Նախօրեին ԵԽ ԽՎ-ն ամառային նստաշրջանում Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որում մասնավորապես արձանագրված է, որ այդ երկրում ժողովրդավարության կայուն զարգացումը ծայրահեղ դժվար կլինի, քանի դեռ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնված չէ:
ԵԽ ԽՎ բանաձեւում նշված է նաեւ, որ այս տարվա մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձեւ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին», որում վերահաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պահանջել է հայկական ուժերի անհապաղ դուրսբերումը «գրավյալ» տարածքներից եւ մտահոգություն է արտահայտել, թե զինված հակամարտությունը Ղարաբաղում եւ շրջակա տարածքներում շարունակում է վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: «Մենք սա գնահատում ենք իբրեւ եւս մեկ վտանգավոր փաստաթուղթ եւ այս հանցավոր վարչախմբի անգործության եւս մեկ վառ ապացույց: Խստորեն դատապարտում ենք Հայաստանի կառավարության անգործունակ կեցվածքն ու հակազդելու անընդունակությունը»,- մեկնաբանելով այդ բանաձեւը՝ երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման հայտարարություն արեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` նշելով, որ Հայաստանի իշխանությունները «հաշտվածի աչքերով նայում էին», թե ինչպես էր այդ բանաձեւն ընդունվում, մինչդեռ հակազդելու բազմաթիվ միջոցներ կային: Անդրադառնալով հունիսի 20-ին կայացած ընդդիմության հանրահավաքին` Ա. Մուսինյանը նշեց, թե Ոստիկանության խոհեմ պահվածքը թույլ տվեց ժողովրդին՝ իրացնել իր սահմանադրական իրավունքը: Նրա խոսքերով, իրենք շատ գոհ են այդ հանրահավաքից, որովհետեւ «Ժողովուրդն այդ օրը տարավ փայլուն հաղթանակ»: «Այս իշխանությունը սկսել է պետական ինստիտուտների վարկաբեկման գործընթաց: Նախ` ԱԺ-ում ընդունված հայտարարությունները` ուղղված ԵԽ ԽՎ-ին` կապված 1609 բանաձեւի հետ: Այդ փաստաթուղթն այնքան անլուրջ էր, որ այնպիսի կարեւորագույն ինստիտուտ, ինչպիսին ԱԺ-ն է, ուղղակի հեղինակազրկում էր: Հաջորդ թիրախը Ոստիկանությունն էր: 45 անգամ իշխանությունը ստիպեց Ոստիկանությանը գրել, որ առկա են օպերատիվ տվյալներ, որ որոշ մարդիկ զանգվածային անկարգություններ են հրահրել, որ հանրահավաքը թույլ չտան: Բայց այս հանրահավաքն այնքան փայլուն անցավ, որ ապացուցվեց, որ այդ դրույթը միֆ է, ինչով Ոստիկանությունը հեղինակազրկվեց: Սրանով Ոստիկանությանը դրեցին շատ անհարմար վիճակի մեջ: Հաջորդ անգամ իշխանությունը բնականաբար կցանկանա մերժել, որովհետեւ տեսավ, որ չորս ամիս անց էլ հասարակությունը շարունակում է ոտքի կանգնել, պայքարել: Սակայն հաջորդը եթե մերժեն, հիմքում ի՞նչ են դնելու: Ի դեպ, նույնիսկ եղանակի տեսությամբ ասել էին, իբր հունիսի 20-ին վեցից հետո կարկուտ ու քամի է սպասվելու: Բայց պարզ դարձավ, որ մարդիկ անկախ ամեն ինչից` գալիս են հանրահավաքի»,- հայտարարեց Լ Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակը: Պատասխանելով հարցին` արդյոք հունիսի 20-ի հանրահավաքը կապվա՞ծ էր ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկման հետ, Ա. Մուսինյանը նշեց, որ ճիշտ չէ քաղաքական պայքարը կապել ԵԽ ԽՎ բանաձեւի հետ: «Այն կընդունվի, կանցնի, կգնա: Հայաստանում քաղաքական պայքարը շարունակվել ու շարունակվելու է: Մենք ունենք հստակ ռազմավարություն, որը հաճախ կներկայացվի հասարակությանը»,- նշեց նա: Ա. Մուսինյանի բնորոշմամբ` իշխանությունը մեկը մյուսի հետեւից իրենց նվերներ է մատուցում, ինչին իրենք դեմ չեն: «Օրինակ՝ հունիսի 20-ը: Իշխանությունը եթե մայիսի 28-ի մեր դիմումը բավարարեր, նրա հեղինակությունն ավելի կբարձրանար: Ամեն ինչ արեցին, որ իրենց հեղինակությունն ընկնի, ընդդիմության հեղինակությունը բարձրանա: Ընդդիմությունն ասել էր, որ ամսի 20-ին անելու է հանրահավաք, եւ արեց: Իշխանությունը երկու ամիս շարունակ ասում էր, թե չի անելու, թույլ չեն տալու եւ այլն, բայց ոչ մի բանը ճիշտ դուրս չեկավ»,- ասաց նա: Անդրադառնալով իշխանությունների հետ երկխոսության հնարավորությանը` Ա. Մուսինյանը վերահաստատեց Լ. Տեր-Պետրոսյանի այն դիրքորոշումը, որ երկխոսություն սկսելուց առաջ իրենց համար առաջնային է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը: «Չի կարելի մեր ընկերներին պահել պատանդ, ամիսներ շարունակ որեւէ քննչական գործողություն չկատարել ու այս դեպքում խոսել երկխոսության մասին: Նման բան չի լինելու: Մենք ասել ենք` քաղբանտարկյալների հարցը լուծելուց հետո հնարավոր է՝ երկու կողմից լիազորված ներկայացուցիչները նստեն սեղանի շուրջ ու բանակցեն ապագա քայլերի վերաբերյալ: Հիմնական թեման էլ բանակցության լինելու է քաղաքական պայքարի կանոնների հստակեցման ու, ի վերջո, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների շուրջ»,- ասաց նա: Իսկ հուլիսի 4-ին հայտարարված հանրահավաքը, Ա. Մուսինյանի կարծիքով` իշխանությունները կարտոնեն, եթե ռացիոնալ տրամաբանության գեթ մեկ նշույլ ունեն: «Նրանք որեւէ պատճառ չպիտի ունենան` հանրահավաքը չարտոնելու»,- ասաց նա: