«Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները տարեցտարի դառնում են ավելի դինամիկ, առավել բովանդակալի»,- հունիսի 24-ին հայտարարել է պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ռուսաստանյան ճանաչված քաղաքագետների եւ լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նրա, տնտեսության բնագավառում հաջողվել է հասնել ներդրումների եւ ապրանքաշրջանառության կտրուկ աճի: Այսօր Հայաստանում գործում է շուրջ հազար ռուսական կապիտալով ձեռնարկություն: Ս. Սարգսյանը ներկայացրել է այն հաջողությունները, որոնք արձանագրվել են Հայաստանում տնտեսական բարեփոխումների արդյունքում: Ներկայացնելով ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, Ս. Սարգսյանը նշել է, որ այն ուղղված է տարածաշրջանում ներգրավված բոլոր երկրների հետ բազմավեկտոր ու դինամիկ հարաբերությունների զարգացմանը եւ եվրոպական կառույցների հետ ակտիվ համագործակցությանը, մասնավորապես, ԵՄ-ի հետ` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: «Մեր արտաքին քաղաքականության մեջ հիմնարարն այն է, որ դեմ ենք մեր գործընկերների հնարավոր հակասությունների սպեկուլյացիային եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի մեղմենք, այլ ոչ թե սրենք հնարավոր խնդիրները Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- հայտարարել է ՀՀ նախագահը: ՀՀ արտաքին քաղաքականությունը Ս. Սարգսյանը բնորոշել է որպես ներգրավվածության քաղաքականություն: Ըստ նրա, Հայաստանին անհանգստացնում են Հարավային Կովկասում փակ սահմանների եւ ընդհատված հաղորդակցության խնդիրները: Ադրբեջանը ԼՂ-ի հակամարտության` լուծված չլինելու պարագայում հրաժարվում է ներգրավվել տարածաշրջանային համագործակցության որեւէ ծրագրում: «Նման մոտեցումը մենք գնահատում ենք որպես անհեռատես եւ ոչ կառուցողական: Մենք տարածաշրջանային համագործակցությունը դիտարկում ենք որպես առկա տարաձայնությունների լուծման առավել կարճ ճանապարհ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ՀՀ նախագահը նշել է, որ չնայած իր եվրոպական հավակնություններին, Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը` «հիմնավորելով այն` մեկ՝ ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ ՀՀ ակտիվ դիրքորոշմամբ անբավարարվածությամբ, մեկ՝ Ադրբեջանին զորակցության անհրաժեշտությամբ»: Ս. Սարգսյանը հիշեցրել է, որ Թուրքիայի կողմից հնչել է ցեղասպանությանն առնչվող պատմական փաստերի ուսումնասիրման համար փորձագիտական հանձնաժողովի ստեղծման առաջարկ: «Մենք դեմ չենք որեւէ կարգի ուսումնասիրությունների անցկացմանը, թեկուզեւ` միանգամայն ակնհայտ եւ լայնորեն ճանաչված իրողությունների: Սակայն այդպիսի հանձնաժողովը տրամաբանական կլիներ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից եւ մեր պետությունների միջեւ սահմանների բացումից հետո: Հակառակ դեպքում այն կդառնա այդ երկխոսության ձգձգման եւ տարաձայնությունների գործիք»,- ասել է նա: «Թուրքիայի եվրոպական հավակնությունները մենք տեսնում ենք՝ որպես հասարակության բարեփոխման խթան: Որպես հարեւան պետություն` մենք ուրախ կլինեինք Թուրքիային տեսնել ԵՄ չափանիշներին համապատասխանող. դա կնշանակեր՝ առավել կանխատեսելիություն, առավել պարզություն հարաբերություններում»,- նշել է Ս. Սարգսյանը: Նա ներկաներին տեղեկացրել է իր նոր նախաձեռնության մասին. հրավիրել Թուրքիայի նախագահին Հայաստան` միասին դիտելու սեպտեմբերին Երեւանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման Հայաստան-Թուրքիա խաղը: ՀՀ նախագահը ներկայացրել է նաեւ Վրաստանով անցնող հաղորդակցության ուղիների սահմանափակումները, մասնավորապես` երկաթուղային կապի, որն ընդհատված է աբխազական հատվածում: Լրացուցիչ բարդություններ է առաջացնում Վերին Լարսի սահմանային անցակետի ավտոճանապարհի երկարաժամկետ նորոգման գործընթացը, որի հետեւանքով լաստանավային փոխադրումները դարձել են Հայաստանը Ռուսաստանին կապող միակ օղակը: Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին՝ Ս. Սարգսյանն ասել է. «Համոզված եմ, որ հակամարտության լուծումը հնարավոր է փոխհամաձայնության եւ փոխզիջումների հիման վրա: Բայց, ինչպես հայտնի է, փոխզիջումը հնարավորությունների արվեստն է: Ղարաբաղյան հակամարտության պարագայում լուծումը պետք է բխի նրանից, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի մաս: Ադրբեջանական ԽՍՀ-ին Ղարաբաղի հանձնումը տեղի է ունեցել կուսակցական որոշմամբ եւ ոչ թե պետական մարմնի կողմից: Դա, ըստ էության, անօրինական ակտ է, ընդ որում` տարօրինակ մեկնաբանությամբ` սոցիալիզմի գաղափարներն իսլամական Արեւելքում տարածելու համար… Ինչպիսին էլ որ լինի այս հակամարտության լուծումը, այն չի կարող հիմնվել ԼՂՀ անկախ պետականության փաստացի գոյություն ունեցող կարգավիճակի որեւէ կերպ իջեցման վրա»,- ասել է ՀՀ նախագահը: