Անցած մի քանի ամիսներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման
վերաբերյալ բոլոր խոսակցություններն ու քննարկումները հանգում էին Ռոբերտ
Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպմանը, որը տեղի ունեցավ մայիսի 15-ին
Վարշավայում՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի
շրջանակներում: Այս հանդիպման հիմնական առանձնահատկությունն այն էր, որ
այն տեղի ունեցավ ոչ ավանդական ֆորմատով: Եթե նախկինում Քոչարյան-Ալիեւ
հանդիպումներին մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ապա
Վարշավայի հանդիպմանը, բացի վերջիններիցս, ներկա էին նաեւ Ռուսաստանի եւ
Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Միշել Բարնիեն: Ֆորմատի
այս փոփոխությունը հաշվի առնելով` շատերը կանխատեսում էին, թե հանդիպումը
կարող է բեկում մտցնել ղարաբաղյան հակամարտության բանակցություններում:
Մասնավորապես՝ տեսակետ կար, որ հանդիպման ժամանակ երկու նախագահները խնդրի
կարգավորման վերաբերյալ նախնական փաստաթուղթ են ստորագրելու: Սակայն
Քոչարյան-Ալիեւ մոտ 3 ժամ տեւած հանդիպումից հետո պարզ դարձավ, որ որեւէ
կոնկրետ պայմանավորվածություն հանդիպման ընթացքում ձեռք չի բերվել,
առավելեւս՝ փաստաթուղթ չի ստորագրվել: Հանդիպման վերաբերյալ միակ
տեղեկատվությունը սկզբում այն էր, որ երկու նախագահների տրամադրությունը
բարձր է եղել: Նախագահները որեւէ հայտարարություն չարեցին: Փոխարենը,
հանդիպումից հետո մի քանի ուշագրավ հայտարարություն է արել Ադրբեջանի
արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինս նախ ասել է, որ հանդիպման
ընթացքում Քոչարյանն ու Ալիեւը ղարաբաղյան հակամարտության որեւէ կոնկրետ
տարբերակ չեն քննարկել: «Մենք կարողացել ենք շատ հարցերում համաձայնության
հասնել, սակայն կան խնդիրներ, որոնց շուրջ երկու պետությունների
դիրքորոշումները մեծապես տարբերվում են իրարից»,- հայտարարել է
Մամեդյարովը: Չնայած, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, ներկայումս
բանակցությունների կոնկրետ ֆորմատ գոյություն չունի, սակայն ադրբեջանական
կողմը կարեւորում է դրանք: «Դրանց արդյունքը մեզ համար կարեւոր է, այլ
խոսքերով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»,-
հայտարարել է Էլմար Մամեդյարովը: Հետաքրքիր է, որ հենց հաջորդ օրը
հրավիրած մամուլի ասուլիսում Մամեդյարովի այս հայտարարությունը գրեթե
կրկնել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: «Եվրոպայի խորհուրդն աջակցում
է իր անդամ-երկրների տարածքային ամբողջականության պաշտպանությանը,-
հայտարարել է Թերի Դեւիսը եւ որպես օրինակ՝ նշել,- Ղարաբաղը Ադրբեջանի
մասն է»: Մամեդյարովը սակայն այսքանով չի սահմանափակվել եւ հայտարարել է,
թե «Հայաստանը պատրաստ է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շուրջը Ադրբեջանի
7 գրավյալ տարածքները»: Միայն երեկ ՀՀ Արտգործնախարարության մամուլի
խոսնակ Համլետ Գասպարյանը հերքել է Մամեդյարովի այդ հայտարարությունը՝
ասելով, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները «բացարձակապես չեն
համապատասխանում իրականությանը»:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Ադրբեջանի Միլի-մեջլիսում արդեն սկսել են քննարկել
այդ 7 շրջանների վերադարձի հարցը: Ավելին՝ խոսվում է անգամ վերադարձման
մեխանիզմների եւ հայկական զորքերի դուրսբերման հաջորդականության մասին:
Ընդ որում, Մամեդյարովը հայտարարել էր նաեւ, թե հայկական կողմն արդեն
մտածում է զորքերի դուրսբերման ժամանակացույցի մասին:
Հետաքրքիր է, որ ինչպես միշտ՝ հայտարարություններ հնչում են միայն
ադրբեջանական կողմից, իսկ Հայաստանը հայտնվում է դրանց պատասխանողի
դերում: Հերթական պատասխանը հնչեցրել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝
անդրադառնալով Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է
լայն ինքնավարություն տրամադրել Ղարաբաղին: Օսկանյանն ասել է, որ այդ
առաջարկն անընդունելի է Հայաստանի համար եւ, որ Ղարաբաղում ապրող հայերի
համար ինքնավարությունն արդեն անցած փուլ է: «Նրանք ինքնավարություն
ունեցել են Ադրբեջանի տարածքում Սովետական Միության ժամանակ եւ Ադրբեջանի
իշխանությունների կողմից խտրականությունների են ենթարկվել»,- ասել է
Վարդան Օսկանյանը: Որեւէ այլ հայտարարություն հայկական կողմից չի հնչել:
Մի խոսքով, Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը Հայաստանին «դիվանագիտական
հաղթանակներ» չպարգեւեց: Իսկ առաջիկա ամիսներին կրկին կսկսվեն
քննարկումները, թե երբ եւ որտեղ է տեղի ունենալու Քոչարյան-Ալիեւ հաջորդ
հանդիպումը: