Վերջին օրերին Երեւանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով տեղակալ Դեյվիդ Կրամերը:
Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ԱՄՆ-ը, արդեն երկու տարի է, Հայաստանում անգամ դեսպան չունի, ապա Կոնդոլիզա Ռայսի տեղակալի այցը Հայաստան, ինչպես կասեին հայկական հեռուստահաղորդավարները, աննախադեպ էր: Եվ հենց այդ նույն Դեյվիդ Կրամերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, շոշափել է նաեւ «հայաստանյան որոշ թերթերով եւ հեռուստատեսությամբ հակասեմիթական քարոզչության իրականացումը», ընդգծելով, որ «հայ-հրեական հարաբերություններում մինչ այժմ նման մտահոգիչ երեւույթներ չեն եղել»: Վարչապետն, իր հերթին, խիստ դատապարտելի եւ անթույլատրելի է համարել լրատվամիջոցներում հակահրեական արտահայտություններ թույլ տալը, համաձայնելով հյուրի տեսակետին, որ Հայաստանում հակահրեական մթնոլորտ չկա: Կիսելով Տ. Սարգսյանի կարծիքն այն մասին, որ Հայաստանում իրոք հակահրեական դրսեւորումներ երբեք էլ չեն նկատվել (եւ ընդհանրապես, կարծում եմ, որ մեզ մոտ որեւէ այլ ազգի նկատմամբ ատելություն չի նկատվում` անգամ թուրքերի եւ ադրբեջանցիների), այնուամենայնիվ, չեմ կարող չնշել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչության շրջանակներում հակահրեականություն դրսեւորվեց ինչպես պաշտոնական, այնպես էլ ընդհատակյա մակարդակով: «Հայլուրի» եթերում Իսրայելի դրոշի մասին պատմող տեսանյութը բոլորն են հիշում: Դե, իսկ DVD-ներով տարածված այն հակահիգիենիկ տեսանյութերը, որտեղ ոմն թլիկ տղա ջղայնացած պատմում էր ջհուդամասոնական տարբեր լոժաների մասին, թեեւ անանուն էր, սակայն բոլորն էլ հասկացան, փՑՏ ֆՑՏ ոօս րսՏվպվՏՍ: Ես նպատակ չեմ հետապնդում վերլուծելու «Դա Վինչիի ծածկագիրը», բայց հաստատ գիտեմ, եւ դեռ Սերվանտեսն է ասել, որ հողմաղացների դեմ պայքարելն անիմաստ է, առավել եւս, երբ դու ընդամենը սովորական «կոֆեաղաց ես»: Այս առիթով մեր ժողովուրդը դեռ վաղուց է ասել, որ «ոտքերը պետք է վերմակի չափով մեկնել»: Ի դեպ, այս դրույթը վերաբերում է ոչ միայն վերոնշյալ խնդրին: Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանի ֆինանսական կենտրոն: Հարց է ծագում` ի՞նչ ռեսուրսներով: Նրան, որ Դիլիջանն ուզում են դարձնել Հայաստանի ֆինանսական կենտրոն, համաձայն ենք: Վաղուց էր պետք Երեւանը բեռնաթափել: Ի դեպ, կարելի է մտածել, որ մի քանի այլ գերատեսչություններ եւս կարելի է տեղափոխել Հայաստանի տարբեր մարզեր: Այսպիսով, եւ՛ Երեւանը կբեռնաթափվի, եւ՛ կխթանվի մարզերի զարգացումը: Բայց տարածաշրջանի ֆինանսական կենտրոն դառնալու համար պարտադիր համարվող շատ պայմաններ են հարկավոր: Եվ առաջին հերթին անհրաժեշտ է կայունություն: Խոսքը վերաբերում է ոչ թե այն ներքաղաքական կայունությանը, որի մասին վերջին մեկ տարում հաճախ խոսում էին իշխանական քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները, այլ արտաքին քաղաքական գործոնների մասին, որոնք հրապուրիչ կդարձնեն Հայաստանը ֆինանսական ներհոսքերի համար: Այդպիսին է, օրինակ, Շվեյցարիան (բնակչությունը` 7.5 միլիոն, տարածքը` 41.3 հազար քկմ, ունի 4 հարեւան, չունի ելք դեպի ծով), որը դեռ 19-րդ դարի սկզբում, համաշխարհային հանրության պայմանավորվածության արդյունքում, ընդունվել է որպես չեզոք պետություն, որից հետո, անգամ «իր քթի տակ» տեղի ունեցած երկու համաշխարհային պատերազմներն են շրջանցել այդ երկիրը: Իսկ մենք ուզում ենք հա՛մ «Ստամբուլն արյան ծով դարձնել», հա՛մ ՐօոՍց րՕպրՑՖ: Այդպես չի լինում: Նույնը վերաբերում է տուրիզմի զարգացմանը: Տուրիզմը ասելով չեն զարգացնում: Ինչո՞ւ պետք է զբոսաշրջիկները գան Հայաստան, եթե Հայաստան հասնելու եւ այստեղից հեռանալու համար ավիափոխադրումներն ամենաթանկն են: Իսկ այստեղ հասնելու ուրիշ ճանապարհ էլ չկա: Էլ չեմ խոսում հյուրանոցների եւ հանգստյան տների բարձր գների եւ անորակ սպասարկման մասին: Եթե մեր չինովնիկներին թվում է, որ բարեկամների տներում մնացող զբոսաշրջիկներով կարելի է տուրիզմ զարգացնել, ապա նրանք չարաչար սխալվում են: Իսկ Արարատը, խաչքարերը եւ դուդուկը ժամանակակից աշխարհի համար արդեն վատ «կուտ են»:
Չեմ ուզում եւ չեմ էլ կարող Հայաստանը համեմատել Հարավային Կորեայի, Չինաստանի կամ Ռուսաստանի հետ: Մասշտաբներն են շատ տարբեր: Բայց եթե մենք էլ մեր առջեւ դնենք իրատեսական, այլ ոչ թե հեքիաթային խնդիրներ, եւ մի քիչ էլ «վիզ դնենք», ինչպես դա անում են վերոնշյալ պետությունների թե՛ ղեկավարները, եւ թե՛ ժողովուրդը (բայց ժողովուրդը «վիզ կդնի» միայն այն դեպքում, երբ հավատա իր իշխանություններին), ապա համոզված եմ, որ մենք էլ մեր չափով կհասնենք բարձունքների: Եվ այն ժամանակ ճանաչելի ու ընկալելի կլինենք ոչ միայն ԵԽ ԽՎ-ում, այլեւ ողջ աշխարհում:
Վերմակի եւ ոտքերի թեմայով այսօր Հայաստանում կարելի է խոսել գրեթե անվերջ: Պարզապես կարճ լինելու համար ուզում եմ հիշեցնել «Նոր հայերի» 12 տարվա վաղեմություն ունեցող կատակը. «Նե մոժեշ պետ, նե մուչայ կրիշու»: