Այս տարի մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել: Երեկ այդ մասին լրագրողներին հայտնեց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը: Ըստ նրա, մանկական «Եվրատեսիլը» յուրօրինակ փորձադաշտ է մեծերի «Եվրատեսիլում» կատարվող փոփոխությունների համար: Այս տարի մանկական «Եվրատեսիլում», ի տարբերություն նախորդ տարիների, ութ մասնակցի փոխարեն՝ բեմ կբարձրանան ընդամենը վեցը: Բացի այդ, բեք-վոկալը կարող է լինել ձայնագրված, սակայն այն պետք է բաղկացած լինի բացառապես մանկական ձայներից: Երգը գրելու կանոնները եւս փոխվել են. այժմ պաշտոնապես թույլատրվում է մեծերի միջամտությունը երգի ստեղծման պրոցեսում, սակայն երգի իրավունքն, այնուամենայնիվ, լինելու է երեխաներինը: «Նախկինում միմիայն երեխաներն էին գրում երգերը, սակայն ժյուրիի անդամներն իրենք էլ գիտեն, որ անհնար է այդքան փոքր տարիքում նման երգեր գրել, եւ մեծերն անպայման խառնված են այդ ամենում, հետեւապես՝ ճիշտ է նրանց անմիջական մասնակցությունը, սակայն այստեղ եվրոպացիները խստիվ հսկում են, որ երեխաների շահագործում տեղի չունենա»,- ասաց Դ. Մնացականյանը: Փոխվել են նաեւ մրցույթի մասնակից երկրները: Դ. Մնացականյանի պնդմամբ`փոքրիկների «Եվրատեսիլ-2008»-ին մասնակցել հրաժարվել են Իսպանիան, Շվեդիան եւ Պորտուգալիան, նրանց փոխարեն առաջին անգամ մասնակցության իրավունք են ստացել Ադրբեջանը, Իսրայելը եւ Բոսնիա-Հերցեգովինան: Իսկ Հայաստանն արդեն երկրորդ տարին է մասնակցում մանկական «Եվրատեսիլին»: Այս տարի հայաստանյան մանկական «Եվրատեսիլի» գլխավոր պրոդյուսերն է Նադեժդա Սարգսյանը, որն, ըստ Դ. Մնացականյանի` դժվարությամբ է համաձայնել ստանձնել այդ գործը:
«Բացի լավ երգից, մենք պետք է ներկայացնենք նաեւ լավ կատարողի: Մենք շատ էինք ցանկանում, որ մեր Սփյուռքից եւս երեխաներ իրավունք ունենային մասնակցելու, սակայն մրցույթի կարեւոր կետերից մեկն այն է, որ մասնակից երեխաները պետք է լինեն տվյալ երկրի առնվազն երկու տարվա բնակիչներ: Բայց բազմաթիվ մասնակիցներ ունենք Հայաստանի ամենատարբեր մարզերից»,- ասաց Ն. Սարգսյանը: Վերջինիս պնդմամբ՝ առջեւում շատ դժվար ընտրություն է լինելու, քանի որ իսկապես բոլոր մասնակիցները լավն են:
Մեր երկրում այս տարի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 20-ն առաջին անգամ անցկացվել է մրցույթ, եւ 200 ներկայացված հայտերից ընտրվել են լավագույն 36-ը: Իսկ հունիս 30-ին եւ հուլիսի 1-ին կանցկացվի մրցույթ, որի արդյունքում կընտրվեն լավագույն տասը երգերը, որոնցից միակ լավագույնը SMS քվեարկությամբ կընտրի հեռուստադիտողը: Հենց այդ օրն էլ պարզ կդառնա, թե որ երգով է Հայաստանը նոյեմբերի 22-ին ներկայանալու Կիպրոսում կայանալիք մանկական «Եվրատեսիլին»: Իսկ մրցույթը կրում է «Fan In The Sun», անվանումը եւ այն վարելու են հունական դիցաբանական Ադոնիսի եւ Արտեմիսի կերպարները: Ի դեպ, այս տարի փոխվել է նաեւ մանկական «Եվրատեսիլի» լոգոն: Երգող աղջնակի փոխարեն՝ արեւ է եւ երկինք կամ ծով, քանի որ մրցույթը տեղի է ունենալու Կիպրոսում: