ԱԺ-ի հունիսի 16-ի արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը, առանց ավելորդ աղմուկի ընդունվեց նաեւ ֆինանսական ոլորտին վերաբերող մի օրենսդրական փաթեթ, որի մասին ոչինչ չասվեց։ Ընդ որում, բավական կարեւոր այս փաթեթը նույն օրն ընդունվեց միանգամից երեք ընթերցմամբ եւ ներկայացվել է նախագահի վավերացմանը։
Առաջին, երկրորդ եւ երրորդ ընթերցումներն, ինչպես հուշում է առողջ տրամաբանությունը, ինքնանպատակ չեն. դրանք նախատեսված են, որպեսզի մեր օրենսդիրները ժամանակ ունենան ծանոթանալ օրենքին, դիտողություններ եւ առաջարկություններ անել, շտկել որոշ կետեր։ Բայց նշված օրենքը բոլոր 3 ընթերցումներն անցել է մոտ 2 ժամում, ընդ որում՝ երրորդ ընթերցման քվեարկությունը տեղի է ունեցել երկրորդից րոպեներ անց։ ԱԺ-ի հաստատմանը դրված է եղել 3 նոր օրենքի նախագիծ՝ դրա հետ կապված այլ օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկներով, այսինքն՝ միայն ծանոթանալու առումով բավական ժամանակ պահանջող փաթեթ է եղել։ Ստացվում է՝ մեր օրենսդիրներն օժտված են գերբնական ունակություններով։
Հիմա ներկայացնենք, թե ինչ փաթեթի մասին է խոսքը։ Այն ներառում է 3 նոր օրենքներ՝ «Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին», «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքները եւ դրանց հետ կապված այլ օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերը։
Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունն է, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը, ֆինանսական միջնորդության ավելացումը: «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի ընդունման նպատակը բանկերի կողմից ավանդների ներգրավման պայմանների եւ կարգի վերաբերյալ միասնական կանոնների սահմանումը եւ այդ կանոնների միջոցով սպառողների իրավունքների պաշտպանությունն է: Օրենքը կարգավորում է բանկերի կողմից ավանդների ներգրավման ժամանակ բացահայտվող տեղեկատվության շրջանակը, այդ տեղեկատվության տրամադրման, հաշիվների եւ ավանդային պայմանագրերի գովազդման, ավանդների նկատմամբ տոկոսների հաշվարկման կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ՝ ավանդատուների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանող այլ իրավահարաբերություններ:
Վերը նշված երկու օրենքները, ըստ էության, ի օգուտ սպառողների են, եւ, ընդհանուր առմամբ, վատ օրենքներ չեն։ Իսկ երրորդը՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքը, թեեւ նույնպես սպառողների շահերից է բխում, սակայն բազմաթիվ հարցադրումներ է առաջ քաշում։
«Սույն օրենքի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, նրանց պահանջների արագ, արդյունավետ եւ անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը եւ ֆինանսական միջնորդության ավելացումն է»,- ասվում է օրենքի նախաբանում:
Իսկ ավելի պարզ լեզվով, այս օրենքի իմաստը հետեւյալն է. ստեղծվում է մի ինստիտուտ, որ կատարում է հաշտարարի դեր՝ ֆիզիկական անձանց եւ ֆինանսական կազմակերպությունների՝ բանկերի, ապահովագրական ընկերությունների, գրավատների եւ այլն, միջեւ։ Այս կառույցին դիմելու իրավունք ունեն միայն ֆինանսական կազմակերպությունների հաճախորդները՝ ֆիզիկական անձինք, այն դեպքում, երբ նրանց պահանջները չեն գերազանցում 10 մլն ՀՀ դրամը։ Պահանջի քննությունն անվճար է, հաճախորդից որեւէ գումար չի գանձվում։ Ընդ որում, որոշման վիճարկման կարգն ի օգուտ դիմողի է. եթե վճիռը նրա «սրտով» է, նա 30-օրյա ժամկետում գրավոր համաձայնում է որոշման հետ, եւ այն դառնում է պարտադիր երկու կողմերի համար, որից հետո համապատասխան ծանուցում է ուղարկում ֆինանսական կազմակերպությանը։ Եթե վերջինս համաձայն չէ այդ որոշման հետ, ապա ծանուցումը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում կարող է վիճարկել հաշտարարի որոշումն իրավասու դատարանում։ Իսկ օրենքի հետ կապված հարցադրումներն առաջանում են հենց այս կետից սկսած: Ուշադրություն դարձնենք «մեկ ամսվա ընթացքում» ձեւակերպմանը։ Փաստորեն, ըստ օրենքի տրամաբանության, եթե 1 ամիսը լրանա, հաշտարարի որոշումից դժգոհ ընկերությունը չի կարող դիմել դատարան։ Իսկ ՀՀ Սահմանադրությունը բոլորին հնարավորություն է տալիս դիմել դատարան՝ առանց ժամկետային սահմանափակումների։ Ստացվում է, որ օրենքը սահմանափակում է դատարան դիմելու իրավունքը եւ հակասում Սահմանադրությանը։
Օրենքի մյուս կետերը եւս բավական հետաքրքիր են, սակայն մինչեւ դրանց անցնելը՝ նշենք, թե ինչ է իրենից ներկայացնելու այս կառույցը։ Եվ այսպես՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կառավարման մարմիններն են՝ Խորհուրդը, Գրասենյակի կառավարիչը եւ վերստուգիչ հանձնաժողովը։ «Հարց լուծողը», ինչպես կարող եք գլխի ընկնել, հենց խորհուրդն է, որը նշանակում է գրասենյակի կառավարչին կամ հաշտարարին (ի դեպ, ֆինանսիստների շրջանում այս պաշտոնն անվանում են Ֆինանսական օմբուդսմեն)։ Խորհուրդը կազմված է 7 անդամներից, որոնցից մեկին նշանակում է ՀՀ կառավարությունը, մեկին՝ Կենտրոնական բանկի խորհուրդը, մեկին՝ սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները։ Մյուս 4-ին նշանակում են ֆինանսական կազմակերպությունների միությունները, ընդ որում՝ միայն նրանք, որոնց պետական գրանցման օրվանից անցել է առնվազն 5 տարի։ Հենց այս խորհուրդն էլ նշանակում է Ֆինանսական համակարգի հաշտարարին՝ 4 տարի ժամկետով։ Ըստ օրենքի, Ֆինանսական հաշտարար չի կարող լինել այն անձը, ով վերջին 3 տարիների ընթացքում աշխատել է որեւէ մասնավոր ֆինանսական կազմակերպությունում։ Այլ կերպ ասած՝ նա մինչ այդ կամ պետք է գործազուրկ եղած լինի, կամ զբաղված լինի հասարակական կամ պետական աշխատանքով։ Նա չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել որեւէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, պաշտոն զբաղեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում։ Ինչպես օրենքն է ասում, նա «պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա անկախությունը եւ անաչառությունը»։ Բացի այդ, կրկին ըստ օրենքի, Ֆինանսական համակարգի հաշտարարը պետք է ունենա բարձրագույն կրթություն (չի նշվում՝ ինչ մասնագիտությամբ, այսինքն` չի բացառվում, որ հաշտարարը լինի, ասենք, բանասեր), ունենա առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ (այս դեպքում էլ անորոշ է՝ ինչ ոլորտում) եւ, ուշադրություն՝ ունենա «բարձր հեղինակություն»։ Վերջինը, իհարկե, սուբյեկտիվ մոտեցում է պահանջում՝ կախված նրանից, թե խորհրդի ապագա անդամները բարձր հեղինակության մասին ինչ պատկերացումներ կունենան։ Մի բան պարզ է՝ ըստ օրենքի, ֆինանսական համակարգի հաշտարարը պետք է լինի շատ պրոֆեսիոնալ, բանիմաց, անկախ, անաչառ անձնավորություն։ Իսկ որպեսզի մարդը լավ աշխատի եւ անաչառ լինի, իհարկե, նրան պետք է նորմալ վարձատրել։ Օրենքը նախատեսում է բավական բարձր աշխատավարձ՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի աշխատավարձը չպետք է պակաս լինի բանկային համակարգում վարձատրության միջին չափի եռապատիկից»։
Վարձատրության մասին դեռ կխոսենք, սակայն մինչ այդ եւս մեկ անգամ հիշեցնենք՝ ինչ էր իրենից ներկայացնում այս կառույցը։ Եվ այսպես, այն մի կառույց է, որի խորհրդի անդամների մի մասին նշանակում է պետությունը՝ ի դեմս կառավարության եւ ԿԲ-ի, իսկ հաշտարարը չի կարող այլ գործով զբաղվել, ինչը նման է չինովնիկներին ներկայացվող պահանջներին։ Ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ՝ լա՛վ, վերջապես ի՞նչ կարգավիճակ է ունենալու այս կառույցը՝ այն պետակա՞ն մարմին է, մասնավո՞ր, թե՞ դրանց արանքում գտնվող ինչ-որ բան է։ Այս հարցի պատասխանը տալիս է օրենքի 23-րդ հոդվածը՝ Գրասենյակի իրավական կարգավիճակը. «Գրասենյակը հիմնադրամ է, որի հիմնադիրը Կենտրոնական բանկն է»։ Իսկ քանի որ ԿԲ-ն, ըստ օրենքի, ոչ թե պետական, այլ անկախ կազմակերպություն է, հետեւաբար՝ այս մարմինը եւս պետք է լինի անկախ, ոչ պետական։
Այնուամենայնիվ, այս կառույցի հետ կապված ամենահետաքրքիր մասը վերաբերում է հաշտարարի վարձատրությանը եւ «այլ ծախսերին»։ Ո՞վ պետք է ֆինանսավորի դրանք։ Ենթադրում եք՝ հիմնադի՞րը՝ Կենտրոնական բա՞նկը։ Ամենեւին: Վճարելու են ֆինանսական կազմակերպությունները։ Բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում. բանկերը, գրավատները, վարկային ընկերությունները վճարում են, որ ԿԲ-ի ստեղծած մարմինն իրենց դեմ ներկայացվող պահանջները քննի։ Պարադոքս է՝ սեփական շահերը հետապնդող ընկերությունները, պարզվում է, տնտեսական մազոխիզմով են զբաղված։ Սակայն, երբ կարդում ենք օրենքը, ակնհայտ է դառնում, որ ո՛չ հակասություն կա, ո՛չ էլ մազոխիզմի դրսեւորում։ Ֆինանսական կազմակերպությունները ոչ թե սեփական կամքով են վճարում, այլ՝ նրանց համար նախատեսված են ՊԱՐՏԱԴԻՐ տարեկան դրույքաչափեր՝ բանկերի համար՝ նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.001 տոկոսը, վարկային կազմակերպությունների համար՝ 0.15 տոկոսը, ապահովագրական ընկերությունների համար՝ նախորդ տարվա ընթացքում հավաքագրված պարգեւների 0.15%-ը, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների համար՝ 90 հազար դրամ, գրավատների համար՝ 45 հազար դրամ, արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձանց համար՝ 30 հազար դրամ։ Այդ վճարները մուտքագրվում են ԿԲ-ում վարվող հատուկ հաշվին, ֆինանսական կազմակերպությունների համար համարվում են ծախս եւ վերադարձման ենթակա չեն։ Բայց դեռ բոլորը չէ. օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետն ասում է. «Եթե Կազմակերպությունների կողմից կատարվող պարտադիր վճարները չեն բավականացնում Գրասենյակի հաստատված բյուջեն կատարելու համար, ապա Կազմակերպությունները կատարում են լրացուցիչ վճարներ»։ Այսինքն՝ եթե, օրինակ, խորհուրդը հաջորդ տարվա բյուջեի մեջ ներառի «վերապատրաստման նպատակով» երկշաբաթյա ուղեւորություն դեպի Դուբայ, ապա մեր բանկիրները պետք է սուսուփուս վճարեն Բուրչ ալ Արաբ հյուրանոցի վարձն ու մնացած «մանր-մունր» ծախսերը։
Այսպիսով, նոր ստեղծվելիք այս կառույցի հետ կապված՝ կա երեք «հետաքրքիր» կետ։ Առաջին՝ ինչպես նշեցինք, Ֆինանսական հաշտարարի գրասենյակը չի կարող լինել պետական մարմին, այն ընդամենը ԿԲ-ի կողմից ստեղծված հիմնադրամ է։ Եվ իրավագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ չի կարելի ոչ պետական մի մարմնի (տվյալ դեպքում՝ մասնավոր ֆինանսական ընկերությանը) օրենքով պարտադրել, որ նա վճարում կատարի մեկ այլ ոչ պետական մարմնի։
Երկրորդ՝ նման «մանր-մունր» բաները մեր օրենսդիրների համար կարեւոր չեն։ Երրորդ ընթերցման ժամանակ քվեարկել են 74 պատգամավոր՝ 67 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ։ Նշենք, որ դեմ քվեարկել են «Ժառանգության» 4 պատգամավորները եւ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
Եվ երրորդ՝ թերեւս ամենազարմանալի հանգամանքը։ Եթե նախորդ երկու կետերի պարագայում ըստ էության արդեն չենք զարմանում (որ պատգամավորներից շատերը թքած ունեն օրենքների վրա եւ առանց կարդալու կարող են կողմ քվեարկել անգամ իրենց Հայաստանից արտաքսելու մասին օրենքին), եթե ԿԲ-ի համար շատ էլ ձեռնտու է ստեղծել հերթական կառույցը՝ ուրիշների ֆինանսավորմամբ, ապա այդ ՈՒՐԻՇՆԵՐԻ՝ բանկերի եւ մյուս կազմակերպությունների գործելաոճն է շատ անհասկանալի։ Իհարկե, նրա՛նք չեն օրենք ընդունողները, բայց գոնե կարող են ընդդիմանալ, դիրքորոշում արտահայտել։ Շաբաթ օրը, երբ վարչապետը Դիլիջանում խոսում էր այդտեղ ֆինանսական կենտրոն հիմնելու, բանկային ոլորտի զարգացման եւ այլ բաների մասին, բանկիրներից եւ ոչ մեկը չասաց՝ մեր շահերը ոտնահարելով ինչպե՞ս եք ֆինանսական կենտրոն կառուցում։ Համենայնդեպս, հրապարակավ նման դիրքորոշում կամ հարցադրում չի հնչել: Եվ մնում է եզրակացնել, որ կամ մենք ենք սխալվում՝ սա բանկերի շահերին դեմ չէ, կամ էլ՝ դեմ է, սակայն նրանք չեն համարձակվում բողոքի ձայն բարձրացնել։ Եթե այդպես է, ուրեմն առաջիկայում ունենալու ենք ոչ թե «ֆինանսական կենտրոն», այլ՝ «Կենտրոնի ֆինանսավորում»՝ կամավոր հիմունքներով եւ առանց ավելորդ դժգոհությունների։