Ոչ հերքել է, ոչ էլ հաստատել

27/06/2008

«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արա Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հերքել է հիմնադրամի գործունեության վերաբերյալ վերջերս շրջանառվող տեղեկությունները մասնավորապես նվիրատվությունների վատնման եւ փոշիացման մասին:

«Նույնիսկ մի թերթում կար հոդված, որ Սփյուռքը բողոքում է, որ հիմնադրամի գումարներով պաշտոնյաների համար հիմնադրամը գնել է «ջիփեր»: Պաշտոնապես ուզում եմ հերքել` այդպիսի բան գոյություն չունի, հիմնադրամը երբեւիցե ոչ մի պաշտոնյայի համար «ջիփ» չի գնել եւ չի էլ գնելու»,- հայտարարել է Արա Վարդանյանը` ավելացնելով. «Հիմնադրամն անցնում է երկու տեսակի աուդիտ` ֆինանսական եւ ֆիզիկական: Այս բոլոր ստուգումներով հանդերձ` հիմնադրամն ուղղակի չէր կարող գումարների ոչ պատշաճ տնօրինում ունենալ»: «Հայաստան» հիմնադրամի` անցած տարվա նոյեմբերին կայացած հեռուստամարաթոնին պաշտոնական տվյալներով հանգանակվել էր 15 միլիոն 270 հազար դոլար: Հիշեցնենք, որ ըստ հավաստի տեղեկությունների՝ այդ թիվն իրականում եղել է 1 մլն դոլարի սահմաններում: Մինչդեռ, Ա. Վարդանյանն անցած տարվա մարաթոնը համարում է «ամենաարդյունավետ մարաթոնը` ամենամեծ մուտքով»: Նա ասել է, որ հեռուստամարաթոնի ընթացքում ոչ միայն անմիջապես գումարներ են հավաքվում, այլեւ դրանց մի մասն ուղղակի հայտարարվում է խոստումի ձեւով (մեր թերթում հրապարակված տեղեկատվության համաձայն, հենց այդ խոստումներն էլ չէին կատարվել): Ըստ հիմնադրամի փոխտնօրենի՝ պատահում է, որ նույնիսկ խոստացածից ավելի են տալիս, սակայն պատահում է նաեւ հակառակը` խոստումը չեն կատարում, թեեւ այդպես ավելի հազվադեպ է լինում: Ա.Վարդանյանն ասել է, որ սովորաբար տարվա կեսին հավաքված է լինում ամբողջ գումարի մոտ 50 տոկոսը, եւ հիմա էլ շեղում չկա: «Մոտավորապես 7 միլիոնի չափ արդեն ստացել ենք: Եվ նորից եմ ուզում շեշտել` պետք չէ կարծել, որ 15-ից 7 է: Ոչ, 15-ից կլինի 13-14. սովորաբար հիմնադրամի ցուցանիշը տատանվում է 90-95 տոկոսի սահմաններում: Ուղղակի կան տեղական մարմիններ` հիմնադրամի ներկայացուցիչներ, որոնք հայտարարել են գումարը, բայց դեռեւս չեն ընտրել ծրագիրը»: Ա. Վարդանյանի խոսքերով՝ կան երկու մեծահարուստներ, որոնք խոստացել են գումարը, «եւ ներկայումս մենք բանակցում ենք իրենց հետ»: Այդ երկու մեծահարուստները միասին, ըստ Վարդանյանի, խոստացել են մեկ միլիոն դոլար: «Այս հեռուստամարաթոնին ամենամեծ բարերարը եղել է Լեւոն Հայրապետյանը, որը 2,5 միլիոն է խոստացել, եւ արդեն այս պահին նա բանակցում է Լեռնային Ղարաբաղի կառավարության հետ, որպեսզի ստանձնի իր ծրագրերը: Եվ կան երկու հոգի` Լուիզ-Սիմոն Մանուկյան եւ Հրայր Հովնանյան, որոնք խոստացել են 500-հազարական դոլար: Երկուսն էլ չեն մերժում. հենց երեկ ես խոսակցություն եմ ունեցել մեր Նյու Յորքի գրասենյակի հետ. Լուիզ-Սիմոն Մանուկյանը վերահաստատել է, որ պատրաստ է տրամադրել փողը: Խնդիրն այն է, որ ուղղակի նա պետք է ընտրի ծրագիր»,- ասել է «Հայաստան» հիմնադրամի փոխտնօրենը: Ըստ Արա Վարդանյանի, նախկինում եւս Լուիզ-Սիմոն Մանուկյանը պահանջել է ծրագիր` գումարը տալու համար: «Ուղղակի խնդիրն այն է, որ նախկինում հիմնադրամի ծրագրերը եղել են շատ ավելի ընդունելի ու հասկանալի ու համապարփակ, օրինակ` Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին: Ինքն անպայման ուզում է ստանալ մեր մոտից ծրագիր, որի դիմաց կծախսվի իր գումարը: Քանի որ Լուիզ-Սիմոն Մանուկյանը տարիներ ի վեր հիմնադրամին գումար է տրամադրել շինարարական ծրագրերի համար, ենթակառուցվածքի զարգացման, այս տարի տիկին Մանուկյանը որոշել է, որ ուզում է մասնակցել ավելի շատ սոցիալական զարգացման ծրագրերի, որը հիմնադրամի համար նոր ոլորտ է: Եվ քանզի դա նոր ոլորտ է, մեզ համար էլ մի քիչ ավելի շատ ժամանակ է պահանջվում»,- ասել է Ա. Վարդանյանը:

Ի դեպ, Ա. Վարդանյանը դժվարացել է մեկնաբանել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցի հավանական հրաժարականի վերաբերյալ լուրերը` ասելով. «Ես չգիտեմ, ես ոչ հաստատում եմ իր հրաժարականը, ոչ մերժում, որովհետեւ ես տեղյակ չեմ»: