Գրաֆիկական վեպերի, կամ ավելի հաճախ գործածվող բառով ասած՝ կոմիքսների մասին մենք շատ մակերեսային պատկերացում ունենք։ Գրաֆիկական վեպերը ցածրորակ արվեստ համարելով՝ չարաչար սխալվում ենք, քանի որ դա մի ողջ մշակութային շերտ է, որը գնալով ավելի ու ավելի է պատում Երկիր մոլորակը։ Թե ինչպե՞ս կարելի է առաջ մղել շատ մոդայիկ ու մեծ պահանջարկ ունեցող գրական այդ տեսակը, փորձեցինք պարզել գրաֆիկական նովելների միակ հայաստանցի հեղինակ, նկարիչ Տիգրան Մանգասարյանի հետ։ Տիգրանն արդեն 16 տարի լրջորեն զբաղվում է գրաֆիկական նովելների շուկայի ուսումնասիրությամբ եւ համոզված է, որ 21-րդ դարում այն դառնալու է, ճիշտ կլինի ասել՝ արդեն դարձել է, արվեստի այն ճյուղը, որը պահպանում է կերպարային թարմությունը, մի կողմից՝ հիշեցնելով կինոն, իսկ մյուս կողմից՝ պահպանելով նկարիչների հեղինակային հայացքը։ Հարուստ նկարչական ավանդույթներ ու ներուժ ունեցող Հայաստանին ստեղծագործական նոր ընթացք հաղորդելու համար այս տարվա հոկտեմբերի 3-5-ը Երեւանի Կամերային թատրոնի դահլիճում ու ցուցասրահներում կկազմակերպվի գրաֆիկական վեպերի՝ պատկերապատումների առաջին փառատոնը, որին մեծ աջակցություն կցուցաբերեն ֆրանսիացիները։
Ֆրանսիացիների ցանկությամբ ու միջոցներով շուտով նաեւ տպագրվելու ու ֆրանսալեզու պետություններում տարածվելու է առաջին հայկական գրաֆիկական վեպը՝ «Լռությունը», որը կներկայացնի Հայոց եղեռնի մի քանի դրվագները։ Իսկ այս տարվա աշնանն աշխարհում եւս երկու պատկերապատումների գիրք է լույս տեսնելու այդ թեմայով. իտալահայ գրող Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպի հիման վրա գրաֆիկական նովել կթողարկեն իտալացիները, իսկ ամերիկացիները կտպագրեն Հայոց եղեռնի մասին պատմող «Խոշտանգված Հայաստան» վեպը։
– Ինչո՞ւ ենք մենք առաջին անգամ պատմության մեջ նկարազարդում ու լույս աշխարհ թողնում մեր պատմության ամենատխուր էջերը ներկայացնող գրաֆիկական նովելները։
– Պետք է փորձենք մեր ձեռքը զարկերակի վրա պահել։ Ամեն դեպքում արդեն պարզ է, որ հրեաները գենոցիդի թեման կարողացան կոմերցիոն թեմա դարձնել։ Իսկ դա մեզ շատ օգուտ է։ Ես նկատել եմ, որ գենոցիդի մասին գրքերը զարմանալի երկար կյանք ունեն։ Եթե նայենք գրաֆիկական նովելների վաճառքի վիճակագրությունը, կնկատենք, որ առաջին տեղում հումորային գրքերն են, երկրորդ տեղում՝ ֆանտաստիկան ու միստիկան է, երրորդ տեղում՝ դեդեկտիվներն են, հետո արդեն գալիս են պատմականն ու մնացած թեմաները։ Ի դեպ՝ մանկական կոմիքսները գրեթե տոկոս չեն կազմում։ Բայց առաջին տեղերում հայտնված գրքերը երկար կյանք չեն ունենում, շատերն այսօր տպագրվում են, վաղը մոդայից դուրս են գալիս։ Իսկ օրինակ, Հոլոքոստի մասին պատմող դրամատիկ գրքերը, որոնք հրեաներն արել են 35 տարի առաջ, այսօր էլ մեծ տպաքանակներով վաճառվում են, դրանք կարծես հավերժական գրքեր են։ Աշխարհում նման գրքերը կոչում են՝ հումանիտար։ Մի օրինակ բերեմ, 10 տարի առաջ տպագրված՝ իսլամիկ հեղափոխության մասին պատմող «Պերսեպոլիս» պատկերապատումն՝ ավելի ընդլայնված ու ճոխացված տարբերակով, արդեն մի քանի անգամ է տպագրվում եւ շարունակում է իր հաղթարշավն աշխարհով մեկ։ Այն այնքան պոպուլյար է դարձել, որ արդեն նրա հիման վրա լայնամետրաժ անիմացիոն ֆիլմ է նկարահանվել։ Եվ մեզ համար էլ շատ շահեկան կարող է լինել Եղեռնը գրաֆիկական նովելների տեսքով ներկայացնելը։
– Իսկ ժամանակակից կյանքի կամ հայկական դիցաբանական հերոսների մասին պատկերապատումներ ստեղծելու միտք չունե՞ս։
– Երբ պատկերապատումները մեր կյանք մուտք գործեն, հաստատ կգտնվեն նկարիչներ, որոնք տարբեր հերոսներ կստեղծեն կամ էլ կմշակեն մեր էպոսները։ Հիմա մեր շուկան զրոյական վիճակում է, եւ այն ակտիվացնելու համար էլ մենք որոշել ենք փառատոն անել։ Հայաստանում, ինչպեսեւ ամենուրեք, շատ են սիրում կինոն։ Մարդիկ գիրք կարդալ չեն սիրում, սիրում են ֆիլմեր դիտել։ Մենք ենթադրում ենք, որ Հայաստանում կսիրեն նաեւ գրաֆիկական նովելները, քանի որ նրանք ավելի շուտ կինո են՝ քան գրականություն, եւ պահպանում են կինոյի բոլոր կանոնները։ Նույնիսկ կարող եմ ասել, որ գրաֆիկական վեպերի կառուցվածքը հակագրքային է, նրանք պատմություններ են պատմում նկարների միջոցով։
– «Գրաֆիկական նովել» հասկացությունը հայերեն թարգմանվո՞ւմ է։
– Այդ բառը հայերեն հրաշալի թարգմանվում է։ «Պատկերապատում» ասելով՝ մենք միանգամից հասկանում ենք, թե ինչի հետ գործ ունենք։ Պարզապես այդ բառը հարկավոր է հաճախ գործածել, որպեսզի այն սովորական բառ դառնա։ Ի դեպ՝ յուրաքանչյուր երկիր գրաֆիկական վեպերի իր սեփական անվանումն ունի։ Եվ «կոմիքս» բառը միայն ամերիկացիներն են օգտագործում, այն էլ՝ նկատի ունենալով միայն մանկական գրքերը։ Ֆրանսիացիներն ասում են՝ «բանդեսինե», այսինքն՝ նկարված ժապավեն։
– Հիմա գրաֆիկական նովելները մեծ պահանջարկ ունեն, անգլիացիներն, օրինակ, պատկերաշարի տեսքով տպագրում են Շեքսպիրի «Համլետն» ու «Մակբեթը», ռուսները՝ Տուրգենեւի ու Դոստոեւսկու վեպերը։
– Շատ հետաքրքիր ու պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել։ Վիզուալ պատկերների դարաշրջանում գիրք չկարդալու պրոբլեմը որոշ իմաստով հենց այդպես է լուծվում։ Աշխարհում գիրք չեն կարդում ոչ թե այն պատճառով, որ չեն ուզում, այլ՝ մարդիկ պարզապես ժամանակ չունեն։ Իսկ մեր օրերում ամենադեֆիցիտ բանը ժամանակն է դարձել։ Նույնիսկ երեխաները ժամանակի դեֆիցիտ ունեն։ Մենք պարզապես գիրք կարդալու ժամանակ չունենք, եւ գրաֆիկական նովելները գալիս են գրքերին փոխարինելու։ Դրա դեմ պայքարել չես կարող, իմաստ էլ չունի։ Ֆրանսիայում, օրինակ, գրաֆիկական նովելների շուկան ամեն տարի 15 տոկոսով ավելանում է հենց գրական կլասիկայի շնորհիվ։ Զարմանալի է, բայց մանկական գրքերը շուկայի վրա գրեթե չեն ազդում, պահանջարկ ունեն հենց մեծահասակների համար արված դրամատիկ պատկերապատումները, որոնք լուրջ գրական ժանր են դառնում։
– Իսկ ճապոնական հայտնի «մանգա» գրաֆիկական նովելները կարծես ողողել են ողջ աշխարհը…
– Ճապոնիան այդ ժանրի դրոշակակիրն է։ Ճապոնիայի բյուջեի շատ մեծ հատվածը հենց «մանգաներն» են ապահովում։ Ամեն տարի ճապոնացիները 60 մլն դոլարի գրաֆիկական նովել են վաճառում ողջ աշխարհում։ Նրանք գրավել են Եվրոպան ու Ամերիկան, հատուկ ինստիտուտներ են ստեղծել, եւ ահռելի քանակի ճապոնացի նկարիչներ են աշխատում այդ ժանրում։ Ամեն դեպքում, մենք էլ պետք է փորձենք այնպես անել, որ այդ ժանրը «քայլի» նաեւ Հայաստանում։
Աշխարհում գրաֆիկական վեպերի 3 դպրոցներ կան՝ ամերիկյան, ֆրանսիական ու ճապոնական։ Ֆրանսիական դպրոցը մյուսներից կտրուկ տարբերվում է, քանի որ այդտեղ կարեւորը նկարչի անհատական ձեռագիրն է։ Եթե նկարիչը կրկնօրինակում է որեւէ մեկի ոճը, բացառվում է, որ նա կտպագրվի։ Ֆրանսիան նկարչից սեփական մտածողություն է պահանջում, դա ավելի դինամիկ մոտեցում է։ Կտրականապես տարբեր են ճապոնական ու ամերիկյան դպրոցները, որտեղ բոլորից նույն ոճով նկարել է պահանջվում։ Դա նման է «Գործակալ 007» ֆիլմին, որտեղ դերասաններն անընդհատ փոխվում են, բայց սկզբունքը նույնն է մնում։ Իսկ Ֆրանսիայում գրաֆիկական վեպերն արվեստ են համարվում, իսկ ֆրանսիացի գնորդը արվեստ սիրող մարդն է, որը ստանդարտ ապրանք չի գնում։ Երեք դպրոցներն էլ մեծ քայլերով առաջ են գնում եւ նոր շուկաներ են գրավում։
– Հայաստանում փառատոն կազմակերպելու միտքն ինչպե՞ս ծագեց։
– Սկզբում ուզում էինք դպրոց բացել, բայց դա շատ բարդ գործ էր։ Որոշեցինք, որ փառատոնն ավելի լավ մեկնարկ է։ Այդ գաղափարը ծագեց Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում, որտեղ ամենամյա փառատոն է գործում։ Ես զրուցեցի այդ փառատոնի երեք հիմնադիրներից մեկի՝ Ժան Մարդիկյանի հետ, ով իր երեք ընկերների հետ 35 տարի առաջ որոշեց «բանդեսինիների» փառատոն ստեղծել։ Ի դեպ՝ նրանք ընտրեցին հենց Անգուլեմը, քանի որ այդ փոքր քաղաքի տնտեսությունը շատ տխուր վիճակում էր, եւ հարկավոր էր այն աշխուժացնել։ Այդպես էլ եղավ, փառատոնի շնորհիվ շատ տուրիստներ ու մասնակիցներ եկան Անգուլեմ, եւ հիմա այդ քաղաքի փառատոնը համարվում է ամենամեծը։
Երբ փորձում էինք հասկանալ, թե ինչ կառուցվածք պիտի ունենա Երեւանի փառատոնը, որոշեցինք, որ առաջին տարում այն զուտ ֆրանկոֆոն կլինի, եւ կմասնակցեն միայն ֆրանսիացի նկարիչներն ու հրատարակիչները, որոնք Հայաստանում պատկերապատումների հիմքը կդնեն։ Հետո արդեն մեր փառատոնը միջազգային կդառնա։ Ֆրանսիացիներն իրենց հետ Երեւան կբերեն Անգուլեմի փառատոնի պաստառների ցուցադրությունը եւ «բանդեսինիների» թանգարանի շեդեւրները։ Կգան Անգուլեմի փառատոնի մշակութային բաժնի տնօրենները, նաեւ՝ «բանդեսինիների» դպրոցների հիմնադիր Ժերար Գորիժը, ով Հայաստանում պատկերապատումների դպրոց բացելու շուրջ կբանակցի մեր պետության կառավարության հետ։ Հետխորհրդային տարածքում մենք կլինենք առաջին երկիրը, որտեղ ֆրանսիացիները դպրոց բացելու ցանկություն են ունեցել։ Դպրոցը շատ կարեւոր է, այն կադրեր է պատրաստելու։ Իսկ եթե մարդը սովորի «բանդեսինիի» սցենար գրել, դա կնշանակի, որ նա կարող է նաեւ կինոյի սցենար գրել։ Անձամբ ես երկար տարիներ եմ կորցրել, մինչ հասկացել եմ, թե ինչպես է պետք սցենար գրել, նկարների ֆորմատն ընտրել։ Ինձ ոչ ոք չի սովորեցրել, ես նայելով եմ սովորել, ինչը բավականին սխալ է։ Հիմա արդեն ֆրանսիացիներն իրենց ձեռնարկներով, դասագրքերով Երեւան կգան ու դասընթացներ, վարպետության դասեր կանցկացնեն։ Մենք նաեւ մի շատ հետաքրքիր գաղափար ունենք, ուզում ենք, որ բոլոր ֆրանսիացի նկարիչները շրջեն Հայաստանով մեկ ու իրենց պատկերացումները նկարեն, հետո արդեն նրանց նկարները գրքի տեսքով կտպագրվեն Հայաստանում եւ Ֆրանսիայում։
– Կարծում եմ` հիմա պատկերապատումների գրադարան է հարկավոր բացել։
– Արդեն մի քանի հրատարակչություններ մեզ գրքերով մատակարարելու ցանկություն են հայտնել, մնում է միայն տարածքի հարցը։ Վճարովի գրադարան ստեղծելու գաղափարն անհրաժեշտ է, քանի որ հարկավոր է փառատոնի ֆոնդի գումարը լրացնել։
– Իսկ ո՞վ է ֆինանսավորելու փառատոնը։
– Մեր փառատոնը կլինի միակ հայկական փառատոնը, որը միջազգային համաֆինանսավորում կունենա։ Ծախսերի մեծ մասն իր վրա վերցրեց մեր Մշակույթի նախարարությունը, ինչը մեզ հաճելիորեն զարմացրեց։ Նաեւ աջակցում է Ֆրանսիայի «բանդեսինիների» Ազգային կոմիտեն, որի տնօրենը Ժան Մարդիկյանն է, այսինքն՝ Ֆրանսիայի կառավարությունն ինքն է ներդրում անելու։ Ֆրանսիայում արդեն իսկ հիմնվել է գրաֆիկական վեպերը Հայաստանում զարգացնելու աշխատանքներ կատարող ասոցիացիա։ Ասոցիացիայի 4 անդամներից միայն ես եմ հայաստանցի, մնացածը ֆրանսիացիներ են։ Այստեղ, իհարկե, մեծ դեր ունի սփյուռքը։ Ասոցիացիայի անդամներից մեկն, օրինակ, հրատարակիչ Վարուժան Սիրապյանն է, ով հայերեն լեզվով թարգմանում է «բանդեսինիներ» ու տարածում Ֆրանսիայի հայ համայնքում։ Լրագրող Լորան Մելիքյանը նույնպես մեծ դեր ունի, նա կլինի մեր փառատոնի համակարգողը, քանի որ շատ լավ ծանոթ է շատ նկարիչների հետ։ Մեզ ոգեւորում է այն փաստը, որ Հայաստանում շատ են անհատական ոճ ունեցող նկարիչները։ Հիմա նկարիչներից շատերը նկարելու բուն գաղափարը տեսնում են որոշ իմաստով մահացած, քանի որ կերպարային արվեստի հետ մրցում են կոնցեպտուալ արվեստը, վիդեո-արտը եւ այլն՝ դուրս մղելով նկարի միջոցով ինքնարտահայտվելու ձեւը։ Ինտերնետային այս դարում մաքուր կերպարային արվեստը կարծես արժեզրկվում է։ Իսկ պատկերային վեպերը նկարչին՝ ռեալ դաշտ վերադարձնելու լավ առիթ են տալիս։
– Հատկապես հիմա, երբ տպագրական ծախսերն էլ բավականին նվազել են, հնարավոր է ավելի հեշտ տպագրել պատկերապատումները։
– Հիմա ամեն ինչն է հեշտացել։ Նկարիչը կարող է գիրք նկարել եւ իր միջոցներով տպագրել։ Մեր նպատակը պատկերապատումների մշակույթը Հայաստան ներմուծելն է։ Դաշտն ակտիվացնելու համար Հայաստանի Մշակույթի նախարարությունը մրցույթ է հայտարարել, հիմա մեր նկարիչները համառոտ, նկարազարդ պատմություններ են ստեղծում, որպեսզի սեպտեմբերին դրանք մրցույթին մասնակցեն։ Այդ պատմությունները փոքր տեսահոլովակներ պիտի հիշեցնեն։ Չէ՞ որ մի կլիպի մեջ մեկ ամբողջական ֆիլմ է տեղավորվում։ Ես շատ կուզեի, որ մեր նկարիչները մուտք գործեին միջազգային շուկա, նրանցից շատերն իրենց տաղանդով գերազանցում են շատ հայտնի նկարիչներին։ Մենք պարզապես, մենեջմենթի՝ գործի կազմակերպման պակաս ունենք։ Ֆրանսիական շուկա, օրինակ, ամեն տարի մոտ 1000 նոր նկարիչներ են մուտք գործում, որոնց կեսն օտարներ են։ Ֆրանսիան հաճույքով տպագրում է օտարների գրքերը… Մենք մտածում ենք՝ իսկ ինչո՞ւ հայ նկարիչները չպիտի մտնեն այդ շուկան, իրենց գրքերը տպագրված տեսնեն ու ֆրանսիական հոնորարներ ստանան։ Կոնտակտները հիմա շատ են հեշտացել, կարելի է տանը նկարել կամ գրել ու էլեկտրոնային փոստով ուղարկել, չէ՞ որ մեր ստեղծածը թվային ապրանքն է։ Ֆիզիկապես տեղաշարժվելու կարիք չկա, հարկավոր է պարզապես առաջին քայլերն անել։ Հետո արդեն, համոզված եմ, ամեն ինչը շատ ավելի արագ կզարգանա։