«Իմ կյանքը ոչինչ չարժե՞»

27/06/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

45-տարեկան Աննան գարունն, ամառն, աշունն ու ձմեռն անցկացնում է հանրակացարանի իր փոքրիկ ու ճնշող սենյակի բազմոցին գամված, որտեղ ամենուր անփույթ ընկած են դեղերի տուփեր:

Տարվա բոլոր եղանակների լուսաբացն Աննան դիմավորում է նույն կերպ. օրը սկսում է ապրելու հույսը դեղահաբերի հետ կապելով ու գիշերը դիմավորում է մի քիչ հուսախաբ լինելով: Ամեն օր վաղվա ապրելու հույսն աստիճանաբար խեղաթյուրվում է, որովհետեւ գիտակցում է օրգանիզմը քիմիայով կենսունակ պահելու անհնարինությունը: Աննան ինձ հրավիրել է իր տուն, որպեսզի մի քիչ խոսենք, բայց խոսելու բանն էնքան շատ է, որ շտապելուց հուզվում, խեղդվում է: Սկսում է շնչահեղձ լինել, հետո բնազդաբար մի քանի դեղահաբ է կուլ տալիս ու մի քիչ թեթեւացած պատմում է իր պատմությունը: Սկսում է անցյալի Աննայից, որովհետեւ ներկայի Աննան այնքան խղճուկ վիճակում է, որ չի ուզում էս Աննայով տպավորություն թողնել: Աննա Սարգսյանը Հ. Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի թատրոնի, Գ. Սունդուկյանի անվան Ակադեմիական թատրոնի, ինչպես նաեւ՝ Պետկրկեսի տոմսավաճառն է եղել: Ասում է` «Ճիշտ է, տոմսավաճառը եսիմինչ գործ չի, բայց ամբողջ կյանքս անցավ արվեստագետների մեջ: Աննկարագրելի տարիներ էին, ամեն դերասանի, ամեն ներկայացման հետ պատմություն ունեմ: Դերասանի իմ իդեալը Կարպ Խաչվանքյանն էր, իսկապես նա եզակի արտիստ էր: Շատ եմ ճամփորդել ու բոլորին շատ լավ գիտեմ»: Հետաքրքիր պատմություններ է պատմում Սվետլանա Գրիգորյանի, Մելինե Համամջյանի հետ կատարված զավեշտալի դեպքերի մասին: Աննան պատմում է, որ վերը նշված թատրոնների խաղացանկին գերազանց տիրապետում է եւ մշտապես դիտել է բոլոր ներկայացումները: «Վարձով էի ապրում, բնակարան չեմ ունեցել: Թատրոնում, Կրկեսում աշխատելու ժամանակ նորմալ վաստակում, ապրում էի, չէի նեղվում»,- պատմում է նա` ասելով, որ 1990-ականների ծանր տարիներին թատրոնների գոյությունն էլ դրվեց հարցականի տակ: «Շրջագայում էինք մարզերով, գյուղերով: Ահավոր վիճակ էր` ցուրտ, մութ, սարսափելի էր: Դպրոցներում, հիմնարկներում տոմսեր էի ցրում, շատ էի մրսում: Ես շրջիկ տոմսավաճառ էի ու ահավոր սառչում էի աշխատանքի ժամանակ: Մի օր զգացի, որ շնչահեղձ եմ լինում, շատ պատահական ստացվեց, ուշաթափվեցի»,- պատմում է նա` ավելացնելով, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո ախտորոշել են բրոնխիալ ասթմա հիվանդությունը: Այնուհետեւ, այլեւս չկարողանալով տան վարձավճարը մուծել եւ որպես տոմսավաճառ աշխատել՝ Աննան տեղափոխվել է Վարդաշենի հանրակացարան ու այնտեղ էլ սկսել է աշխատել որպես հավաքարար: «Ահավոր բան կատարվեց: Մայրս մահացավ, ու ես երեւի պատրաստ չէի նրան տեսնելու: Վախեցա, ահավոր վախեցա, ու այդ դեպքից հետո ինձ մոտ հիվանդությունների շարան հայտնաբերեցին»,- պատմում է Աննան` ընդգծելով, որ այդ դժբախտությունն իր տառապանքների սկիզբն է եղել: Մորն անկենդան տեսնելու, միայնակ մնալու վախը խառնել է Աննայի հոգեվիճակը: «Գիտե՞ք, թե վախն ի՞նչ կարող ա անել մարդու հետ: Էդ վախից ես լրիվ դարձա դիակ, առողջությունս կորցրի, սկսեցի աննորմալ չաղանալ, որովհետեւ բժիշկն ասեց, որ հորմոնների կտրուկ խախտում ա եղել: Ամբողջովին մազակալեցի, հիմա նենց ուռած եմ, որ չեմ կարողանում քայլ անել, պայթում եմ: Սրտի ճաք առաջացավ, որովհետեւ ես առավոտից իրիկուն լաց էի լինում, չէի հանգստանում, շատ ծանր սթրես էր: Երբ սիրտս նկարեցին, ասեցին, որ սիրտս չի դիմացել, ճաքել ա»,- պատմում է նա` հերթով թվարկելով հիվանդությունները` ինֆեկցիոն ալերգիա, ասթմա, արյան ճնշում, սրտի արատ եւ այլն: Ներկայումս կարողանում է ողջ մնալ ասթմայով հիվանդների համար նախատեսված ինգալյատորի օգնությամբ, որի մեկ տուփն արժե 5400 դրամ: Հարեւանները պատմում են, որ Աննային հաճախ սենյակում գտնում են ուշաթափված, շնչահեղձ վիճակում, քանի որ այդ սարքը գնելու հնարավորություն չունի: 3-րդ կարգի հաշմանդամության համար նա ստանում է 6800 դրամ, որով կարող է գնել ընդամենը մեկ ինգալյատոր, իսկ մնացած բազմաթիվ դեղահաբերը գնելու հնարավորություն ընդհանրապես չունի: Ընտանեկան նպաստ չի ստանում, որովհետեւ ասում են` բալերը չի հերիքում: «Տարին տասներկու ամիս հիվանդանոցներում բուժվում եմ, հիմնականում Էրեբունու հիվանդանոցում եմ պառկում»,- ասում է Աննան` վստահեցնելով, որ տուն վերադառնալուն պես վիճակը կտրուկ վատանում է` համապատասխան դեղորայքը չօգտագործելու պատճառով: Ասում է` բազմիցս Առողջապահության նախարարին նամակ է գրել` խնդրելով միջամտել պոլիկլինիկայից օրենքով անվճար տրամադրվող դեղորայքն իրեն տրամադրելու հարցում, սակայն` «Պատասխանում են, որ գոյություն ունի համապատասխան օրենք, ըստ որի` Ձեզ դեղորայքն անվճար է տրամադրվում: Գնում եմ պոլիկլինիկա, որ ստանամ, ասում են` չի հասնում, չունենք: Փաստորեն, նախարարությունն ասում ա, որ հասնում ա, իսկ պոլիկլինիկան չի տալիս: Ես առանց դեղերի չեմ կարա ապրեմ, հասկանո՞ւմ եք: Դեղ չի լինում, որ խմեմ՝ վատանում, ուշաթափվում եմ, հարեւանները շտապօգնություն են կանչում, բայց գիտեմ, որ մի օր անտերության մեջ կմեռնեմ»:

ՀՀ Առողջապահության պետական նպատակային ծրագրերի մեջ անվճար դեղորայքով ապահովելու վերաբերյալ ամրագրված է. «Ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններով տառապող եւ բուժվող անձանց տեղամասային թերապեւտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով՝ համապատասխան մասնագետների միջոցով անհրաժեշտ դեղորայքով ապահովումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 396 որոշման»: Ավելին` ըստ տիկին Աննայի, Առողջապահության նախարարության պատասխան նամակներում նշվում է, որ իր հիվանդություններն ընդգրկված են անվճար դեղորայքով ապահովելու համար անհրաժեշտ ցանկում:

Աննա Սարգսյանը վախենում է: Վախենում է, որ իրեն մի օր կգտնեն մահացած վիճակում: Նրան օդի պես անհրաժեշտ է բժիշկների նշանակած դեղորայքը, սակայն այդ «օդն» իր համար անհասանելի մի բան է: «Հասկանո՞ւմ եք, ես համարվել եմ աշխատունակ, նստած տեղից վեր կենալու հնարավորություն չունեմ, մարմինս ուռած, պայթում ա: Ես չգիտեմ՝ ո՞ւմ դիմեմ, մեր պետության համար ես ոչինչ չարժե՞մ, իմ կյանքը ոչինչ չարժե՞»,- հարցնում է նա: