Փոխհատուցմամբ չի վերականգնվում

29/06/2008

«Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ԵԽ ԽՎ 1609 բանաձեւը, քաղաքացիական հասարակության մոտեցումները» թեմայի շրջանակներում երեկ կազմակերպված քննարկման ժամանակ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն ասել է, որ Եվրոպական դատարանի կողմից իբրեւ փոխհատուցում՝ «Ա1+»-ին 20 հազար եվրո տրամադրելու որոշումը չի նշանակում 2002թ.-ին ՀԸ եթերազրկմամբ խախտված իրավունքների վերականգնում: Նա հիշեցրել է, որ «Ա1+»-ն իր իրավունքները փորձել է վերականգնել 12 մրցույթներում եւ չի կարողացել. «Եթե Եվրոպական դատարանում հարցը դրվում է այնպես, որ «Ա1+»-ին եթերազրկելով` խախտվել է խոսքի ազատության իրավունքը, ուստի «Ա1+»-ը պետք է հնարավորություն ստանա մասնակցել արդար մրցույթի: Եթե մրցույթը տեղի ունենա ոչ ազատ հաճախականության վրա, ապա հաճախականությունից կարող է զրկվել մեկ այլ ընկերություն, որն արտոնագիր ունի: Ինչպես գիտեք` արտոնագիր ունեցող հեռուստաընկերությունները արտոնություններ ունեն այն հաճախականությունների նկատմամբ, որն իրենց է պատկանել»: Հիշեցնենք, որ օրերս հրավիրված ասուլիսում «Ա1+»-ի նախագահ Մ. Մովսեսյանն ասել էր, որ իր համար նախընտրելի կլինի, եթե հեռուստաընկերությանն ազատ կապուղի տրվի, ոչ թե իրենք ստիպված լինեն պայքարի մեջ մտնել իրենց գործընկերների հետ: