Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի հիմնարկեքը տեղի կունենա հուլիսի երրորդ տասնօրյակում: Այդ մասին երեկ հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը: Դրանից հետո կսկսվեն շինարարության գործնական աշխատանքները: Երկաթուղային հաղորդակցության բացման նախագծի իրացումը ծրագրվում է ավարտել երկու տարվա ընթացքում: Մինչ այդ կիրագործվի Մարմարիս նախագիծը՝ Բոսֆորի տակ թունելի կառուցումը: Դա թույլ կտա երկաթուղային հաղորդակցություն բացել դեպի Եվրոպա: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության նախագծի բյուջեն 2008 թ. համար սահմանված է 107 մլն դոլարի չափով: Նախագծի շրջանակներում ծրագրվում է կառուցել 105 կիլոմետրանոց երկաթուղային նոր ճյուղ, որի 76 կիլոմետրը կձգվի՝ Թուրքիայի, 29 կիլոմետրը՝ Վրաստանի տարածքով: Բացի այդ, Վրաստանում կնորոգվի Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթուղու 183 կիլոմետրանոց հատվածը, որպեսզի երկաթուղու թողունակությունը բարձրացվի տարեկան մինչեւ 15 մլն տոննա բեռներ: Նախագիծը գնահատվում է 422 մլն դոլար, իսկ ուղեկցող ենթակառուցվածքի հաշվառմամբ՝ 600 մլն դոլար: