Սալման Ռուշդի (Ծնվ. 1947թ.)

27/06/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Իմ կարծիքով՝ դա խիզախ արարք է` որոշել, որ դու զբաղվելու ես այն բանով, ինչով ուզում ես, եւ քո ուզածն անել անկախ ամեն ինչից:

Իմ գրքի հետ կապված պատմությունը («Սատանայական բանաստեղծություններ») ինձ շատ բան սովորեցրեց: Ես իմացա, թե որքան ուժգին են մարդիկ կարողանում ատել: Սակայն իմացա նաեւ այլ մի բան` թե որքան մեծ է առ ընկերություն եւ համերաշխություն նրանց ընդունակությունը: Երեք անգամ կրակել էին իմ նորվեգացի հրատարակչի մեջքին, եւ նա ողջ մնաց միայն իր ամուր առողջության շնորհիվ. մի ժամանակ նա Նորվեգիայի դահուկորդների հավաքականի անդամ էր եղել: Եվ վերքերից հազիվ ապաքինված, նա վերահրատարակեց գիրքս:

Ես երջանիկ կլինեի, եթե այնպիսի տպաքանակ ունենայի, ինչպիսին Ջոան Ռոուլինգը («Հարրի Փոթերի» հեղինակը): Դա կփոխեր իմ կյանքը: Ես ինքնաթիռ կգնեի, եւ այդ ժամանակ օդանավակայաններում կոշիկ հանելու կարիք չէր լինի:

Սալման ՌՈՒՇԴԻ

Ժիլ Դելյոզն իր «Ծալքը, Լայբնիցը եւ բարոկկոն» գրքի «Նյութի լաբիրինթոսը» գլխում խոսելով «բարոկկո» հասկացության մասին՝ հղում է այն ոչ թե որեւէ էության, այլ, ավելի շուտ, ինչ-որ գործարարական գործառույթի, բնորոշ հատկանիշի: Բարոկկոն անդադար ծալքեր է ծնում: Այդ հայտնագործությունը նրան չի պատկանում. գոյություն ունեն Արեւելքից սերած զանազան ծալքեր, ինչպես նաեւ՝ հին հունական, հռոմեական, ռոմանական, գոթական դասական… Սակայն բարոկկոն դրանք ծռում եւ կորացնում է, միտելով առ անվերջություն` ծալքը ծալքի ետեւից համակցելով մեկը մյուսին: Բարոկկոյի հիմնական հատկանիշն անսահմանությանը միտված անվերջությունն է:

Եվ փոքր-ինչ առաջ ընթանալով՝ Դելյոզն ասում է, որ ստուգաբանորեն «լաբիրինթոս» նշանակում է` «բազմաբարդ», քանի որ նրանում բազում ծալքեր կան: «Բազմաբարդը» ոչ միայն այն է, որ շատ մասեր ունի, այլեւ այն, որ կազմավորվում է բյուր միջոցներով: Լաբիրինթոսը հենց համապատասխանում է յուրաքանչյուր հարկին` անընդհատականության լաբիրինթոսը՝ նյութի մեջ եւ իր մասերում, եւ լաբիրինթոսը՝ հոգու մեջ եւ իր ստորոգելիներում:

Սա կարող էր լինել Սալման Ռուշդիի ռուսերեն հրատարակված վերջին երկու վեպերի` «Արեւելք-Արեւմուտք» եւ «Ծաղրածու Շալիմարը» գրքերի բնաբանը: Արդի գրականության մեջ (մանավանդ, նեոբարոկկոյի եւ մոգական ռեալիզմի ավանդույթները շարունակող) ծալքերի անվերջությունը տարբեր արտահայտություններ է ստանում` տարբեր գրականություններում: Եթե, ասենք, Միլորադ Պավիչի, Գորան Պետրովիչի կամ Էմիր Կուստուրիցայի արվեստում Բալկանների ողջ խառնաշփոթով եւ անսանձ երեւակայության հրավառությամբ հանդերձ՝ երբեմն այդ ծալքերը խամրում կամ կրկնվում են, ապա Սալման Ռուշդիի արձակում դրանք անվերջորեն ու անկրկնելիորեն լոտոսի պես շարունակում են բացվել ժամանակակից քաղաքակրթության ճահճուտում:

Հարցազրույցներից մեկում Ռուշդին այն հարցին, թե՝ դուք ձեզ «արեւմտյա՞ն», թե՞ «արեւելյան» մարդ եք համարում, պատասխանել էր. «Ես ինձ համարում եմ քաղաքաբնակ: Բոմբեյում, որտեղ ես մեծացել եմ (Բոմբեյը հնդկական քաղաք է, որ կառուցել են անգլիացիները), Արեւելքն ու Արեւմուտքը սերտորեն միաձուլված էին: Եվ, իհարկե, «աշխարհներից» յուրաքանչյուրը մյուսին թելադրում էր իր ստերեոտիպերը, առասպելականացնում եւ դիվականացնում էր մյուսին: Ինձ համար արժեքավոր էր միաժամանակ բազում աշխարհներում գտնվելը եւ գրելը, ելնելով այդ բազմազանությունից եւ բազմաքանակությունից»:

Այստեղ, կարծես թե, շարունակվում է լաբիրինթոսի եւ «ծալքի անվերջության» թեման:

Սալման Ռուշդին իր կաշվի վրա է զգացել այն վտանգը, որին ենթարկվում է պատմություններ պատմող մարդը, եւ գիտի նաեւ, որ բառն այսօր պահպանել է իր ուժը, եւ, որ աշխարհն առաջվա պես վախենում է բառերից, եւ իր զրույցներից մեկում ասում էր նաեւ, որ ինչքան տոտալիտար է հասարակությունը, այնքան մեծ ահ է ներշնչում արտահայտության ազատությունը:

«Ամֆորա» հրատարակչությունը 2007 թվականին լույս ընծայեց «Արեւելք-Արեւմուտք» ժողովածուն, որը բաղկացած է 9 կարճ պատմվածքներից այն մասին, թե ինչ է լինում, երբ Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին, երբ ճակատագրի կամոք պերսոնաժները տարուբերվում են այս ու այն կողմ: Հորինվածքն ու իրականությունը միաձուլվում են վարորդ-ռիկշայի Բոմբեյում ապրող կինոաստղ կնոջը հղած՝ իր կյանքի մասին պատմող նամակներում: Այնտեղ կա պատմություն նաեւ այն մասին, թե ինչպես սխալ արտասանությունը հանգեցնում է ռոմանտիկ հարաբերությունների եւ արտասովոր սիրահետության՝ 60-ական թվականների Լոնդոնում: Այստեղ պատմվում է նաեւ Կոլումբոսի եւ Իզաբել թագուհու հարաբերությունների ավարտի մասին: Հեղինակին հաջողվում է ակնհայտորեն ցույց տալ արեւելյան եւ արեւմտյան ապրելակերպի եւ մշակույթի ընդհանրություններն ու տարբերությունները:

Պակիստանում մուսուլմանական ընտանիքում ծնված, ծագումով հնդիկ եւ Անգլիայում կրթություն ստացած Սալման Ռուշդին իր միջի լաբիրինթոսում անվերջորեն ծավալվող ծալքերի տերն ու գերին է, դրան գումարած՝ «երեք դարաշրջանների բախումը», որի մասին գրում էր Մ. Կունդերան իր էսսեի Ռուշդիին նվիրված հատվածում. «Պատմության համար բացառիկ իրավիճակ` ծագումով Ռուշդին պատկանում է մուսուլմանական խմբակցությանը, որի մեծ մասը ժամանակագրորեն ապրում է դեռեւս Նոր ժամանակին նախորդող դարաշրջանում: Նա իր գիրքը գրել է Եվրոպայում, Նոր ժամանակում, կամ ավելի ճիշտ` այդ դարաշրջանի վերջում», իսկ փոքր-ինչ առաջ անցնելով՝ հետեւեցնում է. «Այդ տեսանկյունից Ռուշդիի դատապարտությունը պատահականություն կամ խելագարություն չէր, այլ խորագույն ընդհարման տեսք էր առնում, որն առաջացել էր երկու դարաշրջանների միջեւ` աստվածապետությունը դատապարտում է Նոր ժամանակը, եւ որպես թիրախ՝ ընտրում է նրա ամենահամոզիչ հորինվածքը` վեպը: Չէ՞ որ, Ռուշդին չի աստվածանարգել: Նա չի հարձակվել իսլամի վրա: Նա վեպ է գրել: Բայց աստվածապետական ուղեղի համար դա ավելի վատ է, քան հարձակումներն իսլամի վրա»: Խոսքն այստեղ «Սատանայական բանաստեղծություններ» վեպի մասին է, որը դեռեւս ռուսերեն չի հրատարակվել, բայց ինտերնետային կայքերից մեկում կա:

Այս տարի «Ամֆորա» հրատարակչությունը լույս ընծայեց Սալման Ռուշդիի 2005 թվականին գրած «Ծաղրածու Շալիմարը» վեպը, որը «Կեսգիշերվա զավակները» երկից հետո, թերեւս, Ռուշդիի լավագույն գործերից մեկն է` ողբերգության վերածված մի սիրո պատմություն: «Ծաղրածու Շալիմարը» էպիկական հզոր պատում է, որ ցայտունորեն պատկերել է մարդկանց ճակատագրերը պատմության բարդագույն պահերին: Գործողության վայրերն են` Անգլիան, Ֆրանսիան, Ամերիկան, բայց ամենից առաջ՝ Քաշմիրը` ոչ այնքան կորուսյալ, որքան կործանված դրախտը:

Ամերիկացի դիվանագետ Մաքս Օֆալսը, Դիմադրության շարժման երբեմնի մասնակիցը, Հնդկաստանում ԱՄՆ-ի երբեմնի դեսպանը, հետպատերազմյան համաշխարհային կարգուկանոնի ստեղծողներից մեկը, իսկ այնուհետեւ՝ ահաբեկչության դեմ պայքարի փորձագետներից մեկը, հեռուստատեսային թոք-շոուում կրակոտ ճառ է արտասանում Քաշմիրում տիրող իրավիճակի մասին` բզկտված եւ անհանգիստ մի տարածաշրջանի, որին հավակնում են տիրանալ թե՛ Հնդկաստանը, եւ թե՛ Պակիստանը, եւ որտեղ արդեն համարյա թե կես դար արյուն է հորդում:

Ելույթը դատապարտում է թե՛ հնդիկներին, եւ թե՛ պակիստանցիներին` ամենքին, ով դրախտավայրը վերածել է մարտադաշտի, եւ բնականաբար՝ կտրուկ ընդդիմադրության է դեմ առնում: Մի քանի օր անց Մաքս Օֆալսը վախճանվում է սեփական վարորդի ձեռքից` Շալիմար անունով Քաշմիրի մի մահմեդականի, ով մի ժամանակ, իր նախորդ կյանքում իրոք որ ծաղրածու է եղել: Ճիշտ է, դա շատ վաղուց էր, եւ հիմա համարյա թե հեքիաթ է թվում: Ողբերգությունը տեղի է ունենում դեսպանի աղջկա` Հնդկաստանի աչքի առջեւ: Բոլոր անունները, ինչպես հաճախ է պատահում Ռուշդիի երկերում, պատահաբար չեն գործածված: Մաքս Օֆալսը` գերմանա-ամերիկացի կինոռեժիսոր Մաքս Օֆյուլսի լրիվ անվանակիցն է, նրանց տարբերությունը սոսկ ռուսական տրանսկրիպցիայի մեջ է, անգլերեն այդ ազգանունները միակերպ են գրվում: Շալիմար անունը կամ տեղանունը հաճախ է գործածվում անգլիալեզու բանաստեղծական ավանդույթում, Արեւելքին ընծայված բանաստեղծություններում, իսկ Հնդկաստան անունն ի պատիվ այն երկրի է, որտեղ ծնվել է դեսպանի աղջիկը: Ողջ գրքի հյուսվածքում հետզհետե, կաթիլ առ կաթիլ ի հայտ են գալիս երեք հիմնական պերսոնաժների կենսագրության փաստերը, մինչեւ որ բացահայտվեն հանցագործության պատճառները: Թեպետ թվում, է թե Շալիմարն իսլամական ահաբեկիչ է, Օֆալսը` ամերիկյան ծառայող` արժե՞ արդյոք այլ պատճառներ փնտրել:

Բուքերի մրցանակի դափնեկիր, Անգլիայում՝ ասպետի կոչման, իսկ Իրանում` մահվան դատավճռի արժանացած Սալման Ռուշդին ոչ միայն գրող է: Նրա յուրաքանչյուր գիրքն ընկալվում է որպես մանիֆեստ, ինչպես ասք-առակաբանություն Արեւելքի եւ Արեւմուտքի դիմակայության մասին: Այս վեպը, ինչպես եւ նախորդները, առավելագույնս գերհագեցած է, ընդ որում, այն վիրավորում եւ շամփրում է բոլորին` թե՛ հնդիկներին, թե՛ պակիստանցիներին, եւ թե՛ ամերիկացիներին եւ հակագլոբալիստներին: Ռուշդին, ինչպես եւ վայել է ասպետին, մենակ մարտնչում է բոլորի դեմ: Նա գրել է մի վեպ, որը հեշտությամբ կարելի է կոչել հակաամերիկյան: Ավելի ճիշտ, նա այստեղ գրում է նաեւ այն միասնական երկրի մասին, որը մոգոնել են ամերիկացիները, մի աշխարհի, որտեղ ամենայն ինչ փոխկապակցված է. «Ռուսաստանը, Ամերիկան, Լոնդոնը, Քաշմիրը` ցանկացածը, որի անունը տաս, մի վայր է երկրի երեսին, որ իրադարձությունների բերումով դարձել է ամբողջի մի մասը: Մեր կյանքերը, մեր անձնական ճակատագրերը կորցրել են անհատական, մասնավոր բնույթը, դադարել են մեր սեփական հասանելիքը լինելուց: Դա խռովում է մարդկանց: Դա բախումներ է ծնել, եւ պայթյունավտանգ մթնոլորտ է ստեղծել»: Աշխարհը միասնական է դարձել, սակայն ավելի լավը չէ, եւ դա խփում է ինչ-որ ձեւով թե՛ հզորագույն տերություններից մեկին, եւ թե՛ նրա բնակիչներին, ինչը որ ցուցանված է Ամերիկայի եւ նրա քաղաքացի Մաքս Օֆալսի օրինակով: Սակայն Սալման Ռուշդին վեպ-այլաբանություններ է գրում, եւ սա ընդամենը հնարավոր տարընթերցումներից մեկն է: