Պահանջվում է գերբնական էակ

27/06/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունիսի 20-ին հրավիրած հանրահավաքում հայտարարեց, թե Ազգային ժողովի` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովում որոշել է որպես ներկայացուցիչ նշանակել ՀՀՇ-ի Գեւորիկին:

Ավելի վաղ այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը համագործակցության գրավոր առաջարկ էր ուղարկել Լ.Տեր-Պետրոսյանին: Երեկ Ս.Նիկոյանից հետաքրքրվեցինք` արդյոք Լ.Տեր-Պետրոսյանի կողմից հանձնաժողովում ՀՀՇ-ի Գեւորիկին ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ իրենք պաշտոնական առաջարկություն ստացե՞լ են: «Մինչեւ այժմ դեռ պատասխան չենք ստացել: Ես մամուլից եմ լսել, որ ինքը նման արտահայտություն է թույլ տվել: Ես այն կարծիքին չեմ, որ իր լիազոր ներկայացուցիչ կարող է լինել ՀՀՇ-ի Գեւորիկը: Ես շարունակում եմ մնալ աշխատանքային դաշտում, եւ հանրահավաքային հարթության մեջ չեմ մտնելու: Մեր առաջարկն ուժի մեջ է, եւ մենք սպասում ենք, վաղը (այսօր.- Ա.Ա.) հանձնաժողովի նիստից հետո Լ.Տեր-Պետրոսյանին մասնակցության վերաբերյալ մեկ այլ բնույթի առաջարկ եւս կարվի»,- պատասխանեց պարոն Նիկոյանը: Իսկ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը դեռեւս համալրման փուլում է: Նիկոյանի խոսքերով, իրենք աշխատանքային հանդիպումներ են ունենում պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ճշտում են ուսումնասիրվելիք հարցերի ու կառույցների շրջանակը: Իրենց հետ համագործակցելու առաջարկն արդեն ընդունել են ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ՝ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, «Ազգային ժողովրդավարական միության» նախագահ Վազգեն Մանուկյանն ու «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանը: ԱԺ-ն հունիսի 18-ին դիմել էր միջազգային կառույցներին` փորձագիտական եւ մեթոդական աջակցության համար, սակայն մինչեւ հիմա պատասխան չի ստացել: Իսկ անցած շաբաթ մեզ հետ զրույցում «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն ասաց, թե հրաժարվելու է այդ հանձնաժողովի հետ համագործակցելուց: Իսկ «Նոր Ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանն էլ` հանձնաժողովի աշխատանքներին ՆԺԿ մասնակցության վերաբերյալ հարցին պատասխանել էր հարցով`որքանո՞վ է կոռեկտ, որ հռետորական ելույթի համար մեղադրվող Արամ Կարապետյանին հրավիրելու են իրենց հետ աշխատելու: «Ո՞վ է երաշխավորելու Ա.Կարապետյանի անվտանգությունը: Եթե նրան ձերբակալում են, թե` քո ելույթում դու սուտ մատնություն ես արել, ապա ի՞նչ երաշխիք կա, որ հանձնաժողովում կարծիք հայտնելու համար չեն ձերբակալի: Եթե պիտի աշխատի, նաեւ պիտի կարծիք հայտնի, չէ՞: Սամվել Նիկոյանն է երաշխավորելու, որ դրա համար նրան չեն բռնի: Մենք հարցեր ենք ուղարկելու եւ պատասխանը ստանալուց հետո նոր որոշում կկայացնենք»,- ասաց պարոն Սարգսյանը:

Առայժմ հայտնի չէ՝ խորհրդարանի միակ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի՞ հանձնաժողովի աշխատանքներին: «Հանձնաժողովի անունից նորից նամակ եմ ուղարկել «Ժառանգությանը», այցելել եմ խմբակցություն՝ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քննարկելու, բայց նա արդեն Հայաստանում չէր: Ամեն դեպքում, կուզեի հանդիպում լիներ, քննարկեինք աշխատանքի ձեւերը, մեթոդները: Միգուցե դա իրենց համար բավարար լիներ, եւ մասնակցեին աշխատանքներին»,- ասաց Ս.Նիկոյանը` ավելացնելով իր եզրակացությունն այն մասին, որ «Ժառանգության» անդամները կարող են նաեւ միտումնավոր չմասնակցել, որպեսզի անվստահություն առաջացնեն հասարակության շրջանում: «Ի՞նչն է մեր խնդիրը` պարզել մարտի 1-ի իրադարձությունների պատճառները: Կա այդ հնարավորությունը, եկեք միասին պարզենք: Տեսնում եք, որ ձեր խնդիրները հնարավոր չի լինի լուծել այս հանձնաժողովի միջոցով, կարող եք ցանկացած պահի դուռը շրխկացնել ու գնալ: Բայց ասեք, Հայաստանում ի՞նչ հանձնաժողով ստեղծվի, որ հասարակության կամ քաղաքական դաշտի ամբողջ սպեկտորը դրական մոտեցում ունենա: Հնարավո՞ր է Հայաստանում նման հանձնաժողով: Եթե գերբնական էակ լիներ եւ կատարեր այս հանձնաժողովի աշխատանքները, միեւնույն է, կգտնվեին մարդիկ, ովքեր կքննադատեին: Ես պատրաստ եմ, որ կարող են անվստահության մթնոլորտ ստեղծել, չհավատալ, ծաղրել, վարկաբեկել: Բայց իմ խնդիրը դա չէ, իմ խնդիրն է՝ կարողանալ այդ հարցերի պատասխանը տալ»,- հայտարարեց Ս. Նիկոյանը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կոալիցիան ներկայացնող ԱԺ խմբակցությունների նախաձեռնած հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու, հետո` հրաժարվելու տարբերակն անլուրջ է: «Եթե նրանք իսկապես ուզում էին, որ մենք աշխատեինք հանձնաժողովում, թող ընդունեին մեր առաջարկները: Ի՞նչ է, «Ժառանգությունը» պետք է սաբոտաժի՞ ենթարկեր նրանց աշխատանքները»,- նշեց պարոն Մարտիրոսյանը:

Իսկ ԱԺ-ի այդ ժամանակավոր հանձնաժողովն իր ուսումնասիրությունների արդյունքներն ու եզրակացությունները պետք է ներկայացնի հոկտեմբերին: Բայց Ս.Նիկոյանի խոսքերով` եթե աշխատանքներն ավելի շուտ ավարտեն, եզրակացությունը կներկայացվի ավելի շուտ: Եթե հանկարծ ժամանակը չբավարարի, կդիմեն ԱԺ-ին` ժամկետը երկարացնելու համար: