Հունիսի 20-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի պահանջների շարքում իր համար «ամենագլխավորը քաղբանտարկյալների հարցն է»:
«Մենք անգամ համաձայն ենք, ես կոչ եմ անում միտինգի անունից Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին, եթե մինչեւ Հայաստանի հարցի քննարկման օրը Սերժ Սարգսյանն ազատ արձակի անխտիր բոլոր քաղբանտարկյալներին, ապա ես կոչ կանեմ, այսօր էլ կոչ եմ անում ԵԽ-ին՝ Հայաստանի նկատմամբ չկիրառել այն սանկցիան, որը սպառնացել են կիրառել»,- իր ելույթում ասել էր Լ.Տեր-Պետրոսյանը: Նա հեռակա կարգով դիմել էր նաեւ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին` ասելով՝ «Մի՞թե հնարավոր չէ մեկ օրում մեկ զանգով, հենց այս գիշեր լուծել այդ հարցը: Մենք ասել ենք, դրանից հետո մենք պատրաստ ենք նաեւ երկխոսության իշխանությունների հետ»: Իսկ ինչպես են իշխանության մաս կազմող քաղաքական ուժերը վերաբերվում երկխոսություն սկսելու, ըստ էության, այս շատ որոշակի առաջարկին:
«Ես կարծում եմ, որ հարուցված դատավարությունները պետք է ավարտվեն բնական ընթացքով եւ ոչ թե մեկ զանգով: Դատավարությունները պետք է գնան այնպես, որ մեղավորները պատժվեն, իսկ անմեղները բաց թողնվեն: Անմեղներն իրենց բարոյական վնասը փոխհատուցելու համար գուցե հետո դիմեն դատարան: Եղել են նաեւ անբանական դատեր, մի երկու գործին ես ծանոթ եմ: Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանին ու իր թիմին ձեռք կտա, որ այդ գործերը մինչեւ վերջ քննվեն եւ անմեղները բաց թողնվեն, քան թե իշխանությունը յուրահատուկ «լավություն» անի եւ մեծահոգաբար կարճի այդ գործերը: Թե չէ մենք հարցականի տակ կդնենք իրավական պետություն լինելու հանգամանքը: Շատ զսպող հանգամանք է, եւ ցավալի է, որ ձախողվում ենք, բայց քաջություն ունենք խոստովանելու, որ Եվրոպական դատարանի ուրվականը շրջում է եւ պետք է ավելի ընդգծված լինի բոլոր դատավարությունների ընթացքում: ՀՀ-ի դեմ Ստրասբուրգում հարուցված ցանկացած գործ, որը պարտություն է կրում, խփում է երկրի իմիջին, ցույց է տալիս մեր թերի դատական համակարգի խնդիրները»,- ասում է Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը:
«Իմ կարծիքով՝ նախապայմաններ չպետք է լինեն, պետք է լինի երկխոսություն, որի արդյունքում նոր տարբերակներ կառաջարկվեն: Հենց երկխոսությունն է բերում հարցերի լուծում: Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի ուղղակի երկխոսություն սկսել»,- ի պատասխան Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկը գնահատելու մերն հարցին, նշեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Սաֆարյանն էլ ասաց, թե չի ցանկանում մեկնաբանել Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը: Իսկ կոալիցիայի չորրորդ անդամ ՀՅԴ-ից չհաջողվեց այս հարցի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ: ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը եւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հրաժարվեցին որեւէ կարծիք հայտնել Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ:
Հունիսի 20-ի հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանն անդրադարձել էր նաեւ նախագահական ընտրություններից հետո իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Ս. Սարգսյանի կողմից արված քայլերին: «Այս 3 ամսում ի՞նչ է արել: Շախմատային լեզվով` կատարել է ռակիրովկաներ: Ռոբերտ Քոչարյանի մարդկանց փոխատեղումներով նստեցրել է տարբեր աթոռների: Ոչ մի նոր մարդ, ոչ մի նշանակում, որը ժողովրդի գոնե մի մասի կողմից հաճույքով ընդունվեր… »,- ասել էր Լ.Տեր-Պետրոսյանը: Երեկվա մեր կոալիցիոն զրուցակիցները, բնականաբար, չեն կիսում ՀՀ առաջին նախագահի կարծիքը: Նրանք պնդում են, որ վերջին ամիսներին Ս.Սարգսյանը բարեփոխումներ է իրականացնում: Իսկ Ա.Աշոտյանը նույնիսկ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը բաժանել է երկու մասի` խորքային-քաղաքական եւ ժողովրդի համար հնչեցված: «Ես կարծում եմ, որ սա ելույթի այն հատվածներից էր, որը զանգվածների համար էր, հրապարակի տրամադրությամբ թելադրված: Այո, բոլորս եթե չտեսնենք բարեփոխումների վերջնական արդյունքը, չենք կարող հանգիստ խղճով վերաբերվել մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին: Ես հավատում եմ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում տնտեսական ու քաղաքական մշակույթի տեսանկյունից կունենանք մեկ այլ Հայաստան: 100 օրվա մեջ հնարավոր չէ արձանագրել վերջնական խոշոր արդյունք: Ես կարծում եմ, որ մեր հայրենակիցներին ոչ թե կհետաքրքրի վերջնական արդյունքը՝ որպես աբսոլյուտ արժեք, այլ այն ճանապարհը, որն անցնելուց հետո մենք կարող ենք ավելի մեծ հաջողություն արձանագրել: Ես տեսնում եմ, որ արդեն հասարակությունն իր աչքով տեսնում է բարեփոխումների արդյունքը, պարզապես չեն հավատում, որ դա միշտ այդպես է լինելու»,- ասում է Ա.Աշոտյանը:
«Այս կարճ ժամանակում նախագահի կողմից բազմաթիվ ոլորտներում արդեն վճռական քայլերը տեսանելի են: Մաքսային, հարկային, նաեւ Ոստիկանության ոլորտներում: Իհարկե, միանգամից ամեն ինչ վերացնել հնարավոր չէ: Աղետի գոտում հսկայածավալ աշխատանքներ են նախատեսված, իշխանության ապակենտրոնացման միտում կա»,- կարծում է Հ.Մարգարյանը:
Իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները բազմիցս են նշել, թե ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի պահանջները բխում են կոալիցիոն հուշագրից: Անցած ուրբաթ Ստրասբուրգում ԵԽ ԽՎ Մոնիտորինգի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն ու Ջոն Պրեսկոտն «անբավարար» են գնահատել Հայաստանի իշխանությունների կողմից «2008թ. փետրվարի ընտրություններին հետեւած բռնություններից հետո Վեհաժողովի պահանջներն իրականացնելուն ուղղված մինչ այժմ արձանագրված առաջընթացը»: Իսկ ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի պահանջների մի մասը պետք է իրականացներ ԱԺ-ն: Անցած շաբաթներին այդ ուղղությամբ ԱԺ-ն ինչ-որ քայլեր ձեռնարկել է` ընդունել է «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, ստեղծել է մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով եւ այլն: Եվ, փաստորեն, համազեկուցողներն «անբավարար» են գնահատել ԱԺ-ի կողմից կատարված այս քայլերը: Նույն տրամաբանությամբ ստացվում է, որ անուղղակիորեն «անբավարար» են գնահատվել նաեւ կոալիցիայի հուշագրի հիմքում ընկած ծրագրերը: «Ես կարծում եմ, որ նախ համազեկուցողները պետք է զեկուցեն Եվրախորհրդի լիագումար նիստում, եւ, ի վերջո, որպես մարմին՝ Եվրախորհուրդն է որոշելու, թե ինչ չափով է կատարվել: Անցած շաբաթ պարոն Կոլոմբիեի հետ մեր հանդիպման ժամանակ ես զգացի, որ բավականաչափ դրական էր գնահատում կատարված փոփոխությունները: Չեմ կարող ասել, թե դրանից հետո ինչու այդպիսի գնահատական տվեցին: Անցած շաբաթ ենք հանդիպել Վենետիկի փորձագետների հետ, նրանք դրական կարծիք են հայտնել մասնավորապես՝ ընտրական, հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքների մասին: Ինձ համար զարմանալի է միանգամից այդպիսի մոտեցումը»,- տարակուսեց Հ.Մարգարյանը: «Օրենքների փոփոխության մասով ես կասեի, որ կատարվել է անհրաժեշտը: Միգուցե իրենք կուզենային, որ հանձնաժողովը շուտ ստեղծված լիներ եւ ինչ-որ աշխատանքներ կատարած լիներ: Այս մասով միգուցե կարելի է համակերպվել: Ճիշտ է, հանրահավաքների մասին օրենքի դեպքում պահանջել էին ամբողջությամբ չեղյալ հայտարարել, բայց կատարված փոփոխությունները դրական վերաբերմունքի են արժանացել Վենետիկի փորձագետների կողմից: Մենք էլ ասում ենք, թե մենք մեր օրենքները կանենք այնպես, ինչպես մենք ենք գտնում մեր պարտավորությունների շրջանակներում»,- ավելացրեց «Հանրապետական» խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը:
Մեր բոլոր զրուցակիցները նաեւ կարծում են, որ ԵԽ ԽՎ-ն 1609 բանաձեւի պահանջների կատարման համար Հայաստանին տված ժամկետը կերկարաձգի եւ ոչ թե պատժամիջոցներ կկիրառի՝ Հայաստանին զրկելով քվեարկելու իրավունքից: