Ընդդիմադիր եւ իշխանական կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչների միջեւ վերջերս տեղի ունեցող գրեթե բոլոր բանավեճերը վերածվում են վեճի` բառի բուն իմաստով:
Սակայն երեկ «Հայելի» ակումբում կայացած բանավեճը իր ձեւաչափից դուրս չեկավ: Բանավեճին մասնակցում էին ՀՀԿ ներկայացուցիչներ Էդգար Հովհաննիսյանը, Հայկ Ակարմազյանը, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունից` Գեւորգ Պերկուպերկյանը եւ ՀՀՇ-անդամ Ավետիք Աբգարյանը: Գ. Պերկուպերկյանի գնահատմամբ` ընդդիմության շարժումն իր հետ դրական երեւույթներ բերեց, բացառությամբ մարտի մեկի զոհերի: Նրա կարծիքով` երիտասարդներն ակտիվ էին, կարծես թե թմբիրից արթնացան: ՀՀԿ ներկայացուցիչ Հ. Ակարմազյանի կարծիքով էլ` երիտասարդները թմբիրի մեջ չեն եղել: «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ երիտասարդությունը փորձում է առավել ընդգրկուն մասնակցել երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Կարծում եմ` երկրում տեղի ունեցող երեւույթները կարելի է դրական գնահատել, երիտասարդներն էլ ակտիվ են` թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության բանակում»,- ասաց նա: ՀՀԿ մեկ այլ ներկայացուցչի՝ Է. Հովհաննիսյանի խոսքով էլ` թունոտ բանավեճը թշնամացնում է, եւ ոչ թե՝ համոզում: Ինչ վերաբերում է երիտասարդությանը, ապա, նրա կարծիքով` երիտասարդության մեջ միշտ եղել է մի զանգված, որ մտահոգված է եղել պետության շահերով եւ «ազգային մտածելակերպ» ունի: «Իհարկե, կա մաս, որ բացարձակ ոչնչով չի հետաքրքրվում»,- ասաց նա` ավելացնելով, որ միջազգային կառույցներից տարբեր ծրագրերով տրամադրվող ֆինանսական միջոցներն, այսպես թե այնպես, արթնացրել են երիտասարդներին: Հ. Ակարմազյանը, սակայն, դրական է վերաբերվում արտասահմանից եկող գումարներին, քանի որ, ըստ նրա՝ «դրանք, վերջիվերջո, մեր երկրում են ծախսվում»: «Սակայն, եթե որեւէ մեկը փորձում է երիտասարդությանն օգտագործել իր նպատակի համար, դա անընդունելի է, նկատի ունենալով` որ երիտասարդներից շատերը շատ բան կարող են չհասկանալ»,- ասաց նա: ՍԴՀԿ ներկայացուցիչ Գ. Պերկուպերկյանն էլ նշեց, որ հնչակյան կուսակցության երիտասարդական թեւը չի ֆինանսավորվում որեւէ տեղից: «Մենք մեր միջոցներով ենք անում, իսկ շարժման մեջ էլ շարժման կենտրոնական շտաբից չենք ֆինանսավորվել, մենք մեր միջոցներով ենք կատարել ամեն ինչ: Դրսից ֆինանսավորման եթե փաստեր կան, բերեք: Շատ բան կարելի է ասել, նույնկերպ կարող ենք ասել, թե ՀՀԿ-ն պետական միջոցները սեփական շահերի համար է օգտագործում»,- ասաց նա: Ի պատասխան` Հ. Ակարմազյանը նշեց, որ ոչ ոք ՀՀԿ-ին չի կարող մեղադրել պետական միջոցները սեփական շահերում օգտագործելու համար: «Իսկ դրսից ֆինանսավորման արդյունքում եթե չի տուժում մեր պետականությունը, երիտասարդությունը չի օգտագործվում, թող գան այդ գումարներն, ու մեր երկրում ծախսվեն»,- ասաց նա: Անդրադառնալով երիտասարդների ակտիվությանը` Գ. Պերկուպերկյանն ասաց, որ ակտիվ երիտասարդներին էլ ծեծի են ենթարկում: Ի պատասխան՝ Հայկ Ակարմազյանը հավաստիացրեց, որ իրենք դատապարտում են դա: «Գլուխները պատով են տվել, ծեծել են: Եթե ծեծել են, ուրեմն ՀՀԿ-ն է՞ ծեծել»,- հայտարարեց նա: Ի պատասխան՝ Գ. Պերկուպերկյանը նշեց. «Ես իշխանություններին, եւ ոչ թե ՀՀԿ-ին եմ մեղադրում»: Արդյոք մարտի մեկից հետո մեկը մյուսի գործողություններում իշխանության եւ ընդդիմության երիտասարդները գոնե որեւէ դրական քայլ նկատո՞ւմ են: Այս հարցին ի պատասխան՝ Հայկ Ակարմազյանը նշեց, որ ընդդիմությունը խոստացավ հրապարակայնորեն, թե վերջին հանրահավաքը մարտի մեկ չի լինելու, ու պահեց իր խոսքը: «Այն բավականին խաղաղ անցավ, ու այդ տեմպերով գնալու դեպքում կարող ենք հպարտանալ, որ ունենք կառուցողական ընդդիմություն: Ընդդիմությունն իր կազմակերպչական աշխատանքներն այնպես արեց, որ կարողանանք խուսափել նման դեպքերից»,- ասաց նա: Գեւորգ Պերկուպերկյանն էլ՝ իբրեւ դրական քայլ՝ նշեց հետեւյալը: «Ոստիկանությունն ուղղակի չհարձակվեց խաղաղ ցուցարարների վրա, թե չէ անպայման պատասխան լինելու էր, ու լիներ մարտի մեկը: Ոստիկանությունը հասկացավ, որ պետք էր թողնել, մի կողմ քաշվել, չխանգարել ցուցարարներին»,- ասաց նա: ՀՀԿ երիտասարդ ներկայացուցիչներն ընդդիմադիր գործընկերներին առաջարկեցին համագործակցել` թեկուզ ոչ քաղաքական հարցերում, միջոցառումներ կազմակերպել միասին: Ի պատասխան՝ ՍԴՀԿ ներկայացուցիչը հավաստիացրեց, որ իրենք վերջին շրջանում բազմաթիվ միջոցառումներ են ցանկացել անցկացնել, սակայն իրենց անընդհատ մերժել են: Այնուամենայնիվ, նա ընդունեց առաջարկը` նշելով, որ իրենք էլ կարող են նախաձեռնություններով հանդես գալ: ՀՀՇ ներկայացուցիչ Ավետիք Աբգարյանը, սակայն, հրաժարվեց այդ առաջարկությունից: «Ես իմ ավագ գործընկերների հետ համամիտ եմ, նախ պիտի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, դրանից հետո նոր խոսվի երկխոսության մասին, անգամ երիտասարդների միջեւ»,- ասաց նա: