2008թ. մայիսին հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի հետ կապված 13 հազար 188 գործարք, որոնց քանակը 2007թ. մայիսի համեմատ աճել է 16.7%-ով, իսկ 2008թ. ապրիլի համեմատ` նվազել 4.9%-ով:
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, 2008թ. մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4 հազար 765 օտարման գործարքների 82.7% կազմել են առուվաճառքները, 15.3%` նվիրատվությունները, եւ 2%` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների 31.3%-ն արձանագրվել է Երեւանում, իսկ օտարված անշարժ գույքի 32.1%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
2008թ. մայիսին, 2008թ. ապրիլի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 1.6%-ով, իսկ 2007թ. մայիսի համեմատ՝ աճել 6.4%-ով: 2008թ. մայիսին Երեւանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 60%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երեւանում, 2008թ. ապրիլի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 2.8%-ով, իսկ 2007թ. մայիսի համեմատ` 21.2%-ով: 2008թ. մայիսին մարզերում, բացառությամբ Երեւանի, վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 441 բնակարաններ, որոնց քանակը 2008թ. ապրիլի համեմատ նվազել է 7.5%-ով, իսկ 2007թ. մայիսի համեմատ` 2.6%-ով: Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երեւանում 2008թ. մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2008թ. ապրիլի համեմատ աճել են 1.4 %-ով: Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի ամենաբարձր գինը գրանցվել է Կենտրոն համայնքում` 477 հազար 400 դրամ` 2007-ի մայիսի 453 հազար 600-ի եւ այս տարվա ապրիլի 471 հազար 300 դրամի դիմաց: 1քմ-ի գների բարձրությամբ հաջորդում են Արաբկիրը եւ Քանաքեռ-Զեյթունը` համապատասխանաբար՝ 416 հազար 300 եւ 307 հազար 300 դրամով: Ամենացածր գները գրանցվել են Նուբարաշենում. 1քմ-ն այստեղ արժեցել է 151 հազար 500 դրամ, ընդ որում` այստեղ նախորդ ամսվա համեմատ գների բարձրացում չի դիտվել, ապա Մալաթիա-Սեբաստիայում` 266 հազար դրամ: Երեւանում բազմաբնակարանների 1քմ-ի միջին արժեքը, բացի Նորք-Մարաշից, կազմել է 298 հազար 800 դրամ` 2007-ի մայիսի 252 հազար 100-ի եւ այս տարվա ապրիլի 294 հազար 800 դրամի դիմաց: 2008թ. մայիսին մարզերում, բացառությամբ Երեւանի, վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 441 բնակարան, որոնց քանակը 2008թ. ապրիլի համեմատ նվազել է 7.5%-ով, իսկ 2007թ. մայիսի համեմատ` 2.6%-ով: Հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երեւանի, վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ-ի ամենաբարձր գները գրանցվել են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 175 հազար 300 դրամ, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում` 165 հազար 800, եւ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում` 142 հազար 900 դրամ: Ամենացածր գները 1քմ-ի հաշվարկով շարունակաբար գրանցվում են Լոռու մարզի Շամլուղ եւ Թումանյան քաղաքներում են` համապատասխանաբար 3 հազար 200 եւ 5 հազար 600 դրամ: 2008թ. մայիսին հանրապետությունում արձանագրվել է անհատական բնակելի տների 500 առուվաճառքի գործարք, այդ թվում` Երեւանում՝ 117, մյուս մարզերում միասին վերցրած՝ 383: 2008թ. ապրիլի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքների գործարքների քանակը մայիսին նվազել է 7.7%-ով, ընդ որում, Երեւանում` 14.6%-ով, իսկ մյուս մարզերում միասին վերցրած` 5.4%-ով: 2007թ. մայիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 1.2%-ով, ընդ որում` Երեւանում աճել է 24.5%-ով, իսկ մյուս մարզերում` նվազել 7%-ով: 2008թ. մայիսին Երեւանի համայնքներում շինության 250 քմ եւ տնամերձի 400 քմ միջին մակերեսներով անհատական բնակելի տների 1քմ մակերեսի ամենաբարձր գինը (ներառյալ տնամերձի միավորի գինը) գրանցվել է կրկին Կենտրոն համայնքում` 491 հազար 300 դրամ, հաջորդում են Արաբկիրը եւ Քանաքեռ-Զեյթունը` համապատասխանաբար 420 հազար 700 եւ 310 հազար դրամով: Անհատական բնակելի բնակարանների 1քմ-ի միջին շուկայական արժեքը, բացի Նոր Նորքից, կազմել է 305 հազար 200 դրամ: Փաստորեն, Երեւանում 2008թ. մայիսին անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները` ներառյալ տնամերձի միավորի գինը, 2008թ. ապրիլի համեմատ աճել են 1.3 %-ով: Այս տարվա մայիսին Հայաստանի քաղաքներում, բացառությամբ Երեւանի, շինության 200քմ եւ տնամերձի 1000քմ միջին մակերեսներով անհատական բնակելի տների 1քմ-ի ամենաբարձր գները շարունակում են արձանագրվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 179 հազար 200 դրամ, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում` 168 հազար 500 եւ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում` 227 հազար 500 դրամ: Ամենացածր գները 1քմ-ի հաշվարկով շարունակաբար գրանցվում են Լոռու մարզի Շամլուղ եւ Թումանյան քաղաքներում` համապատասխանաբար՝ 6 հազար 400 եւ 6 հազար 900 դրամ: