Թաղապետ ընտրվելը համեստության նշան է

31/05/2005 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

– Ինչո՞ւ եք ուզում դառնալ թաղապետ:
– Մանկուց ապրել եմ Ավան համայնքում եւ շատ լավ, ավելի մոտիկից եմ ծանոթ
համայնքի խնդիրներին: Իմ թեկնածությունն առաջադրել է Հանրապետական
կուսակցությունը, եւ ես համաձայնել եմ ու պատրաստ եմ լուծել համայնքի
առաջնահերթ բոլոր խնդիրները:
– Դուք վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին եք, ու թերեւս նա լուծում է
ձեր բոլոր խնդիրները: Ինչո՞ւ եք ձեր անհոգ կյանքը թաղապետ դառնալով
դարձնում բազմաթիվ պրոբլեմների թիրախ:

– Ոչ, ինչո՞ւ եք կարծում, թե ես անհոգ մարդ եմ: Ես անհոգ չեմ ու պատրաստ
եմ ժողովրդի բարձրացրած խնդիրներն ու համայնքում իմ տեսած թերությունները`
լուծվածի կողքին, լուծել: Համայնքապետի աշխատանքը հիմնականում այն
աշխատանքն է, որն ավելի շատ ոչ թե դափնիներ է տալիս, այլ
պարտականություններ ու պարտավորություններ է առաջացնում, եւ համոզված եմ,
որ ես իմ աշխատանքով այդ պարտավորություններն ու պարտականությունները շատ
պատշաճ ձեւով կկատարեմ ու դրանով կբարձրացնեմ իմ հեղինակությունը:
– Համայնքի վրա ինչպե՞ս է անդրադառնալու վարչապետի որդի լինելու հանգամանքը:
– Այո, վարչապետն իմ հայրն է, բայց դա չի նշանակում, որ ես ինչ-որ
առավելություններ եմ ունենալու: Վերաբերմունքը կլինի այնպիսին, ինչպիսին
մյուսների նկատմամբ է: Մենք տանն ենք հայր ու որդի, իսկ աշխատանքի
ընթացքում կլինենք գործընկերներ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ինչպես
կվերաբերվի մյուս համայնքներին, այնպես էլ՝ Ավան համայնքին: Ոչ մի
տարբերություն չի լինելու:
– Ինչ է` հայր ու տղա խուսափելո՞ւ եք խոսել համայնքի պրոբլեմներից:
– Տանը չենք խոսելու այդ մասին: Տան պայմաններում ընդհանրապես նման
խոսակցություններ չեն լինի: Տանը ուրիշ թեմաներից կխոսենք, կարծում եք`
մենք ուրիշ թեմաներ չունե՞նք իրար հետ խոսելու:
– 27 տարեկանում դուք արդեն հասցրել եք դառնալ Բնապահպանության
նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:
Ի՞նչ եք կարծում, եթե ձեր հայրը վարչապետ չլիներ, դուք կունենայի՞ք այն,
ինչ ունեք հիմա:

– Իսկ ինչո՞ւ ոչ: Մինչ այդ պաշտոնը ստանձնելը ես եղել եմ Կադաստրի պետական
կոմիտեի առաջին կարգի մասնագետը, այնուհետեւ` բաժնի պետ: Եվ եթե դուք
ասում եք, որ, եթե ես չլինեի վարչապետի որդի՝ չէի ունենա այդ ամենը, ապա
կարող եմ ասել, որ եթե այդպես լիներ, ես սկզբում կադաստրում չէի աշխատի
որպես առաջին կարգի մասնագետ, այլ միանգամից կլինեի բաժնի պետ: Իմ
կարծիքով, եթե հայրս վարչապետ չլիներ, ապա ես նորից կաշխատեի նույն
գործակալությունում բաժնի պետի տեղակալ ու շատ հնարավոր է` ավելի բարձր
պաշտոններ զբաղեցնեի: Այնպես որ, իմ կենսագրությանը ծանոթանալու դեպքում՝
կտեսնեք, որ ես ամենացածր աստիճանից եմ սկսել կերտել իմ կենսագրությունը
ու իմ աշխատանքի շնորհիվ եմ հասել այս մակարդակին: Այնպես չէ, որ
միանգամից բարձրից եմ սկսել:
– Ուզում եք ասել` ձեր հայրը խոչընդոտո՞ւմ է ձեր վերելքին:
– Չէ, չի խոչընդոտում, պարզապես համեստությունը պահել ենք: Դա համեստության նշան է:
– Կարո՞ղ եք մի քանիսի անուն նշել, որոնք 27 տարեկանում կարողացել են հասնել այն ամենին, ինչ այսօր դուք ունեք:
– Անուններ չեմ ուզում նշել, բայց, իհարկե, ճանաչում եմ: Իմ շրջապատում
ունեմ 26-27 տարեկան ընկերներ, որոնք աշխատում են Ֆինանսների
նախարարությունում բաժնի պետի տեղակալներ: Նույն տարիքի ընկերներ ունեմ
նաեւ ԱԺ աշխատակազմում: Ինչ է` նրանք էլ են վարչապետի որդինե՞ր: Ո՛չ:
Այնպես որ` ես բացառություն չեմ, ու չեն կարող ասել, որ եթե հայրս
վարչապետ չլիներ, ես այդ պաշտոնը չէի ունենա:
– Քաղաքական գործիչները սովորաբար արգելում են իրենց երեխաներին՝ մոտ
գնալ քաղաքականությանը, ու աշխատում են նրանց հնարավորինս հեռու պահել
դրանից: Անդրանիկ Մարգարյանի վերաբերմունքն ինչպիսի՞ն էր: Ընդդիմացե՞լ է:

– Ոչ, իմ հայրը չի ընդդիմացել ու ամեն ինչ թողել է իմ որոշմանը: Փոքր
հասակից ես տանը լսել եմ մեր ազգայինի, մեր հայեցի մտածելակերպի մասին: Իմ
մեջ փոքր հասակից է եղել քաղաքականության ու մեր ազգի մասին մտածելու
կարողությունը:
– Երբ որոշեցիք առաջադրվել` չընդվզե՞ց, չասա՞ց` գործ չունես:
– Նման խոսակցություն մեր մեջ տեղի չի ունեցել: Հայրս ինձ պարզապես ասաց,
որ կուսակցության տարածքային կազմակերպությունը որոշել է իմ
թեկնածությունն առաջադրել, ու ասաց, որ ես ինքս մտածեմ՝ ինչ անել: Բայց
պիտի ասեմ, որ երբ ՀՀԿ տարածքային կազմակերպության այդ որոշումը պետք է
դրվեր քննարկման, ու դա պետք է ինքն աներ, ինչպես միշտ է արվում նմանատիպ
որոշումների ժամանակ, նա չներկայացրեց ու չանդրադարձավ դրան, ինչից
ակնհայտ դարձավ, որ նա այնքան էլ դրական չէ տրամադրված դրան: Կամ` երեւի
հենց համեստությունն էր խանգարում, որ նա դա ներկայացնի:
– Ենթադրվում է, որ այս օրերին ձեր նախընտրական շտաբ կգան բոլոր հայտնի
օլիգարխներն ու իրենց ծառայությունները կառաջարկեն ձեզ՝ որպես վարչապետի
որդի` վարչապետին ցույց տալու համար, որ իրենք ձեր կողքին են: Շա՞տ են
գալիս:

– Շատ հստակ ու միանշանակ կարող եմ ասել, որ ոչ ոք մինչ օրս չի եկել ու իր
ծառայությունները մեզ չի առաջարկել: Կուսակցություններից ու տարածքային
կազմակերպություններից շատ են գալիս, բայց օլիգարխներ` ոչ: Զրոյական
վերաբերմունք է նաեւ ոչ պետական եւ պետական հիմնարկների կողմից:
– Ինչո՞վ եք դա բացատրում:
– Նորմալ չէ՞: Իմ կարծիքով՝ դա է նորմալ ձեւը: Բացի այդ` մենք էլ չենք
դիմում: Իսկ եթե նմանատիպ փորձեր էլ լինում են, ապա մենք միանգամից
հրաժարվում ենք: Մենք նման աջակցության անհրաժեշտություն չունենք:
– Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, թե ինքներդ էլ շատ
կուզենայիք, որ մրցակիցներ ունենայիք ու միակ թեկնածուն չլինեիք: Չե՞ք
կարծում, որ այդ դեպքում դուք կպարտվեիք, մանավանդ, եթե փորձառու մեկը
որոշեր առաջադրել իր թեկնածությունը
:
– Ոչ, ես նման մտավախություն չունեմ ու նորից եմ կրկնում, որ եթե էլի
թեկնածուներ լինեին, ընտրություններն ավելի հեշտ կլինեին ինձ համար: Վստահ
եմ, որ եթե անգամ մի քանի փորձառու մրցակիցներ ունենայի, դարձյալ կհաղթեի:
Ճիշտն ասած, ինձ զարմացնում են նմանատիպ հարցադրումները: Տպավորությունս
այնպիսին է, որ երիտասարդ լինելն արդեն բացասական երեւույթ է համարվում:
– Ինչո՞վ հեշտ կլիներ, եթե մրցակիցներ ունենայիք:
– Բանը նրանում է, որ հիմա շատերը մտածում են, որ մրցակիցներ չունեմ՝
արդեն ընտրված եմ, իսկ այդպես մասնակիցների թիվը կարող է շատ քիչ լինել:
Դա արդեն բարդացնում է իրավիճակը: Մեծ թվով մասնակցություն ապահովելու
դեպքում՝ հաղթանակս ակնհայտ կլինի:
– Համայնքում ձեզ ճանաչո՞ւմ են, ընդունո՞ւմ են՝ որպես «թաղի տղա»:
– Ինձ ճանաչում են ոչ թե՝ որպես թաղի տղա, այլ՝ թաղում մեծացած տղա:
Ավանում որեւէ շենք, թաղամաս չկա, որտեղ ընկեր, հարազատ, մտերիմ չունենամ:
Ես բոլորի հետ շփվում եմ, ու այդ շփումն արդեն երկար տարիներ է:
– Այդքան ընկերների պրոբլեմներն ինչպե՞ս եք լուծելու:
– Իմ բոլոր ընկերներն էլ հասկանում են, որ պետք է ինձ օգնեն, ոչ թե
պահանջներ դնեն իմ առջեւ: Համայնքապետը պետք է լուծի համայնքի խնդիրները,
ոչ թե իր ընկերների առանձին պրոբլեմները: Ես կկարողանամ այնպես անել, որ
նման խնդիրներ չունենամ:
– Ձեր նախընտրական բուկլետում նշել եք, որ պետք է նպաստեք համայնքի
տարածքում ներդրումների հոսքի ավելացմանը` բավարար պայմաններ ստեղծելով
միջին բիզնեսի զարգացման համար: Ինչպե՞ս եք նպաստելու, թաղապետը նման
լծակներ ունի՞:

– Մենք կնպաստենք, որ միջազգային ծրագրերը նաեւ համայնքի տարածքում իրենց
գործունեությունն ավելի ընդլայնեն, որպեսզի մենք կարողանանք դրանով
ավելացնել ոչ միայն աշխատատեղերը, որը բավական մեծ պրոբլեմ է Ավան
համայնքի համար, այլեւ՝ զարգացնել մանր ու միջին բիզնեսը, որպեսզի հասնենք
նաեւ սոցիալական վիճակի բարելավմանը: