Տիգրան Սարգսյանի հունիսյան թեզերը

27/06/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Շաբաթ օրը Դիլիջանում տեղի է ունեցել Հայաստանի բանկերի միության տարեկան ընդհանուր ժողովը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ։ Տ. Սարգսյանը բանկիրներին է ներկայացրել 5 թեզեր, որոնք, բացի կիրառական նշանակությունից, շատ հետաքրքիր են նաեւ զուտ խոսքի մատուցման, իմացաբանական տեսանկյուններից։

Եվ այսպես, բանկիրներին, ովքեր Տիգրան Սարգսյանին ճանաչում են շատ ավելի լավ, քան որեւէ մեկը, առաջին թեզով կոչ է արվում գլոբալ մտածողությունից անցում կատարել կոնկրետ, առարկայական գործողությունների։ Ավելի լավ հասկանալու համար, թե դա ինչ է նշանակում, պետք է դիտարկել երկրորդ թեզը՝ աշխարհն արագ փոփոխվում է, եւ միեւնույն ժամանակ՝ փոքրանում, եւ այդ աշխարհում մեր տեղը հայկական աշխարհն է։ «Հայկական աշխարհը, որն էլ իմ առաջ քաշած 2-րդ թեզն է, իրողություն է, որը պետք է նկատել: Կենտրոնական բանկը, մշակելով իր ծրագրերը, հաշվի է առնում ոչ թե հանրապետության տարածքում տեղի ունեցող տնտեսական իրադարձությունները, այլ ստիպված է հաշվի առնել հայկական աշխարհում շրջանառվող ֆինանսական հոսքերը, որոնք անմիջական ազդեցություն են ունենում գնաճի մակարդակի եւ փողի պահանջարկի վրա: ԿԲ-ն չի կարող արդյունավետ քաղաքականություն իրականացնել` հաշվի չառնելով այս հանգամանքը: Աշխարհով մեկ սփռված հայերի տնտեսական գործունեության արդյունքներն ազդում են մեր ֆինանսական շուկայի, ներդրումների մակարդակի եւ սպասումների վրա: Մենք պետք է ձեւավորենք այնպիսի ֆինանսական կառուցվածքներ, որոնք հաշվի կառնեն այս իրականությունը»,- ասել է Տ. Սարգսյանը:

Տ. Սարգսյանի առաջ քաշած երրորդ թեզը վերաբերում է ֆինանսական կենտրոնի ձեւավորմանը։ Այն, իհարկե, դեռ չի ձեւավորվել, սակայն դա չի խանգարում, որ նրա առանձնահատկությունների մասին խոսվի ներկա ժամանակով։ «Մեր ֆինանսական կենտրոնն ակնհայտորեն ունի առանձնահատկություն. այն, որ մենք դա պետք է ձեւավորենք հայկական աշխարհի պլատֆորմի վրա»,- ասել է Տ. Սարգսյանը:

Քանի դեռ ֆինանսական կենտրոն չենք դարձել, սահուն անցում կատարենք 4-րդ թեզին՝ համահայկական բանկի ստեղծման գաղափարին։ Գաղափարը, ըստ վարչապետի, առաջ է քաշել նախագահ Սերժ Սարգսյանը 1 տարի առաջ` դեռ վարչապետի պաշտոնում, ընդգծելով, որ «հայկական աշխարհին դեռեւս չենք կարողանում ներկայացնել անհրաժեշտ ֆինանսական գործիքներ»:

Համահայկական բանկ

Քանի որ այս կառույցը մեր իշխանավորները շատ են կարեւորում, մի քանի բառով ներկայացնենք, թե ինչ է այն իրենից ներկայացնելու։ Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, այն հանդիսանալու է պետության եւ մասնավորի համագործակցության առաջին արդյունքը: Այն զբաղվելու է համահայկական նախագծերի եւ նորարարական տարրեր պարունակող եւ հեռանկարային նախագծերի ֆինանսավորմամբ: ՀԲ-ն հիմնականում գործելու է առեւտրային սկզբունքներով, սակայն, Ա. Ջավադյանի հավաստմամբ, Հայաստանում գործող առեւտրային բանկերի համար այն մրցակից չի լինելու: Մասնավորապես, չի իրականացնելու բանկային հաշիվների բացման գործունեություն, 100 մլն դրամից պակաս ավանդներ չի ընդունելու եւ փոքր ծրագրերի ֆինանսավորմամբ չի զբաղվելու։ Իր կարգավիճակով այն լինելու է բաց բաժնետիրական ընկերություն՝ շուրջ 100 մլն դոլար նախնական կապիտալով: ՀԲ-ի 20 տոկոսի բաժնետերը լինելու է պետությունը, մնացած մասինը՝ միջազգային եւ հայաստանյան ֆինանսական կազմակերպությունները եւ մասնավոր ներդրողները: Բանկի խորհուրդը բաղկացած կլինի շուրջ 15 անդամից, որից 5-ը կլինեն ՀՀ կառավարության ներկայացուցիչներ: ՀԲ-ի մասին օրենքի նախագիծը ՀՀ ԿԲ-ի կողմից կմշակվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում, սեպտեմբերին կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը: Այնպես որ, ըստ Ա. Ջավադյանի, մինչեւ այս տարեվերջ կամ, ամենաուշը, հաջորդ տարեսկզբին այն ստեղծված կլինի։

Թեզ 5-րդ՝ «Րեբյատա դավայտե ժիտ դրւժնո»

Տ. Սարգսյանն իր 5-րդ թեզով կոչ է արել ամրապնդել համագործակցությունը ՀՀ կառավարության, ԿԲ-ի, Հայաստանի բանկերի միության եւ հասարակական կազմակերպությունների, այդ թվում եւ՝ սպառողների պաշտպանությամբ զբաղվող միությունների միջեւ՝ «Անկախ նրանից` այդ կազմակերպություններին դո՞ւր են գալիս այս թեզերը, թե՞ ոչ»։ «Հայկական աշխարհում պետք է լինի համերաշխության մթնոլորտ, որի ձեւավորումը ենթադրում է երկխոսության նոր մշակույթ, որտեղ չպետք է լինի ատելություն եւ անհանդուրժողականություն: Հակառակը` պետք է լինեն տարբեր շահերի դրսեւորման հնարավորություններ` համագործակցության մթնոլորտում, պետք է լինի նաեւ՝ նոր հայկական հարմոնիա»,- միայն իրեն հատուկ պերճախոսությամբ նկատել է Տ. Սարգսյանը:

Վերադարձ իրականությանը

Անշուշտ, սրանք լավ գաղափարներ են։ Սակայն, քանի դեռ չենք հասել ֆինանսական կենտրոնի հայկական աշխարհին՝ իր հարմոնիայով ու համերաշխությամբ հանդերձ, ստիպված ենք ապրել ներկա իրականության մեջ։

Իսկ ներկա իրականությունն այն է, որ ՀՀ բանկային ոլորտը չի կատարում իր հիմնական ֆունկցիան՝ ֆինանսական միջնորդի դերը, որը բնակչության ազատ միջոցները տրամադրում է բիզնեսին։ ՀՀ բանկային ոլորտում բիզնեսի վարկավորման միջին տարեկան տոկոսադրույքը 13-14% է՝ աննախադեպ բարձր թիվ՝ ֆինանսական կենտրոն դառնալու հավակնություններ ունեցող երկրի համար։ Էլ չենք խոսում վարկ ստանալու հետ կապված բյուրոկրատական քաշքշուկի եւ կաշառքների մասին։ Բացի այդ, անհասկանալի ինչ-որ բան է կատարվում. դրամը արժեւորվում է, սակայն առեւտրային բանկերը դրամով վարկերի համար ավելի մեծ տոկոսադրույք են պահանջում, քան դոլարով վարկերի՝ գործարարին գցելով տվայտանքների մեջ։

Ամենակարեւորը՝ բանկային ոլորտի զարգացման հիմնական գրավականը հասարակության վստահությունն է այդ համակարգի նկատմամբ։ Իսկ բանկային համակարգի նկատմամբ վստահությունը սերտորեն կապված է պետության նկատմամբ վստահության հետ։ Եթե քաղաքացին չի վստահում պետությանը, նա չի վստահի ո՛չ այդ երկրի Կենտրոնական բանկին, ո՛չ էլ ԿԲ-ի հսկողության տակ գործող առեւտրային բանկերին ու ֆինանսական կազմակերպություններին։ Այնպես որ, Դիլիջանը ֆինանսական կենտրոն չի դառնա, քանի դեռ հանրահավաքների օրերին մարդիկ Դիլիջանից ձիով են հասնում Երեւան։