ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական եւ աշխատանքի հարցերով տեղակալ Դեյվիդ Կրամերը, ինչպես ինքը հայտարարեց երեկ հրավիրված ասուլիսում, Հայաստան է եկել, որպեսզի անձամբ տեսնի, թե ինչպես են ընթանում աշխատանքները մարդու իրավունքների ասպարեզում:
Ինչպես ասում են՝ լսելը մի բան է, տեսնելը՝ ուրիշ, ասելը՝ լրիվ ուրիշ։ Օրինակ, որքան էլ ԽՍՀՄ-ագիտության մագիստրոս Կրամերի համար անընդունելի լինեն այն իրողությունները, որ նա տեսել է Հայաստանում, այդ ամենի մասին բացահայտ ասելը դիվանագիտական էթիկային հակասում է։ Եվ չնայած Կրամերն ասուլիսի սկզբում շեշտեց, որ Հայաստանը եւ ԱՄՆ-ը բարեկամներ են, իսկ բարեկամները խոսում են անկեղծ եւ շիտակ, սակայն ամերիկացի իր գործընկերների նման շատ զգույշ էր խոսում՝ հաճախակի օգտագործելով «մտահոգություն», «հույս հայտնել», «առաջարկել» եւ նման այլ մեղմացնող բառեր։
Սակայն անգամ այդ մեղմացնող բառերի օգտագործմամբ՝ ակնհայտ էր, որ ԱՄՆ-ին այնքան էլ չեն գոհացնում ներքաղաքական լարվածությունը հաղթահարելու ուղղությամբ Հայաստանի իշխանության կատարած քայլերը։ «Ցանկացած երկիր իր ժողովրդավարության ճանապարհին ունենում է վերելքներ եւ վայրէջքներ: Վերջին ամիսներին նկատեցինք անկման միտումներ, եւ այդ ուղղությամբ որոշակի առաջարկներ եմ ներկայացրել ՀՀ կառավարությանը»,- ասաց Դ. Կրամերը՝ ավելացնելով, որ առաջարկել է վերացնել մամուլի եւ հանրահավաքների վերաբերյալ սահմանափակումները, ազատ արձակել նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական հայացքների պատճառով, իրականացնել լուրջ եւ արժանահավատ հետաքննություն մարտի 1-ի դեպքերի առնչությամբ: Նա կարեւորեց այն հանգամանքը, որ հունիսի 20-ին կայացած հանրահավաքում չկրկնվեցին մարտյան իրադարձությունները: Սակայն նշեց նաեւ իր տարակուսանքը այն փաստի առթիվ, որ հանրահավաք անցկացնելու վերաբերյալ ընդդիմության ներկայացրած 40-ից ավելի հայտեր մերժվել են իշխանությունների կողմից։
Կրամերը խոսեց նաեւ երկխոսության մասին. «Շատ կարեւորվում է այն հանգամանքը, որ իշխանություն ունեցող կուսակցությունը խոսի այն կուսակցությունների հետ, որոնք իշխանական լծակներ չունեն: Հուսով եմ, որ որոշակի քայլեր կձեռնարկվեն, եւ ճանապարհ կհարթվի երկխոսության կայացման համար»,- հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։ Նրա համոզմամբ, երկխոսության մեջ պետք է ներկայացված լինեն ընդդիմությունը, իշխանությունը եւ քաղաքացիական հասարակությունը. «Մենք ուզում ենք, որ Հայաստանը զարգացող տնտեսությամբ, ժողովրդավարական երկիր լինի: Այդպիսի Հայաստանն է, որ ամուր գործընկեր կլինի ԱՄՆ-ի համար»,- նշեց Դ. Կրամերը։ Առանձնակի ուշադրության արժանացավ մարտի 1-ի իրադարձությունների եւ քաղբանտարկյալների հարցը։ Լրագրողներից մեկը հորդորեց Կրամերին՝ նշել մի քանի քաղբանտարկյալի անուն։ Դիվանագետը, սակայն, հրաժարվեց կոնկրետ անուններ տալ եւ ուշադրություն հրավիրեց հետեւյալ հանգամանքի վրա. «Ակնառու է այն փաստը, որ ձերբակալվածների մեծ մասն ընդդիմության ներկայացուցիչներ են: Դեպքերի ժամանակ 10 հոգի է զոհվել, եւ արդարադատության առջեւ պետք է կանգնեն նրանք, ովքեր մեղավոր են»։
Ինչ վերաբերում է մարտի 1-ի իրադարձություններին, ապա, ըստ Դ. Կրամերի, հետաքննությանը պետք է մասնակցեն նաեւ ընդդիմադիր ուժեր եւ անկախ փորձագետներ։ Նույն լրագրողը, ով ցանկանում էր Կրամերից քաղբանտարկյալների անուններ լսել՝ հետաքրքրվեց, թե դիվանագետը տիրապետո՞ւմ է արդյոք մարտի 1-2-ի իրադարձություններին վերաբերող գործի նախաքննության նյութերին, որպեսզի հիմք ունենա խոսել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության եւ դրանց ազատ արձակման անհրաժեշտության մասին: Ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հայտարարեց, որ այդ նյութերին ծանոթ չէ, սակայն ծանոթ է այն տեղեկատվությանը, որը ստացել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
Իսկ երբ հարցը կրկնվեց, եւ նա դժգոհություն ու, թերեւս, թաքնված մեղադրանք նկատեց հարցի մեջ (այն իմաստով, որ եթե նյութերին ծանոթ չեք, ինչպե՞ս եք նման բաներ ասում), Կրամերը մի պահ մոռացավ դիվանագիտական զգուշավորության մասին եւ արեց մի հայտարարություն, որը, ամենայն հավանականությամբ, դեռ երկար ժամանակ քննարկման առարկա կդառնա: «Ես դեսպանատան իմ գործընկերների հաղորդած տեղեկություններին ավելի շատ եմ վստահում, քան նախաքննության նյութերին»,- ասաց Կրամերը: Այսպիսով, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ հայտարարեց, որ ինքը (իմա` ԱՄՆ կառավարությունը) չի վստահում Հայաստան պետությանը։