Քաղաքապետը չի՞ մսխում բյուջեի փողերը

29/06/2008

Մեր թերթի մայիսի 29-30-ի 53-րդ համարում տպագրված, www.hetq.am էլեկտրոնային թերթի` «Քաղաքապետը մսխում է բյուջեի փողերը» վերնագրով հրապարակման կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով հոդվածում բարձրացված հարցերն ուսումնասիրվել են ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից: Երեկ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից մեզ են ուղարկել ուսումնասիրության մասին պատմող հրապարակումը, որը ներկայացնում ենք ստորեւ` առայժմ առանց մեկնաբանության:

«168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր
Սաթենիկ Սեյրանյանին

Ձեր թերթի ս.թ. մայիսի 29-30-ի 53-րդ համարում տպագրված, www.hetq.am լրատվամիջոցի տարածած «Քաղաքապետը մսխում է բյուջեի փողերը» վերնագրով հրապարակման կապակցությամբ, հայտնում ենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի համաձայն` Լարիսա Փարեմուզյանի հոդվածում բարձրացված հարցերն ուսումնասիրվել են ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից:

ՀՀ Լոռու մարզի Ալավերդու քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության աշխատանքներին մասնակցել են նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության մասնագետները: Ուսումնասիրության վերաբերյալ տեղեկացվել է համայնքի ավագանին, լսվել է նաեւ համայնքային բյուջեի ծախսերի նկատմամբ հսկողություն իրականացնող ավագանու անդամների կարծիքը` ավագանու արտահերթ նիստում:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հրապարակվել են բազմաթիվ անճշտություններով փաստեր:

Մասնավորապես, Ալավերդու համայնքի նոր գերեզմանատան կառուցապատման եւ բարեկարգման խնդրի վերաբերյալ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ համայնքի նոր գերեզմանոց կառուցելու եւ բարեկարգելու հրատապ խնդիրը պայմանավորված է եղել քաղաքի հին գերեզմանոցում հուղարկավորության համար ազատ տարածքների բացակայությամբ, որի հետեւանքով վերջին ժամանակաշրջանում հուղարկավորությունները կատարվել են հին գերեզմանոցին հարող կենտրոնական ճանապարհի եզրերին:

Գերեզմանատան անհրաժեշտությունից ելնելով, համայնքի ավագանին որոշում է կայացրել կառուցապատել եւ բարեկարգել նոր գերեզմանոց, որի համար մրցութային կարգով Հաղպատի համայնքից 20 մլն դրամով գնել է 5,8 հա հողատարածք, նկատի ունենալով, որ «Մադան» թաղամասի հողատարածքի ռելիեֆային պայմանների հետեւանքով այն նպատակահարմար չէ գերեզմանատուն օգտագործելու համար: Նշված 20 մլն դրամը քաղաքապետարանը ձեռք է բերել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը նախկինում սպասարկման համար հատկացված հողամասից 2,4491 հա հողամասն օտարելու դիմաց: Ինչպես Հաղպատի համայնքից 5,8 հա հողատարածքի ձեռք բերման, այնպես էլ այդ ընկերությանը 20 մլն դրամով հողատարածք օտարելու գործընթացներն իրականացվել են ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու ստորաբաժանման տեղեկանքի համաձայն, «Մադան» թաղամասից «Էյ-Սի-Փի» ընկերությանը ոչ մի հողատարածք չի վաճառվել, ինչպես պնդում է հոդվածագիրը: Նոր գերեզմանատան կառուցապատման եւ բարեկարգման մրցույթում հաղթող ճանաչված «Բազմաշող» ՍՊԸ-ն` Ալավերդու քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն, հիշյալ տարածքում, ըստ կատարողականի, իրականացրել է 41 մլն 800 հազար դրամի աշխատանքներ (ներառյալ ԱԱՀ-ն, շահույթը եւ վերադիր ծախսերը), այդ թվում` 9 մլն 643.5 հազար դրամ արժողությամբ շինություն` արարողակարգային ծառայությունների մատուցման համար, 13,8 մլն դրամի ասֆալտապատում եւ 18,4 մլն դրամի ցանկապատում: Այսինքն` նախատեսված գումարից հազիվ 13 մլն դրամը ծախսված լինելու մասին հոդվածագրի պնդումը իրականությանը չի համապատասխանում: Միաժամանակ, փաստացի կատարողականի ստուգմամբ հայտնաբերվել են որոշակի աշխատանքների անհամապատասխանություններ (շուրջ 150մ երկարության ցանկապատի հիմքեր, շենքի ճակատների անորակ սվաղ): Այն կազմում է ընդամենը 2,6 մլն դրամ: Ալավերդու քաղաքապետարանին առաջարկվել է սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկել` «Բազմաշող» ընկերության հետ լուծելու նշված գումարի շրջանակներում լրացուցիչ շինարարական աշխատանքների իրականացման հարցը, կամ գումարը ՀՀ պետական բյուջե վերադարձնելու ուղղությամբ:

Սանահին թաղամասի եկեղեցու հարեւանությամբ հասարակական զուգարանի վրա ծախսված գումարի եւ զուգարանի վիճակի հետ կապված հոդվածագրի փաստերի կապակցությամբ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրա կառուցման համար համայնքի ավագանու որոշմամբ նախատեսվել եւ փաստացի ծախսվել է 4,8 մլն դրամ (հրապարակման մեջ նշված է 7 մլն դրամ), որի ստուգման արդյունքներով աշխատանքների անհամապատասխանություններ չեն արձանագրվել: Ընդ որում` նախագծա-նախահաշվային փաստաթղթերով նախատեսվել եւ կառուցվել է սեպտիկ հոր` կոյուղաջրերի հեռացման համար, իսկ զուգարանն ապահովված է մշտական ջրով:

Արձանագրվել է, որ նոր գերեզմանոցի հողատարածքը, արարողակարգային ծառայությունների մատուցման համար կառուցված շինությունը, Սանահին թաղամասում կառուցված հասարակական զուգարանը հաշվառված են քաղաքապետարանի հաշվեկշռում: Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է նաեւ, որ վերոհիշյալ աշխատանքների կատարման նպատակով հատկացված բյուջետային գումարների ծախսերի նկատմամբ մշտական հսկողություն է իրականացվել Ալավերդու համայնքի ավագանու կողմից: