Լճաշեն գյուղի գյուղապետ, ՕԵԿ նախկին անդամ Կորյուն Մարգարյանն իր
գյուղում երեկ անձամբ դիմավորեց «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան
Դեմիրճյանին ու մյուս ներկայացուցիչներին եւ հենց ինքն էլ սկսեց
ներկայացնել իր դժգոհությունները:
Գյուղապետի բողոք-ելույթից հետո լճաշենցիները տարբեր կողմերից սկսեցին
իրենց վատ վիճակի մասին երկար պատմություններ պատմել: Գյուղապետը բողոքեց
Գեղարքունիքի մարզպետ, ՕԵԿ անդամ Ստեփան Բարսեղյանից ու Գեղարքունիքից
ընտրված պատգամավոր, ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանի եղբորորդուց, որոնց
ինքն ու գյուղացիները հասցրել են տեսնել միայն քարոզարշավի ժամանակ`
խոստումներ շռայլելիս: «Դրանից հետո նրանց տեսնող չի եղել»,- ասաց
գյուղապետը: Գեղարքունիքի մարզում, ինչպես պարզվեց, մարզպետ Բարսեղյանն
իրեն ոչ միայն մարզի «շեֆ» է զգում, այլեւ` տերուտիրական, որը նույնիսկ չի
բարեհաճում գոնե մեկ անգամ մտնել գյուղերից գոնե մեկը: «Մի անգամ ենք նրան
տեսել, այն էլ հեռվից»,- ասում էին լճաշենցիները: Իսկ ՀԺԿ պատգամավոր Վ.
Դալլաքյանը լճաշենցիներին, որոնք երազում էին գոնե մեկ անգամ մի քանի
վայրկյանով տեսնել իրենց մարզպետին ու պատգամավորին, որպեսզի ամոթանք տան,
հուսադրեց` ասելով. «Երբ մաքուր ջրի ակունքը փակում է հրեշը, միակ
տարբերակը հրեշին հեռացնելն է, ու մենք միասին դա անելու ենք, եւ շատ
շուտով: Ես ձեզ վստահեցնում եմ, որ սահմանադրական բարեփոխումների
հանրաքվեն մենք ձեզ հետ միասին վեր ենք ածելու իշխանափոխության»:
Լճաշենում այսօր մնացել են միայն այն ծերերը, որոնք այլեւս ի վիճակի չեն
իրենց գլխի ճարը տեսնել ու հեռանալ գյուղից: Ստիպված արդեն այդ ծերերն են
փորձում ինչ-որ կերպ պայքարել, որպեսզի իշխանությունները մի քիչ էլ իրենց
վրա ուշադրություն դարձնեն: «Ժողովուրդ, էս մեզ ի՞նչ նարկոտիկ են տվել, որ
էսքան ոչխարացել ենք: Եկեք, մի անգամ էլ մեզ թափ տանք ու մի անգամ էլ
դուրս գանք էս անօրենների դեմ»,- ամբիոնից հայտարարեց մի տարեց գյուղացի,
ինչը մասնակիցների կողմից ընդունվեց բուռն ծափահարություններով:
Նշենք, որ ՀԺԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իշխանությունների
կողմից որեւէ սադրանք տեղի չունեցավ: Ավելին, ժողովուրդը զարմացել էր, որ
այս անգամ իրենց չեն սպառնացել ու չեն արգելել մասնակցել Ստեփան Կարենիչի
հետ հանդիպմանը, ինչից գոհ ու երջանիկ սեւանցիներն ու լճաշենցիները ոչ
միայն մասնակցում էին, այլեւ ելույթներ ունենում: Լճաշենցիներն իրենց վատ
վիճակի համար մեղադրեցին նաեւ «Արդարություն» դաշինքի առաջնորդներին`
հայտարարելով, որ նրանք պետք է շատ շուտ վճռական քայլեր ձեռնարկեն ու
իրենց փրկեն ստեղծված իրավիճակից: «Գոնե մի քիչ արագացրեք այս
հանցագործներին քշելը, որ մեռած չլինենք ու տեսնենք: Մենք ի՞նչ կարող ենք
անել, մեր եղանն ու մեր գերանդին էլ որ առնենք, գանք քաղաք՝ դրանից ի՞նչ է
փոխվելու: Բանակն էլ է Քոչարյանինը, ոստիկանությունն էլ: Ինչ որ անեք՝
դուք պետք է անեք»,- ընդդիմությանը բացատրում էր լճաշենցի Հրանտ
Աբրահամյանը: «Իմ տղերքը, որ երեք-երեք ֆիդայի տվեցի, գնացին կռվեցին,
եկան, Սերժից վատ տղա՞ են, որ տուն չունեն, իսկ սաղ բենզակալոնկեքը
Սերժինն ա,- դժգոհեց սեւանցի Օֆիկ Սահակյանը` ավելացնելով,- ես 40 տարի
աշխատել եմ, որ էսօր Քոչարյանը գնա աշխարհով մեկ պտտվի, գա՞, ասի
Բաղրամյան պողոտայում ժողովրդին կոտորե՞ն»:
Իսկ ինչ վերաբերում է «վախերին», հատկապես իշխանություններից, ապա
սեւանցիների ասելով, իրենք այլեւս վախ չունեն եւ վաղուց հաղթահարել են
այն: «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ
ինքն էլ վախ չունի այս իշխանություններից: Ավելին, ըստ նրա, եթե նրանք
վախենալու լինեն, իրենք էլ կվախենային. «Երկու երեխու տեր մարդ եմ,
հեռուստատեսությամբ հայտարարում եմ, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ
Քոչարյանը պետք է Նուբարաշենում նստեն, որովհետեւ հանցագործ են, հետո
գալիս եմ, մտնում եմ տուն, ինչ կուզեն՝ կանեն, չէ՞. էս երկրում
«Հոկտեմբերի 27» է իրականացվել: Բայց չենք վախենում ու պետք է պայքարենք»:
Բայց պարզվեց, որ բոլորովին այլ զգացմունքներով է իր տան շքամուտք մտնում
ՀԺԿ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը. «Ամեն անգամ շքամուտք մտնելուց
մտածում ես` մի բան չանեն, բայց պայքարում ենք ու հաղթելու ենք, ձեզ հետ
միասին»: