Երեկ Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽ ԽՎ ամառային լիագումար նստաշրջանը, որի արդյունքներով են գրեթե բոլորը պայմանավորում Հայաստանի ներքաղաքական հետագա զարգացումները: Նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն մինչեւ հունիսի 27-ը: Եվ հենց նստաշրջանի սկզբում ծավալված քննարկումները վերաբերում էին նաեւ Հայաստանին, մասնավորապես՝ նրան, թե ինչ ռեժիմում պետք է լսվի ՀՀ-ի հարցը:
ԵԽ ԽՎ նախագահ Լուիս Մարիա Պուչը նստաշրջանի սկզբում հայտարարեց, որ առավոտյան Վեհաժողովի Բյուրոն որոշում է կայացրել արտահերթ հատուկ ընթացակարգով քննարկել Թուրքիայում եւ Հայաստանում «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» հարցերը: Եվ եթե Թուրքիայի դեպքում եղան առարկություններ՝ հարցն առհասարակ լսելու-չլսելու վերաբերյալ, ապա Հայաստանի պարագայում որեւէ առարկություն, այդ թվում՝ հայկական պատվիրակության կողմից, չհնչեց, եւ հարցն օրակարգ մտավ առանց քվեարկության:
Այսպիսով, «Հայաստանում Ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» հարցի քննարկումը տեղի կունենա հունիսի 25-ին՝ երեկոյան, որի ընթացքում էլ կորոշվի՝ կասկածի տակ կհայտնվի՞ Հայաստանի` որպես ԵԽ անդամի վստահելիությունը: Հիշեցնենք, որ ապրիլին տեղի ունեցած ԵԽ ԽՎ նստաշրջանում արձանագրվել էր, որ եթե ՀՀ-ն չկատարի ապրիլի 17-ին Վեհաժողովի կողմից ընդունված 1609 բանաձեւի պահանջները, ապա հունիսյան նստաշրջանում կքննարկվի ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը:
Երեկ նիստը նախագահող ասամբլեայի նախագահ Լուիս Մարիա Պուչը պատվիրակներին հիշեցրեց, որ հունիսի 16-17-ը Հայաստանում էին գտնվում ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը՝ ուսումնասիրելու համար, թե Հայաստանն ապրիլի 17-ից մինչ այժմ որքանով եւ ինչպես է կատարել ԵԽ ԽՎ հայտնի բանաձեւի պահանջները, որոնք վերաբերում էին հետընտրական ժամանակաշրջանի, այդ թվում՝ մարտի 1-ի իրադարձություններին: Ընդգծելով, որ համազեկուցողները Հայաստան կատարած այցից հետո անբավարար են գնահատել ՀՀ իշխանությունների կողմից բանաձեւի կատարմանն ուղղված քայլերը, Լուիս Մ. Պուչը հայտարարեց, որ արտահերթ կարգով քննարկումն արդարացված է: Հիշեցնենք, որ ապրիլին ԵԽ ԽՎ-ի կողմից ընդունված բանաձեւի համաձայն՝ ներքաղաքական լարվածությունը հաղթահարելու համար Հայաստանը պետք է «անհապաղ բարեփոխեր քաղաքական համակարգը եւ ընտրական գործընթացը», երաշխավորեր դատավորների եւ հանրային լրատվամիջոցների անկախությունն ու հավաքների ազատությունը, դադարեցներ ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ ոտնձգությունները, կամայական ձերբակալությունները եւ ազատ արձակեր քաղաքական դրդապատճառներով կալանավորվածներին: ԵԽ ԽՎ-ն նաեւ ընդգծել էր, որ վերոհիշյալ «հրատապորեն անհրաժեշտ բարեփոխումներով առաջ շարժվելու» միակ ճանապարհն իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ բաց եւ կառուցողական երկխոսությունն է: ՀՀ-ի վերաբերյալ համազեկուցողների ներկայացրած առաջարկների հիման վրա խորհրդարանականները նշել էին նաեւ մի շարք պայմաններ երկխոսությունը սկսելու համար: Մասնավորապես` անհապաղ սկսել մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ անկախ հետաքննություն, անհապաղ ազատ արձակել «առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներով» կալանավորված անձանց եւ անհապաղ վերացնել եւ ուժը կորցրած համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում ԱԺ-ի կողմից արտակարգ դրության ժամանակ` մարտի 17-ին, ընդունված փոփոխությունները:
Հայաստանի պատվիրակության անդամ, ԲՀԿ ներկայացուցիչ Ավետ Ադոնցից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ իրենք չփորձեցին գոնե ձեւականորեն առարկել ՀՀ հարցն արտահերթ կարգով օրակարգում ընդգրկելու որոշմանը, եւ արդյոք հայկական պատվիրակության «համաձայնության» պատճառն այն չէ՞ր, որ առարկությունը վստահաբար մերժվելու էր: «Իսկ ինչո՞ւ հատուկ ընթացակարգով չմտնի Հայաստանին վերաբերող հարցն, ու չքննարկվի այն, ինչ արվել է եւ պետք է արվի Հայաստանում, ու քննարկվեն ԵԽ ԽՎ-ի, մասնավորապես՝ համազեկուցողների մտահոգություններն արված եւ կատարվելիք աշխատանքների վերաբերյալ: Ինչո՞ւ ոչ: Անձամբ ես շահագրգռված եմ լսել եւ քննարկել, հասկանալ, թե ինչ մոտեցումներ եւ կարծիքներ կան: Ինձ թվում է՝ բոլորն էլ հասկանում են, որ 2 ամսվա մեջ շատ բան հնարավոր չէր անել, եւ, որ հիմա դրված է միայն աշխատանքի սկիզբը: Դրա համար էլ կուզեինք լսել նաեւ մեր կատարած աշխատանքի գնահատականը»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Ա. Ադոնցը: Նրա խոսքերով, հայկական պատվիրակության կողմից առարկություն չներկայացնելն «ամենեւին էլ հնարավորության բացթողում չէ», որովհետեւ «շատ առողջ ու անկեղծ սկիզբ է եղել»: «Այլ բան է, որ ընդդիմության մի մասը փորձում է այդ առողջ ու անկեղծ սկիզբն ինչ-որ ձեւով բոյկոտել՝ դրանով իսկ ստեղծել անառողջ վիճակ, անառողջ մթնոլորտ այդ նախաձեռնությունների, այդ սկզբի շուրջ: Կարծում եմ՝ հիմա կգնահատվի նաեւ ընդդիմության պահվածքը»,- ասաց ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը: Հիշեցնենք, սակայն, որ ընդամենը երեք օր առաջ` հունիսի 20-ին, կայացած հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանություններին առաջարկեց մինչեւ ԵԽ ԽՎ նստաշրջանն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ինչին ի պատասխան՝ ինքը կհորդորի ԵԽ ԽՎ-ին՝ չքննարկել ՀՀ-ի հարցը: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Ա.Ադոնցն ասաց. «Ես դրա համար մեկ պատասխան ունեմ. եթե կա մտավախություն, որ ՀՀ-ում կարող են լինել քաղաքական բանտարկյալներ, ապա ես առաջարկում եմ՝ թող գան միջազգային էքսպերտներ, դեպք առ դեպք բոլոր գործերը նայեն, եւ, եթե կան քաղաքական բանտարկյալներ՝ ֆիքսեն, ինչպես դա արվում էր առաջներում, ինչպես դա արվեց Ադրբեջանում: Եթե քաղաքականությամբ զբաղվող որեւէ մեկը հիմա բանտում է կամ կալանավորված է, ապա դա չի նշանակում, թե նա պարտադիր քաղաքական բանտարկյալ է: Այսինքն՝ պետք չէ խառնել դրանք իրար»: Իսկ ինչպե՞ս է հայկական պատվիրակությունը համոզելու ԵԽ ԽՎ պատվիրակներին, որ Հայաստանում ձերբակալված քաղաքական գործիչները քաղբանտարկյալներ չեն: «Մենք կներկայացնենք իրավիճակը, եւ, եթե կլինի մտահոգություն, թող Հայաստան գան մասնագետները եւ դեպք առ դեպք գնահատեն իրավիճակը: Ենթադրենք՝ այսինչյան այսինչը բռնված է այսինչ բանի համար, այնինչյան այնինչը՝ այսինչ բանի համար: Թող գան գնահատեն, ես այնքան հանգիստ եմ այդ հարցում, որ որեւէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Ա. Ադոնցը:
Ստրասբուրգ-Երեւան