ՀՀ-ն` համեմատաբար կայուն երկի՞ր

29/06/2008

Հայաստանն ԱՊՀ տարածքի այն սակավաթիվ պետություններից մեկն է, որը, ըստ ամերիկյան «Foreign Policy» հանդեսի, չի դասվում ձախողվածների թվին: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, «Foreign Policy»-ն, արդեն չորրորդ տարին է, հրապարակում է աշխարհի պետությունների կայունության աստիճանին նվիրված հետազոտության արդյունքները` փորձելով պարզել, թե արդյոք շա՞տ են աշխարհի այն երկրները, որոնց պետական համակարգի բնականոն գործունեությունը վտանգված է: Որքան բարձր է պետության զբաղեցրած տեղն այս ցանկում` այնքան ավելի մտահոգիչ է այնտեղ տիրող իրավիճակը: Այս առումով, Հայաստանը միջին ցուցանիշ ունեցող երկրների շարքում է: 2007 թվականին Հայաստանն այս ցանկում 112-րդ տեղը կիսել է Կիպրոսի եւ Ալբանիայի հետ, իսկ այս տարի 109-րդ տեղն է կիսում Ուկրաինայի հետ: «Foreign Policy»-ի փորձագետները 12 տարբեր չափանիշերի են անդրադառնում` մարդու իրավունքների պաշտպանության մակարդակից՝ մինչեւ պետական կառույցների լեգիտիմության աստիճանն ու երկրում տիրող տնտեսական ու ժողովրդագրական կացությունը: Հայաստանի ցուցանիշներից «Foreign Policy»-ի մասնագետներն առավել մտահոգիչ են համարում արտագաղթի ծավալները, փախստականների թիվը: Հայաստանում, ըստ հանդեսի փորձագետների, խնդիրներ կան մյուս բնագավառներում եւս` դատական համակարգի արդյունավետություն, մարդու իրավունքների պաշտպանություն: Իսկ Ադրբեջանում որպես ամենալուրջ խնդիր` «Foreign Policy»-ի փորձագետները մատնանշում են պետական ապարատի քրեականացումն ու դելեգիտիմացումը, ինչը, ըստ նրանց, վտանգում է Ադրբեջանի` որպես պետության, բնականոն զարգացումը: Այդուհանդերձ, ոչ Հայաստանը եւ ոչ էլ Ադրբեջանն աշխարհի ամենաանկայուն 60 պետությունների թվին չեն դասվել: Պետությունների այս խմբում են Կենտրոնական Ասիայի բոլոր հանրապետությունները` բացառությամբ Ղազախստանի, ինչպես նաեւ՝ Բելառուսը, Մոլդովան ու Վրաստանը: Իսկ Վրաստանի հիմնական խնդիրներն են` փախստականների մեծ թիվը, «սառեցված» հակամարտությունները, երկրում տիրող իրավիճակից դժգոհ բնակչության մեծ խմբերի առկայությունը: Բացի այդ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս օտար պետությունների միջամտությունը երկրի ներքին գործերին: Ըստ ամերիկացի մասնագետների, Հայաստանի անմիջական հարեւաններից բավական անկայուն վիճակում են նաեւ Թուրքիան ու Իրանը: Թուրքիան, որը ցանկում 92-րդն է, ըստ «Foreign Policy» հանդեսի` տնտեսական բավական լուրջ խնդիրներ ունի, մասնավորապես` երկրի տնտեսական զարգացումը հաստատուն բնույթ չի կրում: Բացի այդ, Թուրքիայի ուժային կառույցները քաղաքացիական իշխանություններից անկախության բավական բարձր մակարդակ ունեն, ինչը եւս չի նպաստում պետության կայունությանը: Իրանն ընդգրկվել է առավել ռիսկային համարվող 60 պետությունների թվում: Տնտեսության զարգացումն իսլամական հանրապետությունում շարունակական բնույթ չունի, անվտանգության ուժերն ու բանակը գործում են՝ ինչպես «պետություն պետության ներսում», մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը խիստ ցածր է: Աշխարհի առավել ձախողված եւ անկայուն պետությունը, ըստ վերլուծաբանների, Սոմալին է, որը, «Foreign Policy»-ի գնահատականով, որպես միասնական պետական կազմավորում՝ փաստացիորեն դադարել է գոյություն ունենալ 1991 թվականին: Աշխարհի ամենակայուն պետությունները սկանդինավյան երկրներն են` Նորվեգիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան: