Արթուր Ասատրյանը, նույն ինքը՝ Պիպոն, ծնվել (1971թ.) եւ մեծացել է Էջմիածնում, որտեղ նա մեծ հեղինակություն է վայելում: Այսօր նա ապրում է Իտալիայում: Ամբողջ Իտալիայում ապրում է 4000-4200 հայ, որոնցից մոտ 300-ը Հռոմում են: Արթուրի՝ Հռոմում գտնվող 4,8 հեկտարանոց վիլլան, որը ժամանակին եղել է Իտալիայի նախագահի ռեզիդենցիան, Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ պատվիրակություններ է հյուրընկալել: Գեղեցիկ ծաղիկներով ու ծառերով, քանդակազարդ վիլլայի տարածքում, բացի մարզվելու եւ հանգստանալու համար նախատեսված լողավազանից եւ թենիսի կորտերից, նաեւ փոքրիկ մատուռ է կառուցված:
Արթուր Ասատրյանը` Պիպոն, առաջին անգամ Հայաստանից տեղափոխվել է 1994 թվականին, ապա՝ վերադարձել, եւ կրկին մեկնել՝ վերջնականապես հիմնվելով Իտալիայում: Մի քանի տարի նա իր ընտանիքի հետ ապրել է Ռուսաստանում՝ Մոսկվայում, ապա 2006թ. տեղափոխվել է Հռոմ: Ունի երկու զավակ, որոնք սովորում են Հռոմի Քեմբրիջի լավագույն կրթօջախներից մեկում:
Ա. Ասատրյանի մասին բազմաթիվ լեգենդներ են պտտվում՝ որպես դրսում հաջողությունների հասած էջմիածինցի երիտասարդ, որպես գործարար-բարերար, որպես հեղինակություն: Ըստ Ա. Ասատրյանի` իր հիմնական բիզնեսը կենտրոնացած է Ռուսաստանում եւ արտասահմանյան որոշ երկրներում: Նա զբաղվում է գրասենյակային շենքերի շինարարությամբ, որոնք հետագայում տրվում են վարձակալության, զբաղվում է նաեւ ոսկերչությամբ եւ ռեստորանային բիզնեսով: Իսկ մինչ այդ, ռուս գործընկերների հետ, մինչեւ 1996-97թթ. Հայաստան հիմնական բենզին ներկրողներից մեկն է եղել, ժամանակին նաեւ ոսկերչական արտադրամաս ուներ Էջմիածնում: Այժմ որոշ բիզնեսներ, այնուամենայնիվ, պահպանել է Էջմիածնում, որը վերահսկում է իր եղբայրը: Նա մշտապես օգնել է Էջմիածնի բնակիչներին, դպրոցներին, ծերանոցներին, մանկապարտեզներին: 2007թ. Ա. Ասատրյանի հովանավորությամբ Հռոմի սրտում՝ 17-րդ դարի Սուրբ Նիկողայոս եկեղեցու եւ Լեւոնյան վարժարանի բակում տեղադրվեց խաչքար-հուշաքար՝ նվիրված Եղեռնի եւ Ղարաբաղի պատերազմի զոհերի հիշատակին: Խաչքարի օծման արարողությանը մասնակցում էին Իտալիայի կառավարության, Հռոմի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանը, հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հայաստանից: Արարողությանը ներկա էր նաեւ վրացի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին: Խաչքարն Իտալիա էր տեղափոխվել Հայաստանից: Այս տարի ապրիլին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն Իտալիա կատարած պաշտոնական այցի ժամանակ նաեւ օրհնեց խաչքարը:
Արթուր Ասատրյանի՝ Պիպոյի մասին հայկական մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել, որոնցում տպագրված տեղեկատվությունը, սակայն, հաճախ իրականությանը չի համապատասխանել: Այդ իսկ պատճառով մենք փորձեցինք նրա հետ զրույցում բոլոր հարցերի շուրջ խոսել:
– Մամուլում գրվել էր, թե իտալական մաֆիան քեզ Դոն է կնքել:
– Հա՜… Ի՞նչ ասեմ… Իհարկե, ես մեծ հարգանք ունեմ այստեղ՝ պաշտոնական եւ բիզնես ամենաբարձր շրջանակներում, հաճախ հավաքվում ենք մեր տանը… Մենք ընկերություն ենք անում: Որեւէ վատ բան չկա, եթե քեզ հարգում են ինչպես Դոնին, եթե կարողանում ես քեզ այնպես դրսեւորել, որ բոլորը քեզ հարգեն, դա վատ բան չի: Որովհետեւ ոչ թե խուլիգանությամբ ես հասել դրան, այլ՝ ճիշտ պահելաձեւով, ճիշտ հարաբերությունների շնորհիվ: Մանավանդ Իտալիան, Հռոմը, որն այնպիսի քաղաք է, որ եթե քեզ սխալ պահես՝ մի րոպեում քեզ դուրս կշպրտեն: Եթե դու՝ մի հայ տղա, կարողացել ես հասնել այդ հարգանքին, որ քո մասին Իտալիայում այդպես խոսեն, ընդունեն, Դոնի պես սիրեն-հարգեն, դրանում որեւէ վատ բան չեմ տեսնում: Փողոցում տեսնում են, ասում են՝ «Բարեւ ձեզ, Դոն Պիպո», հիմա դրա մեջ ի՞նչ վատ բան կա: Դա դիմելաձեւ է, ոնց որ մեր պարոնը, ընդամենը դիմելու, հարգանքի նշան է: Իտալացիք պարզապես մարդկանց հարգել-սիրել-գնահատել գիտեն:
– Ո՞րն էր Հայաստանից հեռանալուդ պատճառը, տարբեր վարկածներ են հնչում գեներալ Մանվել Գրիգորյանի հետ ընդհարվելու մասին:
– Մեր մեջ ընդհանրապես ընդհարում, որպես այդպիսին, չի եղել, սուտ խոսակցություններ են: Մի անգամ ուղղակի հեռախոսային խոսակցության ժամանակ ենք ընդհարվել, ես շատ կոպիտ եմ արտահայտվել, որովհետեւ ինքը սխալ էր: Նրա կողմնակիցները միշտ հարգանքով են վերաբերվել, իմացել են, որ իմ հանդեպ չի կարելի անհարգալից որեւէ բան անել: Իրենք երբեք իմ գործերի մեջ քիթները չեն մտցրել: Ոչ մի անգամ: Էդ անգամ խմացրել էին նրան, կողքից որոշ մարդիկ խառնակչել էին: Նա այդ ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարար էր արդեն, 2000-2001 թվականներին էր: Դրանից հետո ժողովուրդը սարքել ա լեգենդ: Ինքը դրանից հետո փորձեց տարբեր մարդկանց միջոցով խոսել ինձ հետ, ես հրաժարվեցի, քանի որ մենք տարբեր մարդիկ ենք, մեր ճանապարհները ոչ մի ձեւ չեն հատվում: Ինքն՝ իր համար, ես՝ իմ համար: Վերջերս Հայաստանում էի, որոշ մարդիկ շահագրգռված էին որպեսզի մեր մեջ ընդհարում լինի, հատկապես, որ հիմա այլեւս փոխնախարար չէ ու իշխանությունների հովանավորությունը չի վայելում, բայց ես ինձ ավելի վեր եմ դասում: Ես երբեք ընկածին չեմ հարվածի: Ինձ դա չի սազի: Նաեւ ես երբեք չեմ կարող ինձ թույլ տալ իրենց պես, ասենք, 20-40 թիկնապահներով խեղճ մարդու վրա հասնել, ծեծել: Ես չեմ կարող այդ մակարդակին իջնել: Ես եթե խոսելու բան ունենամ՝ մենակ կխոսեմ ու կբացատրեմ, թե ինչը ինչի համար եմ անում: Ոչ թե խուլիգանություն կանեմ, ու գնամ քնելուց ինքս իմ մեջ մտածեմ՝ ես էս ինչ սրիկա եմ…
Մարդու արժեքը գիտե՞ք որն է՝ ճիշտ ապրելը:
Երբ մարդը սխալ է ապրում, ու երբ մի օր իր ոտքը սայթաքում ա՝ ընկնում ա, ու իր կողքինները, հարազատները երես են թեքում, շրջվում են իրենից, նույնիսկ ամենամտերիմ հարազատները՝ հարազատ եղբոր տղաները, որոնք իր շնորհիվ ունեցվածք են ունեցել, գործի-փողի տեր են դարձել, ու հանկարծ մի օրում դավաճանում են՝ իր դեմ են դուրս գալիս, դա հենց այդ մարդու ապրածի, կյանքում գործած սխալների գնահատականն ու պատիժն ա:
– Հայաստան հետ գալու մասին մտածո՞ւմ ես:
– Հայաստան կվերադառնանք այն դեպքում, երբ որ երկրում պայմանները բոլորի համար հավասար լինեն: Առաջ ո՞նց ենք ապրել, ծնողը՝ ծնող է եղել, մեծի նկատմամբ հարգանք է եղել: Պետք է ազատություն լինի, հարգանք լինի, որ կարողանանք մեր երկրին օգուտ տանք: Եթե մենք պիտի գանք ու մեզ ինչ-որ մարդիկ փորձեն թելադրել՝ ինչ անել, ապա դա հնարավոր չէ, մենք երբեք աշակերտ չենք եղել: Մենք ունեցել ենք մեր տղամարդկային արժանապատվությունը: Մենք միշտ մեր կարծիքն ենք ունեցել, տղամարդկությունը նրանում է, որ դու քո կարծիքն ունենաս: Պետք է հարգանք լինի բոլորի նկատմամբ, ոչ թե մի քանիսին արտոնություններ տրվեն, մյուսներին անտեսեն:
– Ամիսներ առաջ Հայաստանում էիր, երկար բացակայությունից հետո Հայաստանը ո՞նց տեսար:
– Իհարկե, միշտ տեղեկություններ ստանում եմ, հետեւում եմ լուրերին, բայց դեռ հին տպավորություններս էին մնացել: Հայաստանն այս տարիների ընթացքում բավական հարցերում առաջ է ընթացել, զարգացել է, հատկապես՝ մայրաքաղաքը, բայց, իհարկե, մարզերում վիճակը դեռեւս ծանր է, շատ անելիքներ կան: Էջմիածինը՝ իմ հարազատ քաղաքը, վատ վիճակում էր, քաղաքային շատրվանների միայն երկաթներն էին մնացել, ցեմենտներն էլ էին պոկել: Մարդկանց մեծ մասի դեմքերը տխուր էին, խամրած-հոգնած էին: Շատ մարդիկ անգործ էին: Բայց կարեւորն այն է, որ մարդիկ մեծ հույսեր են կապում Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ` վստահ լինելով, որ իրենց կյանքը կբարելավվի, լավ փոփոխություններ կլինեն: Ժողովրդի հետ շփվելով՝ նկատեցի, որ տղամարդիկ մի տեսակ ջարդված էին: Տղամարդը պետք է աշխատանք ունենա, որ կարողանա իր ընտանիքը պահել: Այսօր դա շատ կարեւոր խնդիր է:
– Իսկ ի՞նչ է պետք անել:
– Պետք է վստահություն առաջացնել: Հավատ, վստահություն ներշնչող քայլեր անել: Պետք է իշխանությունները ցույց տան, որ իսկապես ցավում են, որ իսկապես ուզում են գործ անել երկրի համար, էս ժողովրդի համար լավ պայմաններ ստեղծել: Ժողովուրդը իշխանության մասին չպետք է մտածի` սրանք գնացին, նրանք էկան: Հարկավոր է ժողովրդին վերակենդանացնել: Սա նման է նրան, որ մարդը սառույցի մեջ է, ու պետք է այդ սառույցը կամաց-կամաց հալեցնել, տաքացնել: Ամենակարեւորը, որ էսօրվա մեծացող ջահել սերնդին կարողանան ճիշտ ուղու վրա կանգնեցնել: Ոչ թե ուզենան նմանվել օլիգարխներին, որոնցից շատերը ժամանակին իրենցից ոչինչ չեն ներկայացրել, բայց էսօր էդ ժողովրդի հաշվին փող են աշխատում, այլ նմանվեն էն տղերքին, ովքեր իրոք էս ազգի մեջ հերոս են եղել, անուն են ունեցել: Նմանվեն էն մարդկանց, ովքեր մեր ազգի համար մեծ արժեքներ են ստեղծել: Էսօրվա էրեխուն հարցնում ես՝ ի՞նչ ես ուզում դառնալ, ասում ա՝ «ախրաննիկ»: Հայը ի՞նչ իրավունք ունի «ախրաննիկ» դառնա, հո մենք «ախրաննիկների» երկիր չե՞նք: Պետք է առողջ մտածելակերպ առաջանա: Ջահելությունը պետք է ապագա տեսնի, անելիք ունենա, պետք է նրանք գործով զբաղվեն եւ ոչ թե թզբեհներն առնեն ու փողոցներում կանգնեն:
– Իսկ դու ինքդ «ախրաննիկ» չե՞ս պահել երբեւէ:
– Ես կյանքում թիկնապահ, ինչպես ասում են՝ «ախրաննիկ» չեմ պահել: Իմ հետ պարզապես միշտ եղել են իմ ընկերները, որոնք ինձ նվիրված են, ում հետ միասին մեծացել ենք, մերը միշտ եղել է ընկերություն, հարազատություն, ընտանիքներով բարեկամություն, հոգեհարազատ եղբայրություն:
– Օրը ցերեկով կրակում են իրար վրա, ռազբորկաներ, թաղային հեղինակությունների միջեւ կռիվներ…
– Ո՞ւր է թաղային հեղինակություն, կարո՞ղ ես ինձ ասել: Համեմատենք էն թվերի հետ, երբ կային իսկական հեղինակություններ, տեսնենք՝ էն թվերի՞ն են գողությունները, հանցագործությունները, սպանություններն ավելի շատ եղել, թե՞ հիմա: Համեմատենք այն ժամանակների հետ, երբ իսկական հեղինակություններ կային, ու հիմա, որ ով փող ունի՝ իրեն հեղինակություն է համարում: Էն ժամանակներում ոչ թե հեղինակություններ են եղել, այլ եղել են հարգված տղերք, որոնց խոսքն ընդունելի է եղել: Ժամանակին միլպետները զանգում էին լավ տղերքին, ու նրանք մի րոպեում էդ հարցը լուծում-կարգավորում էին: Ու ոչ մի անգամ նման բեսպրեդել չի եղել: Հիմա 14 տարեկանից մինչեւ 50 տարեկան՝ առանց զենքի տնից դուրս չեն գալիս: Խնդիրն էլ հենց նրանում է, որ հիմա չկա հեղինակություն: Առաջ բոլորն իրար հարգում էին, որովհետեւ գիտեին՝ եթե իրենք օրը ցերեկով կամ ընդհանրապես քաղաքում բեսպրեդել անեին, քաղաքի մեծ, հեղինակավոր մարդիկ իրենց կկանչեին ու կասեին, որ իրենք սրիկայություն են արել, ու ամոթանք կտային: Ի՞նչ իրավունք ունեին ինչ-որ մեկի վրա ձեռք բարձրացնել: Աստված է մարդուն կյանքը տվել, ու ոչ ոք, Աստծուց բացի, իրավունք չունի այն խլել: Հարցը ճշտության մեջ ա: Կամ, ո՞նց կարելի է, նորմալ մարդու վրա մի հատ շան տղու «ախրաննիկ» ձեռք բարձրացնի: Մարդ, որն իր ամբողջ կյանքում իր ինքնասիրությունը հարգելով է ապրել, կարող է՝ գնան-տնից հանեն, կնոջ եւ երեխաների մոտ ծեծեն, դա՞ է մեր երկրի ճիշտը: Բա էդ մարդու արժանապատվությունը վիրավորում են, ընտանիքի, երեխաների մոտ նվաստացնում-ծեծում են, ինչ է թե՝ ինքը փող չունի, չի կարող ինքն էլ «ախրաննիկ» պահել: Դրանք միայն թույլ մարդիկ են: Նման մարդիկ, երբ դուրս են գալիս ուրիշ երկիր՝ կորում են, փոքր մարդ են դառնում, նույնիսկ օդանավակայանում են կորում: Մինչեւ մեծ քաղաքների շենքերի ռեկլամներին նայում են, մեկ էլ տեսնում են, որ կորել են, ոչ լեզու գիտեն, ոչինչ, չեն էլ ուզում սովորել: Հայ տղամարդը պետք է օրինակելի լինի: Իտալացիք իրենցը պահել են, իրենց տղամարդկությունը, արժանապատվությունը պահել են, հարգել են ծնողին, մեծին, իրենց ընտանիքը:
Իսկ Հայաստանում շատերը հենց ուժեղ, ինքնասիրություն, արժանապատվություն ունեցող մարդ են տեսնում, ուզում են ոտքի տակ սապոն դնեն, որովհետեւ իրենց լավ տղա, կարծիք ունեցող մարդիկ պետք չեն, պետք են սրիկա մարդիկ, որ իրենց հրամանները կատարեն: Սեփական կարծիք ունեցող տղամարդ պետք չէ: Պետք է քծնող, օճառները միշտ ձեռքներին պատրաստ պահած տղամարդիկ:
Հռոմ-Երեւան