Գործադուլ ոսկու հանքում

31/05/2005

«Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքի
բանվորների մայիսի 11-ին սկսված գործադուլին հանքի սեփականատերերն
արձագանքեցին միայն մեկ շաբաթ անց՝ հրավիրելով Երեւան բանակցությունների:
Գործադուլավորների հետ հանդիպումից առաջ փորձեցինք ստեղծված իրավիճակի
վերաբերյալ որեւէ պարզաբանում ստանալ «ԱՈԱՁ» ՍՊԸ տնօրեն Վարդան
Վարդանյանից: Բարձրացված խնդիրներից պրն Վարդանյանը լուրջ էր ընդունում
միայն ինֆլյացիայի հետեւանքով առաջացած բարդությունները, մնացածի մասին նա
կամ տեղյակ չէր, կամ ծիծաղելի էր համարում. «Ի՞նչ զուգարանի մասին է
խոսքը, սարի վրա՝ ի՞նչ զուգարան, ո՞վ է ասել, որ ճաշարան կամ խմելու ու
լվացվելու ջուր չունեն՝ առաջին անգամն եմ լսում, ի՞նչ անվտանգության
կանոնների տեխնիկայի մասին է խոսքը, երբ մեր բաժանած աշխատանքային
արտահագուստները նրանք ուղղակի վերցնում ու վաճառում են»: Կամ՝ «Էդ
բանվորները բոլորն էլ խելոք, աշխատող մարդիկ են, այնտեղ ուրիշ հարցեր կան,
որ ոչ ինձ են վերաբերում, ոչ ձեզ»:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանը,
ով եւս որեւէ մեկնաբանություն չտվեց, միայն ասաց. «Մեր խնդիրն առայժմ այն
է, որ էս 500 հոգին գործազուրկ չմնան»:
Ի դեպ, Սոթքի հանքի հնդիկ սեփականատերերին է պատկանում նաեւ Վարդենիսի
հյուրանոցը, ռեստորանը, մշակույթի տունը: Հնդիկ գործարարների ներկայացրած
բիզնես-ծրագրի մի մասն է եղել վերոհիշյալ կառույցների վերանորոգումն ու
շահագործումը: Այս կառույցներից փոքրիշատե տանելի վիճակում է միայն
մշակույթի տունը, այն էլ՝ նախկին տնօրեն Մարատ Միրզոյանի ջանքերով, ով
այժմ ընդամենը պահակություն է անում, որպեսզի շենքը լրիվ հողին
չհավասարվի՝ հավատալով, որ կգա դեռ օրը, եւ շենքը կծառայի իր նպատակին: