Պատգամավորների ձերբակալման (չ)իրավական հիմքերը

22/06/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2008թ. մարտի 4-ին ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր ներկայացրեց ԱԺ` պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին եւ Խաչատուր Սուքիասյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահանջով:

«Քաղաքացիական ազգային նախաձեռնության» կազմակերպած «ՀՀ ԱԺ պատգամավորների քաղաքական հետապնդումը եւ կալանավորման իրավական ռեժիմը» թեմայով քննարկման մասնակիցները երեկ ներկայացնում էին ամենատարբեր քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները: Պատգամավորներ Մ. Մալխասյանի եւ Հ. Հակոբյանի փաստաբան Մելանյա Առուստամյանը նշեց, որ մինչ օրս պարզ չէ, թե Մ. Մալխասյանը կոնկրետ ի՞նչ գործողություններ է արել, որ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի եւ 225-րդի երրորդ մասով: Պատգամավորը ցուցմունքներ չի տվել, նրա հետ առերեսումներ չեն կատարվել, եւ փաստաբանի խոսքով` իրենց հայտնի չէ, թե կոնկրետ ի՞նչ ապացույցներ կան նրա դեմ: «Իմ բողոքները հիմնականում հենվում են նրա վրա, որ չկա հիմնավոր կասկած, մեղադրանքը հստակ չի, պատճառաբանված չէ նրան կալանքի տակ պահելը: Իմ վերջին վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մեջ նշել եմ, որ սա պետության վերջին հնարավորությունն է` խնդիրը պետության ներսում լուծելու համար»,- ասաց նա` հավելելով, թե դատարանում նույնիսկ իր միջնորդությունը` գրավի կիրառման վերաբերյալ, չպատճառաբանված մերժվել է: Հակոբ Հակոբյանի դեպքում, փաստաբանի խոսքով` նույն հիմքերն են: Այս պարագայում, սակայն, նախաքննական մարմինը պասիվություն է դրսեւորում: «ԱԺ-ում Հ. Հակոբյանը հայտարարեց իր անմեղությունն ապացուցող տվյալների մասին, հայտնեց, որ կարող են հարցաքննել այսինչ մարդկանց, հետաքննել այնինչ հանգամանքները եւ այլն: Համաձայն Քրեական դատավարության 17 եւ 18 հոդվածների` քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է մեղադրյալի հայտարարությունն իր անմեղության մասին ստուգել: Մենք միջնորդել ենք, որ նրա այդ ելույթի շուրջ կատարվի հարցաքննություն, եւ ապացույցներ ձեռք բերվեն, բայց մինչ օրս չի իրականացվել: Մենք ստիպված էինք ստանձնել մեր անմեղությունն ապացուցելու պարտականությունը, թեեւ մենք դա անել պարտավոր չենք: Ինձ ոչ պաշտոնական տվյալներ են հայտնի, որ պատրաստվում են միջնորդությամբ դիմել դատարան` կալանքի ժամկետը երկարացնելու համար: Սա ինձ խիստ մտահոգում է»,- ասաց նա: Պատգամավոր Ս. Միքայելյանի փաստաբան Արթուր Աթաբեկյանը նույնպես փաստեց, որ իր պաշտպանյալի հանդեպ մեղադրանքն անհիմն է: Իսկ մի քանի օր առաջ մեղադրանքի ծավալը փոփոխվել է` նոր մեղադրանք է առաջադրվել` կապված Վանատուր լճակում հայտնաբերված ռազմամթերքի հետ: «Ս. Միքայելյանը ցուցմունք չի տվել, եւ մենք նույնպես զարմանում էինք, թե ինչ քննչական գործողություններ են արվել: Ոչ մի փորձաքննություն նշանակելու որոշման հետ չենք ծանոթացել»,- ասաց նա: Աժ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազի` ԱԺ ներկայացված միջնորդությունում հիմնավորումներ չեն եղել: «Երբ պատգամավորի նկատմամբ պետք է կալանավորում կիրառվի, այդ դեպքում պետք է լինի պարտադիր հիմնավոր կասկած: Բացի այդ` նաեւ պետք է լինեն այն ապացույցները, որ տվյալ անձն իրապես կխուսափի նախաքննական մարմնից ու կթաքնվի դրանից: Այսինքն, տվյալ հանգամանքները բացարձակ բացակայել են մեր գործընկերների նկատմամբ»,- ասաց նա` նշելով, որ երբ երկրորդ անգամ անձի նկատմամբ միջնորդություն է ներկայացվում դատարան, այն պետք է տարբերվի նախկինից: Այս դեպքում դա այդպես չի եղել, ինչը` Զ. Փոստանջյանի համոզմամբ` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է: «Մենք չկարողացանք ՀՀ դատախազից ստանալ որեւէ պարզաբանում, թե ինչո՞ւ են մեր գործընկերները գտնվում կալանքի տակ: Դատախազությանն ուղարկել ենք նաեւ երաշխավորագիր ու դրան կից` բազմահազար ստորագրություններ այն անձանց կողմից, ովքեր ընտրել են տվյալ պատգամավորներին: Նրանք խնդրում էին, որպեսզի հաշվի առնվեն իրենց իրավունքները: Այս պահին նրանք զրկված են պատգամավոր ունենալու ու նրա միջոցով ներկայացվելու իրավունքից»,- ասաց նա: Օմբուդսմեն Արմեն Հարությունյանն էլ նշեց, որ պատկան մարմինները պետք է հիմնավորումներ տան, հարցերն անպատասխան չթողնեն: «Եթե պատգամավորներից անձեռնմխելիությունը վերցրել են, ուրեմն հիմնավոր ապացույցներ պիտի ունենան: Այդ դեպքում մի քանի ամիս ինչո՞ւ գործը չի ուղարկվում դատարան: 10 մահվան դեպք ունենք, ու չեն պատասխանում` ինչո՞ւ չեն գործ հարուցում: Վերջապես, սա որեւէ մեկի մասնավոր խնդիրը չէ: Հանրային մարդը պիտի պատասխաններ տա: Երբ նմանատիպ հարցերը մնում են օդում, դա չի նպաստում որեւէ ռացիոնալ գործընթացի»,- հայտարարեց նա: