Ղարաբաղյան շարժման սկզբից ի վեր` այն պահից, երբ հանրահավաքները վերածվեցին գերազդեցիկ քաղաքական գործոնի, հանրահավաքի մասնակիցների քանակն ինքնին դարձավ ներազդեցության հզոր քաղաքական եւ փիառ գործիք:
Արեւմտյան հասարակությունների համար, որոնք անգամ հազար հոգանոց զանգվածային միջոցառումներն ընկալում են որպես բողոքի արտահայտման «հուժկու» դրսեւորում, երեւանյան բազմահազարանոց հանրահավաքները առավել քան տպավորիչ էին: Քիչ ազդեցիկ չէին նրանք նաեւ մեր հասարակության` քաղաքականապես ոչ ակտիվ եւ որեւէ կողմնորոշում չունեցող ընտրազանգվածի համար, որը, ինչպես հայտնի է, ի վերջո, սովորաբար նախընտրում է գնալ մեծամասնության հետեւից: Բնականաբար, այս ներազդման հզոր գործիքը միշտ էլ գտնվում է բոլոր շահագրգիռ քաղաքական ակտիվ ուժերի զինանոցում: Հանրահավաքներում մասնակիցների իրական թվաքանակի շուրջ բանավեճերը, իրենց հերթին, նույնպես ծնունդ են առել դեռեւս 1988-ից: Սկզբում կոմունիստական վարչախումբը մեղադրում էր «Ղարաբաղ» կոմիտեին հանրահավաքների մասնակիցների թիվն ուռճացնելու համար` թվաբանորեն փորձելով ապացուցել, որ Օպերային հարող հրապարակում ֆիզիկապես 50 հազարից ավելի մարդ չի կարող տեղավորել: Այն ժամանակվա ընդդիմությունը` ի դեմս ՀՀՇ-ի, բնականաբար, չէր համաձայնում նման պնդումների հետ (հայտարարելով 100 հազարից մինչեւ կես միլիոնի հասնող մասնակիցների մասին): Սակայն ընդամենը մի քանի տարի անց, նույն մեթոդներով կատարված հաշվարկների հիման վրա, արդեն իշխանություն դարձած ՀՀՇ-ն, նույն մեղադրանքն էր ներկայացնում իր դեմ բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպող այն ժամանակվա ընդդիմությանը:
Այս հարցում այդ ժամանակներից առանձնապես շատ բան չի փոխվել: Դրա վկայությունն են վերջին նախագահական ընտրությունների եւ հետընտրական ընթացքում կայացած իրապես բազմահազարանոց հանրահավաքների շուրջ կատարվող «թվային մանիպուլյացիաները». ընդդիմությունը միշտ հայտարարում էր հանրահավաքի առնվազն 100 հազար մասնակիցների մասին, իշխանությունը` առաջնորդվելով հաշվարկի վերոնշյալ մեթոդներով, այդ թվերն առնվազն երեքից չորս անգամ կրճատում էր: Այս առումով բացառություն չէին նաեւ ընդդիմության հունիսի 20-ի հանրահավաքի շուրջ եղած թվային շեղումները: Նախ՝ ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ զարմանալիորեն իրարամերժ տվյալներ հրապարակեցին այդ օրը Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքի մասնակիցների թվաքանակի վերաբերյալ: Արամ Զ. Սարգսյանը հայտարարեց 50 հազար մասնակիցների մասին, այնուհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը սկզբում՝ կրկնապատկեց, իսկ ավելի ուշ՝ իր ելույթի ընթացքում, հասցրեց 200 հազարի: Իշխանության, ավելի ճիշտ՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների ներկայացրած տվյալները եւս տարբերվում էին իրարից: Իհարկե, ոչ այնքան մեծ շեղումով: ՀՀ փոխոստիկանապետ Ա. Աֆյանի «աչքաչափով»՝ հանրահավաքի մասնակիցների թիվը տատանվում էր 8-10 հազարի սահմաններում, Երեւանի ոստիկանապետ Ն.Նազարյանի տվյալներով` հասնում էր մոտ 10 հազարի, իսկ Ազգային անվտանգության ծառայության հաշվարկով՝ «սկզբում մասնակից է եղել 12 հազար ցուցարար, որոնց թվաքանակը հանրահավաքի ընթացքում հասել է առավելագույնը 15 հազարի»: Եվ եթե ընդդիմության կողմից հանրահավաքի մասնակիցների թվի ուռճացումը կարելի է հասկանալ ԵԽ ԽՎ նստաշրջանից առաջ «արտաքին լսարանի» վրա ներազդելու ցանկությամբ, ապա զարմանալի է իրավապահ մարմինների ներկայացրած տվյալների տարբերությունը եւ չհիմնավորվածությունը: Մինչդեռ, հայտնի է, որ Մատենադարանին հարող ամբողջ տարածքի մակերեսը` հանրահավաքի հարթակից մինչեւ Կորյուն-Մաշտոց փողոցների հատման կետը (խմորեղենի խանութների մոտ), կազմում է մոտ 5000 ք/մ: Իսկ նման դեպքերում հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով բոլորին հայտնի` 1ք/մ-ի վրա՝ 4-5 մասնակից ցուցանիշը: Իհարկե, հունիսի 20-ին Մատենադարանին հարող տարածքն իսկապես լեփ-լեցուն էր, եւ, բացի այդ, զգալի զանգվածներ կային նաեւ Իսահակյան-Մաշտոց խաչմերուկից («Նաիրի» կինոթատրոնի մոտ) մինչեւ հանրահավաքի վայրը տանող մայթերին: Հաշվի առնելով նաեւ այդ հանգամանքը, դժվար չէ հաշվել, որ անցած շաբաթ օրվա հանրահավաքի մասնակիցների թիվն իրականում տատանվում էր 25-27 հազարի սահմաններում: