«Ամեն ինչ անելու ենք միայնակ»

29/06/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Առաջին անգամ է, որ քաղաքական հայացքների համար Հայաստանում այսքան մեծ քանակով մարդկանց են ձերբակալել»,- երեկ Կոնգրես հյուրանոցում ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքի ու Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների վիճակի մասին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հրավիրած քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նշելով, որ ԵԽ ԽՎ-ն 3 օր առաջ ընդունած 1620 բանաձեւում ողջունում է ՀՀ իշխանությունների այն գործունեությունը, որ ազատ են արձակվել նրանք, ովքեր կալանավորվել են առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով ու անձամբ չեն կատարել որեւէ բռնի գործողություն, Ա. Սաքունցը հիշեց ՀՀ Գլխավոր դատախազության հունիսի 23-ին տարածած հաղորդագրությունը: Վերջինում նշված էր, թե ազատ են արձակվել 64 մեղադրյալներ, սակայն, ըստ Սաքունցի` նշված չէր, որ ընդամենը 4-ն են արդարացվել: «Այդ 64 մեղադրյալներն ազատ են արձակվել կամ «իրավիճակի փոփոխության», կամ «գործուն զղջման» հիմքերով»,- ասաց Ա. Սաքունցը` ավելացնելով, որ վերջին շրջանում դատավարություններին կամ վկաները չեն ներկայանում, կամ էլ հրաժարվում են կրկնել նախաքննության շրջանում տված ցուցմունքները: Շատ դեպքերում որպես վկա հանդես են գալիս ոստիկանները: Իսկ վերջին հանգամանքը կասկածի տեղիք էր տվել նույնիսկ Հայաստանի նկատմամբ բավականին «բարի» տրամադրված ԵԽ ԽՎ-ին: Փաստաբան Հրայր Ղուկասյանն էլ նշեց, որ այս իրավիճակը պատեհ առիթ է Հայաստանում դատական համակարգի նկատմամբ գոյություն ունեցող անվստահությունը փոխելու համար: Փաստաբանի խոսքերով, դատական ատյանները, որպես կանոն, հաստատում են Դատախազության մեղադրանքներն ու բավարարում նրանց միջնորդությունները: Եվ այնպես է ստացվել, որ Դատախազություն-դատարան հարաբերության մեջ ծանրության կենտրոնը Դատախազությունն է: Ա. Ղուկասյանը նաեւ համոզված է, որ խնդիրը մեր երկրի դատական օրենսդրության մեջ չէ: «Հիմնական խնդիրը մնում է այդ օրենքները կիրառելու ընթացքում, եւ բանաձեւի հիմնական դրույթներից մեկն էլ այն է, որ դատարանները քննադատությամբ չեն մոտենում Դատախազությանը: Սա լուրջ խնդիր է»,- եզրակացրեց Հ. Ղազարյանը:

Մարտի 1-20-ն ընկած ժամանակահատվածում, արտակարգ իրավիճակի պայմաններում, լրատվական դաշտում տեղի ունեցած խախտումներին անդրադարձավ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Այդ խախտումները հիշատակվել են Սահմանադրական դատարանի որոշման եւ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում: Թեեւ արտակարգ իրավիճակը վերաբերում էր միայն Երեւանին, սակայն գործնականում այն կիրառվեց ամբողջ Հայաստանում: Բ. Նավասարդյանն ընդգծեց, որ արտակարգ իրավիճակի ռեժիմում խախտումներով աշխատող լրատվամիջոցները պատասխանատվության չեն ենթարկվել: Նրա կարծիքով, լրատվական դաշտը կարգավորելու համար առաջին հերթին անհրաժեշտ են օրենսդրական բարեփոխումներ: Բանախոսը կրկնեց իր առաջարկը, թե բարեփոխումների համար Հանրային հեռուստառադիոխորհրդի ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովների անդամները պետք է հրաժարական տան: «Այդ առաջարկությունը մենք չենք դիտարկում որպես իրենց աշխատանքի գնահատական, որպես պատիժ, դա մենք դիտարկում ենք որպես ներդրում բարեփոխումների մեջ: Չի բացառվում, որ նրանք նորից առաջադրվեն եւ ընտրվեն»,- ասաց Բ. Նավասարդյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարել էր, թե ՀՀ իշխանությունները բարեփոխումներ անելու են իր հետ միասին: Բ. Նավասարդյանն անդրադարձավ նաեւ «Ա1+» հեռուստաընկերության խնդրին: «Մենք շատ լավ հասկանում ենք, որ «Ա1+»-ի հարցում գործնական լուծում գտնելը շատ դժվար է, եւ որպես առաջին քայլ՝ առաջարկում ենք քննարկում կազմակերպել անկախ փորձագետների հետ եւ հարցում կատարել` արդյոք ՀՀ-ում չկա՞ն ազատ հաճախականություններ, կամ որոշակի պետական ներդրումների միջոցով այդ հաճակախանությունները չի՞ կարելի դնել մրցույթի»,- նշեց պարոն Նավասարդյանը: «ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը լկտիաբար ամեն ինչ արեց, որ «Ա1+»-ին վերաբերող կետն այնպես փոխվի, որ հեռուստաընկերությունը չվերաբացվի»,- իր հերթին ավելացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Այս օրերին քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչով էր պայմանավորված Հայաստանի նկատմամբ ԵԽ ԽՎ-ի համեմատաբար մեղմ դիրքորոշումը: Բ. Նավասարդյանն ընդունում է այն պաշտոնական տեսակետը, թե իշխանությունների մոտ այդ բանաձեւը կատարելու քաղաքական կամքը կար, սակայն ժամանակը չէր բավարարում: Սակայն նա ուներ մեկ այլ վարկած, որի մասին չի խոսվում: «Դուք գիտեք, որ եվրոպական կառույցների կողմից մենք եւ մեր հարեւաններից մեկը (Ադրբեջանը.- Ա.Ա.) դիտվում ենք որպես երկվորյակներ: Բոլոր որոշումները մեր նկատմամբ համալիր ձեւով են ընդունվում: Այդ երկրի նկատմամբ այսօր նույն կարգի որոշում կայացնելու ԵԽ ԽՎ-ն եւ ընդհանրապես եվրոպական կառույցները պատրաստ չեն, որովհետեւ հոկտեմբերին այնտեղ պիտի լինեն ընտրություններ: Եթե մենք այնպիսի բարեփոխումների չգնանք, որոնք համոզեն, որ Հայաստանում շատ խորը պրոցեսներ են գնում, Հայաստանի ճակատագիրը հունվարյան նստաշրջանում կախված կլինի ոչ թե մեզանից, այլ, թե ինչպես են ընթացել ընտրությունները մեր երկվորյակ երկրում: Եվ դա պետք է գիտակցեն բոլորը: Պետք է իրականացնեն այնպիսի բարեփոխումներ, որոնք Հայաստանում կյանքը կփոխեն: Եվ այդ աշխատանքին պիտի մասնակցեն բոլորը: Ուզում եք՝ կոչեք երկխոսություն, համագործակցություն, քննարկումներ, բայց եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը, եւ՛ քաղաքացիական հասարակությունը պիտի ակտիվ մասնակցություն ունենան այդ գործընթացին»,- ասաց Բ. Նավասարդյանն` ավելացնելով, թե այդ երկխոսությունը գոնե լրատվամիջոցների մակարդակով առաջարկում է սկսել հուլիսի 8-ին: Նրա խոսքերով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը ՀՀ-ում լուրջ բարեփոխումներ իրականացնելն է, որի համար 6 ամիս ժամանակը շատ կարճ է: Ս. Սաֆարյանն էլ ավելացրեց, թե մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը չի պատրաստվում բացահայտել ճշմարտությունը: «Ի՞նչ է մնում մեզ անել. ես կարծում եմ, որ ամեն ինչ անելու ենք միայնակ, առանց իշխանության մասնակցության: Ես չեմ կարծում, որ մենք չենք կարող հրավիրել միջազգային փորձագետներ: Մենք պետք է շատ արագ ձեւավորենք այդ հանձնախմբերը եւ աշխատենք փաստերի բացահայտման ուղղությամբ»,- ասաց պատգամավորը: Ինչ վերաբերում է «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, որով նա հրաժարվում է մասնակցել ԵԽ ԽՎ նիստերին, ապա այդ առթիվ Ս. Սաֆարյանն ասաց. «Նրա մասնակցությունը նման «տորգերի» ամենեւին անտեղի է, եւ նման գործընթացներում չպետք է մասնակցություն ունենալ, բայց սա չի նշանակում, որ ընդհանուր առմամբ մեր գործողությունները պետք է լինեն բոյկոտային»։ Նշենք, որ երեկվա քննարկմանը եկել էր նաեւ այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ով հեռացավ քննարկման կեսից` առանց որեւէ կարծիք հայտնելու: