– Դատարանների նկատմամբ անվստահությունը հատկապես վերջին շրջանում բավական խորացել է: Դատարաններում երբեմն այնպիսի մթնոլորտ է տիրում, որ թվում է՝ եթե դատարանը վճիռ կայացնի, թե մածունը սպիտակ է, բոլորը կպնդեն հակառակը: Ինչո՞վ եք բացատրում ներկա վիճակը:
– Դատարանների նկատմամբ հանրության վստահության մակարդակն իսկապես ցածր է: Բայց ես դեմ եմ այս երեւույթի բացարձակացմանը: Վստահության դեֆիցիտը դատարանների նկատմամբ ավելին չէ, քան իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ: Թերեւս դատարանների նկատմամբ վստահության պակասի մասին քննարկումների ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ հասարակությունն ավելի մեծ ակնկալիքներ ունի դատարաններից: Սա պայմանավորված է նրանով, որ դատարանն է, ըստ էության, իրավունքի վերականգնման վերջին եւ ամենակարեւոր ատյանը: Ստեղծված իրավիճակն ունի մի քանի պատճառներ, մասնավորապես՝ կողմնակալության դրսեւորումները (հատկապես՝ կաշառակերության դեպքերը), գործադիր իշխանության (այդ թվում նաեւ` Դատախազության) միջամտության փորձերը, արդարադատության իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելու հնարավորությունը (ինչը միշտ հնարավորություն է տալիս բարձրացնել «անհնազանդ» դատավորի հարցը), եւ վերջապես՝ դատավորական էթիկան խախտող եւ կողմնակալ վարքագիծ դրսեւորող դատավորին պատժելու արդյունավետ համակարգի բացակայությունը:
Վերջերս Հանրապետության Նախագահին եմ ներկայացրել դատարաններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, դրանց նկատմամբ պետության եւ քաղաքացիական հասարակության կառույցների վերահսկողության ուժեղացման միջոցով դատական համակարգի իրական անկախությանը եւ դատարանների նկատմամբ հանրության վստահության մակարդակի բարձրացումն ապահովող միջոցառումների ծրագիր: Գոհունակությամբ պիտի արձանագրեմ, որ Նախագահը հիմնական գծերով հավանություն է տվել այդ ծրագրին: Ներկայումս այն անցնում է քննարկումների ընթացակարգ:
– Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված այդ ծրագրում: Ի՞նչ առաջնահերթ օրենսդրական փոփոխություններ են պետք, որ դատարաններն իրոք անկախ ու անկաշկանդ լինեն՝ արդարադատություն կայացնելու դժվարին գործում:
– Միջոցառումները բազմաբնույթ են լինելու: Իմ հիշատակած ծրագրի իրագործման հաջողությունը կախված է լինելու առաջարկվող միջոցառումների ողջ կոմպլեքսի նպատակաուղղված իրագործումից: Իրագործումը չպետք է քողածածկույթի բնույթ կրի, միջոցառումների կոմպլեքսը պետք է իրագործվի ամբողջական: Կոնտեքստից կտրված որեւէ միջոցառում արդյունավետ չի կարող լինել: Սակայն, նախ ցանկանում եմ խոսել մի հարցի մասին, որի լուծումը հանդիսանալու է նախադրյալ համակարգային անկախության հաստատման եւ կոռուպցիայի վերացման խնդիրը լուծելու համար: Դա դատավորի աշխատանքի վարձատրության խնդիրն է:
Ներկայումս առաջին ատյանի դատավորի պաշտոնային դրույքաչափը կազմում է 220.000 ՀՀ դրամ: Ակնհայտ է, որ մարդը չի կարող նման վարձատրությամբ հոգալ իր ծախսերը եւ ունենալ բավարար կենսամակարդակ: Իսկ եթե հաշվի առնենք գործազրկության ծավալները մեր երկրում, ապա դատավորների մեծ մասը ստիպված է հոգալ նաեւ իր ընտանիքի կարիքները: Հիմա պատկերացրեք հայաստանցուն, որը 220.000 ՀՀ դրամով հոգում է իր, ամուսնու եւ երեխաների ծախսերը, միաժամանակ չունի իրավունք զբաղվելու այլ վճարովի աշխատանքով: Տխուր պատկեր ստացանք, այնպես չէ՞:
– Արդյո՞ք միայն դատավորների աշխատավարձերի ցածր լինելն է դատական կոռուպցիայի առկայության պատճառը: Ո՞րն է այն սահմանը, մինչեւ որը կարող է բարձրանալ դատավորի աշխատավարձը, որպեսզի նա կաշառք չվերցնի: Ի վերջո՝ շատից շատ տվող էլ կգտնվի:
– Նախ ասեմ, որ աշխատավարձի բարձրացման խնդիրը ոչ միայն կաշառքի կանխարգելումն է (թեեւ ինքնին դա խնդիրներից մեկն է): Ոչ պակաս կարեւոր խնդիր է համակարգը որակյալ կադրերով համալրելը: Եթե իրավաբանի աշխատանքը մասնավոր հատվածում վարձատրվում է մի քանի անգամ ավելի, քան դատավորի աշխատանքը, մենք չենք կարողանա բարձրորակ իրավաբաններ ներգրավել: Ավելին, գործող դատավորները եւս կսկսեն լքել համակարգը (ինչպես եղավ Վրաստանում): Չեմ կարծում, որ ցածր վարձատրվող, բայց միաժամանակ ցածր մասնագիտական կարողություն ունեցող դատավորները բարիք կլինեն հասարակության համար:
Երկրորդ, հասարակության մեջ, որտեղ տալ-վերցնելը դեռ խորհրդային տարիներից ընդունված երեւույթ է, պետք է մարդկանց (դատավորների) առաջ խնդիր դնես իսպառ բացառելու կողմնակալ վերաբերմունքը: Կաշառքը դեռ մի բան, իսկ մերձավոր ազգականի կամ ընկերոջ խնդրա՞նքը: Կարծում եք՝ հե՞շտ է մերժել: Կարճ ասած, պիտի ստեղծենք «Դոնքիշոտների» մի բանակ, որոնք ձեռնոց են նետելու հասարակության մեջ կարծրացած արատներին: Սա բարդագույն դերակատարություն է, բայց, համոզված եմ՝ իրագործելի: Սակայն հասարակությունն ինքը պետք է վճարի դրա դիմաց:
Երրորդ, դատական համակարգում աշխատավարձերի բարձրացումը չի կարելի կապել պետական այլ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հետ: Այս ռեֆորմը պետք է լինի ընդհանուր համակարգային տրամաբանությունից տարբերվող, բնորոշվող աշխատավարձի կտրուկ բարձրացմամբ: Եթե Ձեզ շատ է հետաքրքրում չափը, ապա ասեմ. դատավորը պետք է վարձատրվի ոչ պակաս, քան մասնավոր հատվածում աշխատող բարձրորակ իրավաբանները: Իմ գնահատմամբ՝ առնվազն 7-8 անգամ պետք է բարձրանա պաշտոնային դրույքաչափը:
Իսկ ինչո՞ւ պետք է սկսել դատարաններից: Իմ խորին համոզմամբ՝ դատարաններն այն ինստիտուտներն են, որոնց առողջացումը շղթայական առողջացման կբերի պետական ողջ մեքենան:
– Իսկ ի՞նչ այլ միջոցառումներ պիտի իրականացվեն աշխատավարձի բարձրացմանը զուգընթաց: Չէ՞ որ, եթե չլինի դատավորին զսպող լծակը, այդ աշխատավարձը կդառնա ընդամենը դատավորի «հավելյալ աշխատավարձ»:
– Համաձայն եմ, կարող է դառնալ, սակայն ես տեսնում եմ դրա հակաքայլերը:
Դրանցից առաջինը, թերեւս, դատավորի վարքագծի կանոններն են: Դատավորի վարքագծի` օրենքով սահմանված կանոնները բավականին ընդգրկուն են եւ, թերեւս, Հայաստանում գործող մասնագիտական վարքագծի կանոններից ամենախիստը: Հիմնական խնդիրն այս կանոնների իրապես կիրառումն է:
Դրա համար անհրաժեշտ է ստեղծել վարքագծի կանոնների խախտման փաստերի հայտնաբերման արդյունավետ խողովակներ (ընդհուպ` օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները), ակտիվացնել էթիկայի վերահսկողության մարմնի գործունեությունը՝ օժտելով նրան դեպքը հետաքննելու իրավասությամբ: Սա հնարավորություն կտա վարքագծի էական շեղումներ դրսեւորած դատավորին հայտնաբերել եւ ենթարկել կարգապահական պատասխանատվության (ընդհուպ՝ մինչեւ պաշտոնանկություն)` չսպասելով քրեական հետապնդման արդյունքներին, ինչն ավելի ժամանակատար եւ առաջադրված խնդրի տեսակետից ոչ արդյունավետ միջոց է:
Անհրաժեշտ է նաեւ սահմանել կարգապահական պատասխանատվության այնպիսի չափանիշներ, որոնք կստիպեն դատավորին հետեւել այդ կանոնների պահպանմանը: Մասնավորապես, պիտի խստացվի պատասխանատվությունն այնպիսի խախտումների համար, ինչպիսիք են ընդդիմազերծ հաղորդակցությունը (հաղորդակցությունը գործով մեկ կողմի հետ՝ առանց մյուս կողմին տեղեկացնելու), կողմնակալության ակնհայտ դրսեւորումները գործի քննության ընթացքում, եւ այլն:
Իմ կարծիքով՝ մեզանում արդեն հասունացել է դատավորի գործունեության գնահատման օբյեկտիվ համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Վերջերս դատական համակարգի պատվիրակություն էր գտնվում Պորտուգալիայում, որտեղ մեր գործընկերները ծանոթացել են շատ հետաքրքիր փորձի: Կարծում եմ՝ մոտ ժամանակներս մենք կփորձենք ստեղծել նման մի համակարգ Հայաստանում:
– Իսկ ինչպիսի՞ քրեական միջոցներ պիտի նախատեսվեն դատարաններում կոռուպցիայի դեմ պայքարելու համար:
Քրեական օրենսդրությունն արդեն իսկ նախատեսում է խստագույն պատասխանատվություն դատավորի կողմից կաշառք ստանալու համար (ազատազրկում յոթից տաuներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա): Այս առումով Հայաստանը դասվում է դատավորի կաշառքի համար ամենախիստ պատասխանատվություն նախատեսող երկրների թվին: Խնդիրն այստեղ կայանում է պատժի անխուսափելիության մեջ:
Կարծում եմ՝ օրենսդրության առումով բոլոր լծակները կան, եւ այստեղ բան չունենք ավելացնելու:
Գտնում եմ, որ կարելի է գնալ քրեաիրավական առումով խստացման կաշառք տալու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու եւ դատավորին զրպարտելու, դատավորին` իր գործունեության կապակցությամբ հետապնդելու համար: Նման հանցագործությունները պիտի պատժվեն բացառապես ազատազրկմամբ:
– Մտահոգություն չունե՞ք արդյոք, որ Ձեր նշած խստացումները կարող են կիրառվել ընտրանքային: Մասնավորապես, դրանք կարող են կիրառվել ոչ թե կաշառք վերցնող, այլ պատվերներ կատարելուց հրաժարվող դատավորների նկատմամբ:
– Կա նման մտահոգություն: Ակնհայտ է, որ դատարանների անկախացմանն ու ամրապնդմանը զուգահեռ՝ էականորեն նվազելու են այն կոռուպցիոն ազդեցության լծակները, որոնք գործել են մինչ այդ, եղել են հասարակության համար թեեւ դժգոհության առիթներ տվող, սակայն, մեծ հաշվով, «ընդունված խաղի կանոններ». կաշառքը` քաղաքացիների եւ բիզնեսի ներկայացուցիչների համար, «հեռախոսային իրավունքը» տարբեր մակարդակների պաշտոնյաների համար եւ այլն:
Ազդեցության նման լծակների վերացումն առաջացնելու է այդ սուբյեկտների հակազդեցությունը: Հետեւաբար, անհրաժեշտ է մշակել միջոցառումների շարք, որոնց միջոցով իր գործունեությանը միջամտած կամ ծայրահեղ անարդար հետապնդման ենթարկված դատավորը կկարողանա պաշտպանվել:
Որպես նախապայման՝ անհրաժեշտ է վերանայել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը: Գործող օրենքում որպես կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է նախատեսված դատական սխալը: Այս դրույթը դանդաղ գործողության այն ռումբն է, որն անպայման պայթելու է եւ չեզոքացնելու է ոչ միայն դատարանների անկախացման հետ կապվող հույսերը, այլեւ դատական համակարգը երբեւէ անկախացնելու հույսը:
Բոլորը պետք է ընկալեն, որ արդարադատության իրականացման վերահսկողությունը եւ դատական ակտի գնահատումը վերադաս դատական ատյանից դուրս անմիջապես կբերի անկախության կորստի՝ դրա բոլոր բացասական հետեւանքներով: Միաժամանակ, պետք է հավատալ այն ճշմարտությանը, որ անձի սեփական անկախության գիտակցումը բերում է պատասխանատվության զգացումի մեծացման:
Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է վերանայել օրենքի դրույթը եւ վերացնել արդարադատության իրականացման կապակցությամբ դատավորին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքում պետք է ընկած լինի բացառապես դատավորի վարքագիծը, այլ ոչ թե դատական ակտի կամ դատավորի լիազորությունների իրականացման գնահատականը: Դատավորի կարգապահական պատասխանատվության գործիքը դատական սխալները կանխելու գործիք չէ: Դատական սխալներն ուղղում են միայն վերադաս դատական ատյանները: Սա ողջ քաղաքակիրթ աշխարհում ճանաչված աքսիոմատիկ ճշմարտություն է:
– Վերաքննիչ դատարանները հիմա բողոքների քննությունը կատարում են, ինչպես նախկինում՝ վճռաբեկ դատարանը: Չի՞ ստացվում, արդյոք, որ գործն ըստ էության քննելու համար թողնելով միայն մեկ ատյան՝ ընդհանուր իրավասության կամ մասնագիտական դատարանները, խաթարվում է եռաստիճան դատական համակարգի աստիճանականությունը: Ոչ բոլոր վերաքննիչ բողոքներն են քննության առնվում, առավել եւս՝ ոչ բոլոր վճռաբեկ բողոքներն են ձեր վարույթ ընդունվում: Չի՞ սահմանափակում սա մարդկանց իրավունքները, երեք ատյաններին իր բողոքը հասցնելու հնարավորությունը:
– Բացարձակապես՝ ոչ: Եռաստիճան դատական համակարգի տրամաբանությունը չի պահանջում գործի ըստ էության քննություն երեք անգամ: Այս սխալն արդյունավետ դատական համակարգեր ունեցող երկրներն անցել են դեռեւս անցած դարի սկզբներին: Մենք դա հաղթահարել ենք տակավին վերջերս: Իսկ ինչո՞ւ է ձեզ թվում, որ իրավունքը պատկանում է միայն դատարանում պարտվող կողմին:
Չէ՞ որ հաղթող կողմը եւս ունի իրավունքներ, եւ երբ օրենքն անողջամիտ լայն բողոքարկման հնարավորություն է ստեղծում կողմերի համար՝ առաջին դատարանում հաղթած կողմի արդյունավետ դատաքննության իրավունքը խախտվում է: Անձը պիտի ունենա մեկ դատաքննության եւ իր գործի մեկ անգամ վերանայման իրական հնարավորություն: Սա մենք այսօր ապահովում ենք: Գործող օրենքի կարգավորումները լիովին բխում են մեր Սահմանադրության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներից, եւ վերանայման հնարավորություն չեմ տեսնում:
– Էականորեն փոփոխվել են Վճռաբեկ դատարանի կազմը եւ գործունեությունը: Բավարարո՞ւմ են ձեզ օրենքով Վճռաբեկ դատարանին տրված իրավասությունները: Ի՞նչը կփոխեիք առաջնահերթ՝ ձեր ատյանի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: Ի՞նչ պիտի սպասի քաղաքացին՝ վճռաբեկ բողոք գրելով. պատժի մեղմացո՞ւմ, թե՞ իրավական խնդիրների պարզաբանում եւ լուծում:
– Վճռաբեկ դատարանի իրավասությունները լիարժեք բավարար են իր առջեւ դրված խնդիրները լուծելու համար: Հանդիսանալով բարձրագույն դատական ատյան, Վճռաբեկ դատարանը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Այսինքն, կոնկրետ գործի քննության ժամանակ մեղմելով անձի պատիժը (ինչպես Դուք եք ասում), վճռաբեկ դատարանը լուծում է մի ավելի կարեւոր խնդիր՝ այս կամ այն օրինադրույթի ճիշտ եւ միասնական կիրառման խնդիրը: Սա արդեն կոնկրետ գործով արդարադատության իրականացումից տարբերվող, իրավական համակարգի վրա էական ազդեցություն թողնող, շատ ավելի կարեւոր գործառույթ է:
Ցավոք այս ընկալումը դեռեւս արմատավորված չէ: Այս ինստիտուտի դերակատարությունը դժվար են ընկալում ոչ միայն փաստաբանները (որոնց մեծ մասին հետաքրքրում է միայն իրենց պաշտպանյալի կոնկրետ գործը, անկախ նրանից, թե որքանով է այդ գործի քննությունը կարեւոր օրենքի միատեսակ կիրառության տեսակետից), այլեւ առանձին պետական հաստատություններ եւ պաշտոնյաներ:
– Վճռաբեկ դատարանի երեք դատավորը քրեական դատավարության մեջ են խորացած, երեքը՝ քաղաքացիական: Չի՞ խանգարում դա վճռաբեկ բողոքները քննության առնելու ընթացքում, չի՞ ստացվում այնպես, որ քրեական գործերով ճիշտ կողմնորոշվում են յոթից երեքը, քաղաքացիական գործերով՝ չորսը: Դուք կարող եք մյուս «թեւի» դատավորներին հեշտությամբ համոզել, ձեր կարծիքն ընդունելի դարձնել: Դա չի՞ ազդում բողոքի ճիշտ քննության վրա՝ բարձրագույն դատական ատյանի բոլոր դատավորների համահավասար մասնակցությամբ:
– Իսկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորը, որը քննում է բոլոր տեսակի գործերը, պիտի՞ կողմնորոշվի, թե՞ ոչ: Կարծում է՝ պիտի, եւ այդպես էլ կա: Իսկ երբեւէ մտածե՞լ եք, թե սահմանադրական դատարանը, որտեղ չկա մասնագիտացում, կարողանո՞ւմ է կողմնորոշվել իրավական հարցերում, որոնք վերաբերում են թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական, թե՛ վարչական, թե՛ ընտրական, թե՛ որեւէ իրավունքի ճյուղին վերաբերող հարցերում: Կարծում եմ՝ պիտի:
Ընդհանրապես, գտնում եմ, որ բարձրագույն դատական ատյանները, որոնք իրենց գործունեության մեջ քննում են բարդ իրավական խնդիրներ, իրավունքի տեսությանը վերաբերող հարցեր, չպիտի լինեն մասնագիտացված: Դրանց կազմը պիտի համալրված լինի իրավունքի տարբեր ոլորտների մասնագետներով, ինչն ավելի հարուստ է դարձնում այդ մարմնի «ստեղծագործությունը»՝ դատական ակտը:
Ասեմ նաեւ, որ նման կառուցվածքով բարձրագույն դատարաններ գործում են շատ երկրներում (ԱՄՆ, Էստոնիա եւ այլն):
– Արդարացնո՞ւմ է իրեն նախադեպի ինստիտուտը: Մյուս ատյանները կարողանո՞ւմ են օգտվել դրանից, բայց ոչ թե՝ ձեւականորեն, կույր-կույր, այլ՝ տեղին ու օրինական կերպով: Չե՞ն շահարկվում, արդյոք, նախադեպային որոշումները դատավորների ու փաստաբանների կողմից:
– Նախադեպի ինստիտուտը ոչ այլ ինչ է, քան օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի կենսագործումը դատարաններում: Այս սկզբունքը միշտ գործել է մեզ մոտ, հիմա այն ուղղակի ինստիտուցիոնալ կենսագործում է ստացել: Սա, թերեւս, այն եզակի ինստիտուտներից է, որը գրեթե չունի ընդդիմախոսներ: Միանշանակ դրական եմ գնահատում:
– Բավարարո՞ւմ է ձեզ դատավորների մասնագիտական պատրաստվածության մակարդակը: Մեկ վատ դատավորը կարող է հեղինակազրկել ամբողջ համակարգը: Արդյունավե՞տ են դատական կոպիտ սխալ թույլ տված դատավորների նկատմամբ կիրառվող միջոցները:
– Ոչ, չի բավարարում: Ցածր է այդ մակարդակը: Թեեւ ունենք շատ «պայծառ» ուղեղներ, սակայն մեծամասամբ մասնագիտական պատրաստվածության մակարդակը հեռու է բավարար լինելուց: Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ տարվում են: Մասնավորապես ներդրված է դատավորների վերապատրաստման եւ մասնագիտական ուսուցման արդյունավետ համակարգ: Դատական դպրոցը, որը մենք ստեղծեցինք ռեկորդային կարճ ժամանակահատվածում, այսօր պետական համակարգում գործող նմանատիպ կառույցներից լավագույնն է:
– Նոր կառույցներ են ստեղծվել, մեծաքանակ են դարձել բոլոր դատարանների աշխատակազմերը: Դա նպաստո՞ւմ է մեր երկրում արդարադատության իրականացման մակարդակի բարձրացմանը:
– Մենք տարիուկես առաջ ձեւավորեցինք մի հզոր պետական կառույց՝ դատական դեպարտամենտը: Այս մարմինը կոչված է ապահովել դատարանների ֆինանսական եւ տեխնիկական սպասարկումը, դատական գործավարության անխափան իրականացումը: Անցած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ կառույցը կայացել է եւ գործում է արդյունավետ:
Ավելի ուշ ստեղծվեց դատական կարգադրիչների ծառայությունը, որն ապահովում է հասարակական կարգի պահպանությունը դատարանի շենքում եւ հարող տարածքներում, դատական նիստում կարգուկանոնը, դատարանների պահպանությունը: Կառույցը կիսառազմականացված է (չունի միայն հրազենի օգտագործման իրավունք), այսօր արդեն լիարժեք ստանձնել է իր լիազորությունները: Ծառայության այսօրվա վիճակը թույլ է տալիս մտածել նաեւ այլ գործառույթներ նրան հանձնելու մասին: