Վերջերս իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպություններից մեկը հարց է բարձրացնում աղանդավորներին Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներին հավասար իրավունքներ տալու մասին։ Նախ սկսենք Իրավունքի իրավունքից. իրավունքը իրավունք է ձեռք բերում այն ժամանակ, երբ ստանձնում է որոշակի պարտավորություն. սրանք հավասարակշռում են կշեռքի տարբեր նժարները, այսինքն՝ սրանք համարժեք կարգեր են։
Հայ Առաքելական եկեղեցին պետական հաստատություն է, այսինքն՝ ծառայում է պետության շահերին, եւ նրա սպասավորը ոչ թե ինչ-որ առանձնակի իրավունքով է ազատվում բանակի ծառայությունից, այլ, որովհետեւ արդեն իսկ պետական ծառայության մեջ է, իր պարտականությունների կատարման մեջ: Կրկնակի ծառայությունն այստեղ անիմաստ է. նա պատրաստված քաղաքացի է, եւ պատերազմի ժամանակ շատ հոգեւորականներ կամավոր են զինվորագրվում: Զենք վերցնել-չվերցնելու խնդիր նրանք չունեն։
Աղանդներն, իրենց խղճի ազատությունից բացի, որեւէ այլ բանի չեն ծառայում (այն էլ՝ դռնփակ): Դրանք տարերայնորեն կազմակերպված խմբավորումներ են, որ ֆինանսավորվում են դրսից, եւ, բնականաբար, ծառայում օտար շահերի՝ ներսից քայքայելով պետական հիմքերը։
Բացի այդ, պետք չէ խառնել երկու տարբեր հասկացություններ: Այլ բան է հոգեւորականը, այլ բան՝ որեւէ դավանանքի հետեւորդը, եւ աշխարհի որեւէ օրենքով որեւէ դավանանքի հետեւորդ բանակից ազատվելու իրավունք չունի: Եթե այդպես լիներ, ոչ միայն հայոց բանակը, այլեւ ցանկացած բանակ կլուծարվեր (չեմ կասկածում, որ հայ բանակայինների մեծ մասը մկրտված են եւ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ, ինչպես որ իսլամական երկրներում բանակում ծառայողները նաեւ այդ կրոնի հետեւորդներ են): Այնպես որ, իրավունքի պաշտպանության այս կտրվածքը որեւէ քննության չի դիմանում, եւ պիտի լիներ ճիշտ հակառակը. բանակը պիտի մերժեր աղանդներն ու աղանդավորներին, իսկ նրանք պետք է պայքարեին բանակում ծառայելու իրենց իրավունքի համար, որպեսզի պետության կողմից իսկապես խտրականություն չլիներ Մայր եկեղեցու հետեւորդների եւ աղանդավորների միջեւ։ Իսկ ընդհանրապես, բանակից ազատվելու իրավունքի համար կարող են պայքարել միայն ուսանողները, քանի որ նրանք նույն հարթության վրա են, ինչ հոգեւոր կրթություն ստացողները (սրանք էլ աշխարհիկ կրթություն են ստանում): Այսինքն՝ երկուսն էլ պետական կառույցներ են եւ երկուսն էլ ծառայում են նույն պետության շահերին եւ պատրաստված քաղաքացիներ են, իսկ բանակից ազատվելը ոչ թե արտոնություն է նրանց համար, այլ՝ այդ ընթացքում մասնագիտական որակավորումը չկորցնելու խնդիր (ինչը դարձյալ ծառայում է պետության շահերին)։
Հայ Առաքելական եկեղեցին համակարգված կրոնական կառույց է՝ իր դպրոցով, մշակույթով, պատմական դերակատարությամբ։ Այն որեւէ համեմատության եզր չունի աղանդների հետ: Այն ոչ միայն պետական կառույց է, այլ, առաջին հերթին, հայրենիքի խորհրդանիշ, եւ համախմբում է աշխարհում սփռված բոլոր հայերին (այսինքն՝ լուծում է նաեւ ազգապահպան խնդիր), եւ մեր գիր-գրականությունը ծնունդ է առել ու հիմնավորվել հենց այդ կառույցից, եւ ավելի մեծ խղճի ազատություն, քան Հայ Առաքելական եկեղեցին, կասկածում եմ, թե կարող է կամ ցանկանում է տալ իր հոտի անդամին որեւէ այլ կրոնական կառույց: Նրա ցանկացած անդամ ազատ է Եկեղեցի ելումուտի համար, ազատ է մասնակցել կամ չմասնակցել նրա ծիսակարգերին ու արարողակարգերին, որեւէ մեկը որեւէ պարտադրանքի չի ենթարկվում, եւ չեմ կարծում, թե Հայ Առաքելական եկեղեցին մերժի այն հոգեւորականին, ով կամավոր զենք վերցնի ու բանակ գնա, այսինքն՝ նա մարդուն չի զրկում կամքից ու որպես քաղաքացի դրսեւորվելու ցանկությունից, ինչը չի կարելի ասել աղանդների մասին, որոնք իրենց, այսպես կոչված, խղճի ազատությամբ պատանդ են վերցնում մարդուն եւ դարձնում աղանդի հետապնդած նպատակների կամակատար։
Հետաքրքիր է՝ ի՞նչ պարտավորություններ կամ պարտականություններ են իրենց վերագրում աղանդները, որ խոսում են իրավունքներից, ի՞նչ դերակատարություն ունեն պետական կառույցում, ի՞նչ խնդիրներ են լուծում, իսկ եթե խոսում են իրավունքներից, ինչո՞ւ են մոռանում բարոյական իրավունքի մասին։ Այն կառույցը, որ այնպես ջանադրորեն մերժում են, ո՞ւմ ապահովությունն է պաշտպանում: Այն բանակայինը, որ զենք է վերցնում, ո՞ւմ կյանքն է վերջին հաշվով պաշտպանում, թե՞ աղանդավորներն այս երկրից դուրս են ապրում։ Ամենեւին չեմ կարծում, թե որեւէ աղանդավոր բանակին մոտ գնալու որեւէ բարոյական հիմք ունի կամ նա կարող է դույզն-ինչ օգտակար լինել բանակում, (բացի քայքայիչ գործունեություն ծավալելուց), սակայն նա պարտավոր է հարկատու լինել այն կառույցին, որ ծառայում է ի պաշտպանություն նրա։