«Դժբախտություններն իմ մեջ սպանեցին բոլոր հույսերը»,- ասում է Կարենը

29/06/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

46-ամյա Կարենն ապրում է դժբախտությունների շարանը շալակած: Նրա խոսքերն անգույն ու անհոգի են, իսկ դեմքի արտահայտությունը վկայում է, որ կյանքն ավարտվելու է ճիշտ այնպես, ինչպես որ սկսվել ու շարունակվել է: Կյանքում ոչինչ փոխել չկարողանալու անզորությունից` Կարենն անտարբեր է դարձել ամեն ինչի հանդեպ: Նա ինչ-որ մեկի հետ խոսելու, զրուցելու կարիք ունի: Ասում է` «Միշտ իմ մեջ թաքուն հույս է եղել, որ մեր կյանքում հրաշք է լինելու: Բայց էս վերջին տարիների սոցիալական ծայրաստիճան վատ վիճակը, դժբախտություններն իմ մեջ սպանեցին բոլոր տեսակի հույսերը: Էդ նման է, երբ կյանքդ կանգ է առնում, բայց իներցիայով գոյատեւում ես: Մի քանի օր առաջ իմացա, որ իմ գործընկեր Սաքոյենց մասին հոդված եք գրել, ահագին օգնել էին ու ես, իրոք, ապշեցի: Դա ինձ համար շատ զարմանալի էր, որովհետեւ թվում էր, թե մեր երկրում վերացել է գթասիրտ մարդը: Որոշեցի ձեզ դիմել` հույս ունենալով, որ մեզ համար էլ մի հրաշք կլինի»,- գլուխը խոնարհելով՝ ասում է Կարենն, ում խոսքերի տողատակերում հպարտությունը խեղդած մարդուն կարող եք տեսնել: Կարենն ապրում է մանկուց հաշմանդամ եղբոր` Արմենի հետ, ով հաշմանդամ է դարձել զուտ պատահականության կամ բժիշկների անփութության հետեւանքով: 6 ամսական հասակում հարբուխով հիվանդացել է, որի ընթացքում պոլիկլինիկայի բժիշկը դիֆթերիայի դեմ պատվաստում է արել: «Ասում են, որ գրիպի ժամանակ պատվաստում չի կարելի անել: Հետո պարզվեց, որ պատվաստումն ուսանող է արել, որը պրակտիկայի է եղել պոլիկլինիկայում: Դրանից հետո Արմենի մոտ օլիգոֆրենիա հիվանդությունն առաջացավ, բայց ես էդքան էլ չեմ հավատում, որովհետեւ ժամանակ առ ժամանակ նրա մտածելակերպը, խոսքը նորմալ, սթափ է, մանկամտություն չկա»,- պատմում է Կարենն, ով միայնակ խնամում է հիվանդ եղբորը: Արմենի ծնողներն այդ դեպքից հետո պատվաստումն անողին պատասխանատվության չեն ենթարկել` գիտակցելով, որ դրանից Արմենի մտավոր թերությունը, միեւնույն է, չի վերականգնվելու, եւ իրենց այդ քայլից ընդամենը խեղվելու է եւս մեկ ճակատագիր: Կարենն ամեն ինչ անում է եղբորը պաշտպանելու համար, ու հասարակական վատ վերաբերմունքից պաշտպանելու համար՝ նրան մեկուսացրել-փակել է չորս պատերի մեջ: Արմենն ընդհանրապես տանից դուրս չի գալիս, եղբայրը թույլ չի տալիս. «Ճիշտն ասած, երեւի գիտեք, որ կան մարդիկ, որոնք անշնորհք, աննրբանկատ են: Հիվանդ մարդկանց ուրիշ աչքով են նայում, ծաղրում են. դա ինձ վիրավորում է, դրա համար էլ չեմ ուզում դուրս գա: Ամբողջ օրը տանն է, կարտոֆիլով ժարիտ անել գիտի, սուրճ պատրաստել գիտի, դա է անում, մեկ էլ մշտապես հեռուստացույց է նայում: Հեռուստացույցն էլ էն հնադարյաններից է, մեկ ցույց է տալիս, մեկ էլ` ոչ, դրանից շատ է նյարդայնանում: Նրա կյանքը, աշխարհը հեռուստացույցն է: Ես էլ ի վիճակի չեմ նորը գնել»: Արմենը խորիմաստ ժպտում է, անընդհատ վազվզում է սենյակի երկայնքով մեկ: Իմ ու Կարենի համար սուրճ է պատրաստում ու հյուրասիրում: Կարենը պատմում է, որ Արմենի համար աշխարհի ամենաթանկ րոպեները հյուրի ներկայությունն է: Ասում է` «Ինքն ամենաշատը ոգեւորվում է, երբ տուն մարդ է գալիս, բայց դա էլ հազվադեպ է լինում: Երեկ ասացի` Լուսինեն գալու է: Ինձ ստիպեց, որ անպայման վաֆլի առնեմ, որ սուրճի հետ հյուրասիրի, անհամբեր սպասում էր: Հիմա էլ ուրախությունից է գնում-գալիս էդքան»: Արմենը, չգիտես ինչու, իր մասին խոսակցության ժամանակ ծվարել է անկյունում ու խոհանոցից դուրս չի գալիս: Խնդրում եմ, որ միանա մեր զրույցին` շոյվում է: Հարցնում եմ` «Ի՞նչ ես սիրում հեռուստացույցով նայել»: Պատասխանում է` «Իմ ամենասիրած ալիքը «Շանթն» ա: «Սուպերսթարը» շատ եմ սիրում, կուզենայի տեսնել էդ երեխեքին, միշտ հետեւում եմ էդ մրցույթին: Համ էլ հաղորդավարներին եմ շատ սիրում: Լուրերն էլ եմ նայում, բայց էս մեր հեռուստացույցը լավ չի աշխատում, ներվայնանում եմ»: Արմենի մոտ վերջերս մազաթափության երեւույթ է նկատվել, ինչի համար Կարենն անհանգստանում է, իսկ ինքը` Արմենը, ճիշտ հակառակը՝ ուրախանում է: Ասում է` «Ինձ թվում ա, որ մազերս թափվում ու ես մի քիչ նմանվում եմ մեր Ռոբերտ Քոչարյանին: Ես իրան էնքան շատ եմ սիրում ու հարգում: Շատ մարդիկ կան, որ իրան քննադատում են, բայց էդ մարդկանց մոտ քննադատությունը սովորություն ա, իրանք բոլորին էլ քննադատում են: Ես ուրախանում եմ, որ Քոչարյանին մի քիչ նմանվում եմ»: Հարցնում եմ` «Փաստորեն տանից ընդհանրապես դուրս չես գալիս, ինչո՞վ ես զբաղվում, օրդ ինչպե՞ս է անցնում»: Ասում է` «Կարենն առավոտից իրիկուն աշխատում ա, որ կարողանա հաց առնի, ես էլ տնային գործերն եմ անում: Մենք մենակ ենք: Մենակ ժարիտ անել ու կոֆե եփել գիտեմ: Ամեն օր նույն բանն եմ անում` ժարիտ եմ անում, հետո կոֆե եմ եփում: Տունն էլ եմ հավաքում»: Կարենն ու Արմենն ապրում են 16-րդ թաղամասում վարձակալած մի փոքրիկ սենյակում, որն ավելի շատ նման է խորդանոցի, քան տան: Այնպես է ստացվել, որ Կարենն իր ողջ գիտակցական կյանքում հիվանդ է խնամել: Մի քանի տարի առաջ երիտասարդ քույրը սրտի արատից պատահաբար մահացել է: Պարտքով գումար է վերցրել հուղարկավորության արարողությունը կազմակերպելու համար: Երիտասարդ աղջկա մահը ծանր սթրես է եղել Կարենի մոր համար, ու այդ դժբախտությունից հետո նա կաթված է ստացել: «Մի կողմը թուլացել-անշարժացել էր: Դարձավ անկողնային հիվանդ, 4 անգամ ինսուլտ խփեց: Չգիտեի` մո՞րս նայեմ, եղբո՞րս նայեմ, սարսափելի վիճակում հայտնվեցի: Աշխատում-աշխատում էի, բայց պարտքերը փակելու փող չէր մնում: Մեր բնակարանը վաճառեցինք, որ համ պարտքերը փակենք, համ էլ մամայի առողջական հարցերի վրա ծախսենք: 5000 դոլարով կարգին տունը ծախեցինք, ու տները թանկացան: Հիմա մի 30.000 կտային: Լրիվ հայտնվեցինք անդունդի մեջ, շատ վատ էինք»,- պատմում է Կարենն ու ականջիս շշնջում, որ Արմենի մոտ մոր թեման չշոշափենք: Գրեթե չորս տարի անկողնուն գամված Կարենի մայրը մի քանի տարի առաջ մահացել է, բայց Արմենն այդ մասին չգիտի: Արմենի համար մոր մահը ծանր հարված կլինի: Արմենին խաբել է, թե մորն ուղարկել են երկարատեւ բուժման, եւ նա հույս ունի, թե մայրը վերադառնալու է ապաքինված: Կարենը մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրամեխանիկ է: Նախկինում աշխատել է Մաքսային վարչությունում, «Հայաստանի էլեկտրացանցեր», «Ալգորիթմ» գործարաններում: Ներկայումս երեք օրը մեկ հերթափոխով «Նաիրիտ» գործարանում աշխատում է որպես էլեկտրիկ: Ազատ օրերին անում է ինչ պատահի` շինարարության վրա բանվորություն է անում, բեռներ, պարկեր է բեռնաթափում, տուն է վերանորոգում, սակայն… «Տան վարձի հարցը շատ բարդ է, չեմ հասցնում: Առավոտից իրիկուն աշխատում եմ, բայց վարձը կուտակվել է: Ամիսը 100 դոլար է, բայց 6 ամսվա 600 դոլար պարտք է կուտակվել: Տանտերը լավ մարդ է, չեմ կարող մեղադրել, բայց մինչեւ ամսվա վերջ ժամանակ է տվել, որից հետո դուրս կանի: Չգիտեմ, հաշմանդամ եղբորս հետ ո՞ւր պիտի գնանք, որտե՞ղ ապրենք»,- ասում է նա: 2-րդ կարգի հաշմանդամ Արմենը ստանում է 44.000 դրամ թոշակ, որը տրվել է նաեւ երկկողմանի ծնողազուրկ լինելու հանգամանքը հաշվի առնելով: Կարենի «Նաիրիտից» ստացած աշխատավարձն էլ 40.000 դրամ է: «Որ ասեմ՝ անխնա ծախսող ենք` չէ: Մեր կերածը՝ կարտոֆիլի ժարիտն ու խմածն էլ՝ սուրճն է, բայց ամեն ինչ շատ թանկ է, չենք հասցնում վարձը տալ: Բացի դա, երկուսս էլ ծխող ենք, մենակ մարդիկ շատ են ծխում, շատ-շատ»,- ժպտալով ասում է Կարենն, ով համարում է, որ իր անձնական կյանքը սահմանափակվում է հիվանդ հարազատներին խնամելով: Ընդհանրապես նրա կարծիքով` անձնական կյանք ունենալու համար պետք է սոցիալական նորմալ պայմաններ ունենալ: «Իմ եղբայրն է, ես չեմ թողնի նրան, այնպես, ինչպես մայրս էր, քույրս էր: Իսկ անձնական կյանք չի կարող լինել, որովհետեւ ես հազիվ եմ դիմանում իմ կյանքին, էլ ուր մնաց՝ ուրիշը»,- ասում է նա, ով վստահեցնում է, որ ամեն ինչ անում է առաջ շարժվելու համար, բայց հայաստանյան իրականությունը պատնեշ է, որը կոտրել ու առաջ շարժվելն անհնար է: Կարենը հետեւում է բոլոր տեսակի բանկային հիպոթեքային առաջարկներին, զանգահարում, տվյալներ է ճշտում. «Սուտ է, սուտ պայմաններ ու խաղ է, որովհետեւ դա մեր համար չի: Շատ լավ գիտեմ, թե որ բանկը քանի տարով` ինչ է առաջարկում, բայց անհնար է իրենց առաջարկած պայմաններով ինչ-որ բանի հասնել: Դա էլ է հարուստ մարդկանց համար, ոչ մի բանկ մեր տեսակի մարդկանց համար պայմաններ չունի: Եթե իմ ամսական աշխատավարձը 40.000 է, ուրեմն` ոչ մի բան էլ ինձ չեն տա: Լրիվ կեղծիք է»:

Կարենն աշխատասեր է, առավոտից մինչ ուշ գիշեր աշխատում է՝ որտեղ պատահի, սակայն վարձակալած բնակարանից շուտով դուրս կանեն վեց ամիսների ընթացքում կուտակված 600 դոլար վարձավճարը չմուծելու համար: Կարենն իր հոգու խորքում մշտապես հավատացել է մի հրաշքի, բայց վերջերս հասկացել է, որ Հայաստանի ամենագթասիրտ վերջին մարդը մահացել է: Իսկ ես կարծում եմ, որ Հայաստանում գթասիրտ մարդիկ իսկապես շատ կան (այս հոդվածաշարերի արձագանքները դրա վառ ապացույցն են), որովհետեւ, եթե մեր իշխանությունները Կարենի պես մարդկանց թաքցնում են, ապա շարքային քաղաքացիները նման մարդկանց իրենց աջակցությամբ ոտքի են կանգնեցնում ու ապրելու հույս արթնացնում: