«Ինչքան պիտանի մարդ էի ժամանակին եւ ինչքան անպիտան եմ այսօր»,- ասում է կաթվածահար եղած մանկավարժը

29/06/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տեւական ժամանակ է, ինձ զանգահարում է մի կին ու խնդրում այցելել Սարյան 24-Բ, 33 բնակարան: Ներկայանում է՝ Անահիտ, ու կարճ ու կոնկրետ ներկայացնում է հասցեատիրոջը. «Ես ուղղակի խնդրում եմ, որ գնաք նրա մոտ: Անունը տիկին Սեդա է, նա աննկարագրելի փայլուն մասնագետ, մանկավարժ ու աննկարագրելի լավ մարդ է: Շատ անօգնական վիճակում է, ու, կարծում եմ, բոլորս պարտավոր ենք ինչ-որ կերպ օգտակար լինել նրան: Տիկին Սեդան սերունդներ է կրթել, նրանով հպարտանում են իր աշակերտները, բայց այսօր շատ կարիքի մեջ է, նա օգնության, աջակցության կարիք ունի: Խնդրում եմ, օգնեք իրեն»:

Գնում եմ Սարյան 24-Բ հասցե, գտնում եմ բնակարան 33-ն ու դուռը թակում եմ: Դուռը բացում է միջին տարիքի մի կին: «Բարեւ,- հարցնում եմ,- Դո՞ւք եք տիկին Սեդան»: Դռնից այն կողմ, խորքից, նվաղած ձայնով մի կին հազիվ արտաբերում է` «Երանի չէ՞ր, որ ես տիկին Սեդան լինեի, աղջիկս, երանի՜ էն ժամանակները, որ ես տիկին Սեդան էի: Բան չմնաց տիկին Սեդայից, էնքան եմ կարոտում էն տիկին Սեդային»: Որսալով ձայնի ուղղությունն՝ առաջ եմ շարժվում` հասկանալով, որ թեեւ նրան չեմ ճանաչում, բայց ուր որ է՝ տեսնելու եմ մի կնոջ, որը չի համակերպվում սերունդներ կրթած տիկին Սեդայից մնացած` նվաղած ձայնով, հյուծված ու տկար իր նոր վիճակի հետ: Կամաց-կամաց մոտենում եմ, աչքիս առաջ ուրվագծվում է գունատ, ոսկրացած, կնճռոտված ու թախծոտ աչքերով մի տատիկ, որը գամված է բազկաթոռին, իսկ ձեռքերն անկառավարելի դողում են: «Այնքան կուզենայի, որ ինձ 10 տարի առաջ տեսնեիք, ու այնքան չէի ուզենա, որ ինձ էս վիճակում գտնեիք»,- ասում է նա, ու ձեռքերի դողը հուզմունքից աստիճանաբար վերածվում է ցնցումի: Սեդա Սարդարյանը մասնագիտությամբ մանկավարժ է, վերջին 15 տարիներին աշխատել է Մռավյանի անվան դպրոցում: Բժիշկների անփութության պատճառով անսպասելիորեն կորցրել է շարժունակությունը: Այնպես է ստացվել, որ ողնաշարից «պունկցիա» անելու անհրաժեշտություն է առաջացել: «Բժիշկն արտասահմանից եկած էր, նրա մասին տվյալների շատ չեմ տիրապետում: Մեջքիս ողից պունկցիա անելու ժամանակ պատահական կպել էր ներվիս ու դա ինձ համար դարձավ ճակատագրական»,- շնչահեղձ լինելով ու վերհիշելով կատարվածը՝ տիկին Սեդան մեծ ջանք է թափում բառերն արտաբերելու համար: Այնուհետեւ տիկին Սեդային բժիշկները կաթված (պարալիչ) հիվանդությամբ ճանապարհել են տուն, որից հետո նա իրեն բաժին հասած բազկաթոռից այն կողմ կյանքը վայելելու հնարավորությունից զրկվել է: Ասում է, որ այդ բժիշկը հետագայում մեկնել է արտերկիր եւ որեւէ պատասխանատվության չի ենթարկվել: Բավականին հետաքրքիր աշխարհայացքով, անթերի գրական հայերենով խոսող այս կինը կորցրել է իր աշխարհն ու կյանքի գույները, որովհետեւ՝ «Հասկանո՞ւմ ես, աղջիկս, ես խենթի պես էի վերաբերվում իմ մասնագիտությանը, դպրոցն ինձ համար աշխարհ էր, կյանք էր, իսկ հիմա…»։ Իսկ հիմա նրա աշխարհը դարձել է բազկաթոռից երեւացող տեսարանը, որը տխուր ու գորշ կենցաղային տեսարան է: Մանկավարժի բարի համբավն, այնուամենայնիվ, չի մոռացվել, որովհետեւ շաբաթվա մեջ մեկ-երկու անգամ տիկին Սեդայի աշակերտներն այցելում են, օգնում են՝ ինչով կարողանում են, իսկ երբ հեռանում են` ուսուցչուհու հիշողությունները թարմանում են, ու նա աննկարագրելի դառնանում է: Ասում է` «Աշխարհում ամենից շատ իմ հպարտությունն է ինձ համար թանկ, անունս, երբեք որեւէ մեկին չեմ ասել, որ կարիքի մեջ եմ, բայց հիմա վիճակս ծայրահեղ է: Առանց խնամապահի օգնության՝ ես մեռած եմ, նույնիսկ երկու կաթիլ ջուր չեմ կարող խմել, ձեռքերս ցնցվում են, էլ չեմ ասում մյուս բաները»: Տիկին Սեդան անշարժ է, ընդհանրապես տեղաշարժվելու հնարավորություն չունի, իսկ սայլակ նստելը նրա համար անհնար բան է, որովհետեւ մարմինը ցնցվում է: Ասում է, որ իրեն քարշ տալով են հասցնում անկողին, իսկ օրվա մյուս ժամերն անցկացնում է բազկաթոռին «ընկած»: 24.000 դրամ կենսաթոշակով տիկին Սեդան չի կարողանում խնամապահ վարձել, իսկ ընտանեկան 8000 դրամ նպաստից վերջերս զրկել են, որովհետեւ թոշակը բարձրացրել են: «Ես խնդրում եմ, որ ինձ օգնեն խնամապահի հարցում, այլապես ես ապրելու, ջուր խմելու, դեղ կուլ տալու հնարավորություն չունեմ: Իմ ձեռքերն ինձ չեն ենթարկվում»,- ասում է նա` վստահեցնելով, որ շուրջօրյա խնամապահ ունենալու համար առնվազն օրական 3500 դրամ է ծախսում, ինչն այլեւս անհնար է, քանի որ գումար հայթայթել ի զորու չէ: Ծայրաստիճան վատ վիճակում գտնվող այս կնոջը հաշմանդամության համար թոշակ չեն տալիս, ավելի ճիշտ, այն ընդգրկել են այդ 24.000 դրամ ծերության թոշակի մեջ: Ասում է` «Ինձ ասում են՝ երեխաներ ունես, բայց ո՞ր երեխայիս կարող եմ ստիպել, որ այդ ահռելի ծախսերի տակից դուրս գա: Բիզնեսմեն երեխա չունեմ, քարի հետ կռիվ տվող, արդար քրտինքով վաստակող, ինժեներ զավակ ունեմ: Ի՞նչ է վաստակում, որ կարողանա ապրի ու ինձ էլ ապրեցնի, լրացուցիչ այս ծախսերն ապահովի: Ինքներդ գիտեք, թե արդար ու ազնիվ մարդն այսօր ինչքան է վաստակում»: Տիկին Սեդան դժբախտություն է համարում այն հանգամանքը, որ նույնիսկ դեղորայքի ազդեցության տակ վիճակը թեթեւացնել հնարավոր չէ: Հուզմունքից, լարվածությունից նրա վիճակը սոսկալի վատանում է, շնչահեղձ է լինում ու ամբողջ մարմնով ցնցվում է: Իր հետ կատարված դժբախտությունից հետո տիկին Սեդան ոտք չի դրել առողջապահական հիմնարկներ ու չի հավատում, որ իր առողջական վիճակը թեթեւացնել հնարավոր է ընդհանրապես: «Բացի դա, ինձ տանել է պետք: Դա շատ երկարատեւ ու դժվար բան է, մեծ ծախսերի հետ է կապված: Ինձ համար տեղաշարժվելը մահ է: Ես հավատ չունեմ, թե իմ առողջությունը կվերականգնեն, կթեթեւացնեն, ես միայն խնամապահի խնդիր ունեմ, հասկանո՞ւմ ես, առանց նրա օգնության՝ ես չկամ: Ես ուշաթափվում, գիտակցությունս կորցնում եմ: Եթե ինչ-որ մեկն օգներ այդ վճարի հարցում…»,- ասում է նա` վստահեցնելով, որ բարեգործական կազմակերպություններն ունեն խնամակալներ, որոնք, սակայն, հատուկ ժամերի են խնամում հիվանդներին, այլ ոչ թե՝ շուրջօրյա: Տիկին Սեդան թոշակի ամբողջ գումարը ծախսում է խնամակալի վարձատրության վրա, իսկ սնվելու համար` «Հայթայթում եմ ինչ կարողանում եմ: Ես սնվել առանձնապես չեմ էլ ցանկանում: Ինչքան պիտանի մարդ էի ժամանակին եւ ինչքան անպիտան եմ հիմա, այսօր: Ես չեմ ուզում ապրել, իմ ժամանակն է: Չեմ ուզում սնվել, որովհետեւ չեմ ուզում ապրել, բայց քանի որ ժամանակը երկարում է` բերանս լցնում են՝ ինչ պատահի: Եթե իմանայիր, թե ինչքան եմ տառապում… Էդ անքուն գիշերները սարսափելի են: Քարշ տալով գցում են մահճակալին, տառապում եմ՝ մինչեւ լուսանում է, հետո էլ քարշ տալով գցում են բազկաթոռին, տառապում եմ՝ մինչեւ մթնում է: Ամեն գիշեր տառապում եմ լուսաբացը դիմավորելու ակնկալիքով, ուրիշ ոչ մի սպասելիք չունեմ»,- ասում է նա` վստահեցնելով, որ կյանքի միակ ուրախությունն աշակերտների այցելությունն է: Տիկին Սեդան հիացմունքով պատմում է, որ Մռավյանի անվան դպրոցում Անահիտ Մարկոսյան անուն-ազգանունով աշխարհագրության ուսուցչուհի կա, որին ասոցիացնում են մայր Թերեզայի հետ: Անահիտ Մարկոսյանը դպրոցում նախաձեռնել է շտաբ, որի առաքելությունը հիվանդներին օգնելն է: «Ես չգիտեմ՝ ինչ բառերով նկարագրել նման հոգատար մարդուն: Նա աշակերտների հետ այցելում, օգնում է ինձ: Արտակարգ, անկաշառ անձնավորություն է, նման բարի արարքներ կատարելուն քիչ մարդիկ են պատրաստ: Այսքան տարի ես հիվանդ եմ` նա ինձ չի մոռանում, երեխաների հետ այցելելով՝ իմ օրը փոխում է»,- ասում է նա ու հուզմունքով հիշում դպրոցն ու աշակերտներին: Տիկին Սեդան պարբերաբար ընկնում է հիշողությունների գիրկը, որպեսզի ներկայի տաղտուկ ու դատարկ աշխարհը լրացնի անցյալի գեղեցիկ հիշողություններով: Ասում է` «Խենթանում էի դպրոցի համար, խենթի պես եմ սիրել մանկավարժությունը»:

Տիկին Սեդան հիշողություններից խոցելի ու դյուրագրգիռ է դառնում: Մարմինն ամբողջ թափով ցնցվում է, ու ես ինձ մեղավոր եմ զգում: Էլ ոչինչ չեմ հարցնում` հասկանալով, որ տանջվում է: Հրաժեշտ եմ տալիս, բայց խնդրում է մեկ րոպե սպասել: Ասում է` «Հասկանո՞ւմ ես, աղջիկս, ես շատ եմ ամաչում, քաշվում: Չեմ ուզում, որ լուսանկարս տպագրվի, անունս էլ չեմ ուզում գրվի, դա հնարավո՞ր է: Աշակերտներս կտեսնեն, ես կվատանամ, ես ինձ լավ գիտեմ»: Խոստանում եմ անունը փոխված գրել, իսկ լուսանկարն այնպես ձեւախեղել, որ դեմքը չերեւա: Պայմանավորվում ենք… Հասնում եմ խմբագրություն, զանգահարում է տիկին Սեդան. «Աղջիկս, ես մի քիչ փոշմանել եմ: Անունս կարող ես գրել, լուսանկարս էլ՝ տպագրել: Ես օգնության կարիք շատ ունեմ, աննկարագրելի շատ: Գուցե մարդիկ կուզենան ինձ օգնել»: