերի, նախարարի պորտֆելը շատ, շա՜տ թանկ է եւ ոչ բոլորին հասանելի: Վարչապետի պաշտոնի հավակնորդներն ավելի քիչ են` գուցե 50-60 հոգի: Մի քիչ պակաս էլ նախագահի հավակնորդներն են: Եվ, պատկերացրեք, որ ցանկացողների հիմնական մասի առաջնային նպատակն ամենեւին պետությանը բարեխիղճ ծառայելը չէ: Նրանք, ովքեր կարծում են, թե սա լրագրողական էժան հնարք է` վարկաբեկելու իշխանություններին կամ պետական բարձրաստիճան ծառայողներին, կարող են համեմատել պետության բարձրաստիճան ղեկավարների աշխատավարձն ու ծախսերը: Ընդ որում, ծախսերի նման շռայլության շարժիչ ուժը քաղքենիությունն է:

Հիմա` հրապարակայնորեն վարչապետը հայտարարեց, թե մահացածին հուղարկավորելու, այսինքն` հողին հանձնելու համար հանգուցյալի որդուց պահանջել են 2000 դոլար: Ընդ որում, նշեց վարչապետը, ցինիզմն այն աստիճանի է հասել, որ բնավ հաշվի չի առնվել այն գործոնը, որ շախմատիստն այդ տեղեկությունը կարող էր փոխանցել Շախմատի ֆեդերացիայի նախագահ, համատեղությամբ` երկրի նախագահ Սերժ Սարգսյանին եւ ֆեդերացիայի փոխնախագահ, համատեղությամբ` երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վստահ ենք, որ Թաղման բյուրոյի կամ քաղաքապետարանի աշխատակիցը բնա՛վ չի մտահոգվել, որ լուրը կհասնի երկրի նախագահին: Նա, առանց անհանգստանալու` կատարել է այն, ինչ արել է տարիներ շարունակ: Նա գիտի, որ այդ 2000 դոլարի փոքրիկ մասն է իրենը: Եվ այդքանով արդեն իր անվտանգությունը երաշխավորված է: Եթե երկրի նախագահը (տեսականորեն) չգիտի, որ գերեզմանի տարածք վաճառելը եւ Հյուսիսային պողոտայում տարածք վաճառելը նույնքան շահավետ գործ է, ապա դա գիտի գոնե քաղաքապետը: Եթե գիտի քաղաքապետը, գիտի գլխավոր դատախազը: Եվ գիտեն բոլոր նրանք, ում դռանը, վաղ թե ուշ, չոքում է ուղտը կամ ում հարազատի դուռը թակում է Գաբրիել հրեշտակապետը (ի դեպ, արձանագրենք. բոլորիս կյանքում մահն այն եզակի իրադարձությունն է, որն անգամ Հայաստանում կատարվում է առանց կաշառքի): Այնպես որ, նման անկեղծությունները, որքան էլ բարձրաստիճան ղեկավարի շուրթերից հնչեն, միեւնույն է, հարցի լուծում չեն անգամ PR առումով: Ա՛յ, եթե առանց վարչապետի նախաբանի` հանրությանը հրամցվեր օպերատիվ տեսագրություն, թե այսինչ գերեզմանափորը, Թաղման բյուրոյի աշխատակիցը կամ Երեւանի քաղաքապետը ձերբակալվել են` ապօրինաբար հող վաճառելու, հանգուցյալի հարազատից գերեզմանի տարածքի համար կաշառք պահանջելու կամ վերցնելու մեղադրանքով, այդ ժամանակ խոսքերի անհրաժեշտություն էլ չէր լինի:

Առհասարակ, չհաշված մեր ազգի հակումները` հաճույք ստանալ իր նմանից կաշառք վերցնելուց, խնդիրը կաշառքով լուծելուց, շնորհակալություն հայտնելուց եւ նման `սեփական անձը նսեմացնող այլ գործողություններից, պետությունը ոչ թե իր չինովնիկությունից կամ քաղաքացիներից պետք է պահանջի` կաշառք չտալ կամ չվերցնել, այլ ինքը պարտավոր է այնպես գրագետ կարգավորել փոխհարաբերությունները, որ կաշառքի անհրաժեշտություն չլինի: Հայաստանում պետության դերն այնքան է նվազեցված, այնքան է այս պետությունն` իր ինստիտուտներով, խանգարում յուրաքանչյուրին` առանձին-առանձին եւ միասին վերցրած, որ յուրաքանչյուրի կյանքում պետությունն ընկալվում է որպես մարդկանց բարեկեցության ու արժանապատվության հիմնական խոչընդոտը: Այն հարաբերությունը, որի կարգավորումը ստանձնել է պետությունը` օրենքներով կամ որոշումներով, ձեռնտու չեն ո՛չ չինովնիկի, ո՛չ նրա հետ գործնական փոխհարաբերության մեջ մտած քաղաքացու համար: Ահա եւ վրա է հասնում բաղձալի կաշառքը, որը երկու կողմին էլ ազատում է պետության հետ գործ ունենալու տհաճությունից:

Հակառակ դեպքում, կաշառակերության կամ կաշառատվության դեպքերը կծաղկեին նաեւ մասնավոր սեկտորում: Իսկ այնտեղ փոխհարաբերությունների մակարդակն ու ազնվության աստիճանը մի քանի անգամ բարձր են:

Այնպես որ, վարչապետը եւ կառավարության նիստի տառացիորեն բոլոր մասնակիցները գիտեն, թե ով` ինչպես է նշանակվել աշխատանքի, ինչ փոխհարաբերությունների մեջ են իրենց ենթակաների եւ անմիջական ղեկավարների հետ, ո՛ր օղակում է առավել հեշտ ու անվտանգ կաշառք վերցնել: Եվ բոլորն իրենց անվտանգ ու ապահով են զգում, քանի որ չկա լոկալ կաշառակերություն, կա կոռուպցիա, ուր ներգրավված են պետական բոլոր բարձրաստիճան ծառայողները: Այնպես որ, քանի դեռ, ինչպես մի անգամ Վրաստանում եղավ, կառավարության նիստի ժամանակ դիմակավոր, մկանուտ տղաները տասը-տասնհինգ չինովնիկի ձեռքերը ոլորած` բազմաթիվ տեսախցիկների առաջ, դուրս չբերեն Նիստերի դահլիճից, միջին օղակի կաշառակերների մասին ցասումնալից ելույթներին, ինչպես Ստանիսլավսկին կասեր, չենք հավատում:

Իսկ տխուր ծառայություններում աշխատող եւ գերեզմանի հողը թանկ վաճառող մարդիկ գուցե այնքան էլ մեղավոր չեն, երբ կարեւորում են գերեզմանահողի յուրաքանչյուր սանտիմետրի արժեքը: Նրանց ծառայությունը գուցեեւ թանկ է, սակայն քաղաքի էլիտար թաղամասերն ու շենքերը մի օր լքել ստիպված են լինելու բոլորը, իսկ գերեզմանատանը ձեռք բերված հողն անհամեմատ երկար, հետեւաբար եւ՝ արժեքավոր բնակավայր է: