«Հակո՛բ, մի՛ սպանիր, մեղավոր ենք»

22/06/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հակոբը ոչ թե թագավորական ժամանակների դահիճ է, այլ Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։ Իսկ վերնագրում նշված «մեղայականի» հեղինակը ոչ թե թագավորի իշխանությանը սպառնացող ապստամբ էր, այլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Այս «մեղայականը» ներկայացվեց Տիգրան Սարգսյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր Թեղուտի հանքավայրի շահագործման խնդիրներին։ Խորհրդակցությանը մասնակցում էին բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպություններ եւ կառավարության ներկայացուցիչներ՝ բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների, էկոնոմիկայի նախարարները, հիշյալ նախարարությունների ու կառավարության աշխատակազմի համապատասխան պաշտոնյաները: Բնապահպանների հարցին, թե ինչպե՞ս են հանքավայրի շահագործումը վստահում «Armenian copper programm» ընկերությանը, որն Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի շահագործման ժամանակ չի ապահովում բնապահպանական շատ նորմեր, բնապահպանության փոխնախարարը պատասխանեց, որ Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի 2007թ. հաշվետվությունն իրոք բարվոք չէ, եւ եթե այդպես շարունակվի, 2009 թվականից 3 անգամ կավելացվեն գործարանի համար սահմանված բնապահպանական վճարները։ Հ. Սանասարյանը, երեւում էր, որ պետական մարմինների բյուրոկրատական ստանդարտ պատասխաններից մինչեւ կոկորդը կուշտ էր, եւ անկեղծորեն ասաց. «Մի քանի րոպե է, որ զգում ենք՝ մենք պետության մեջ ենք ապրում։ Մինչ այդ մեզ ասում էին՝ դուք տգետ եք, մենք տանկի վրա ենք»։ Եվ այդ մի քանի րոպեն առավել արդյունավետ օգտագործելու արդարացի մղումով առաջնորդվելով՝ բնապահպանության նախարարի պատասխանից հետո նա շարունակեց խոսել ACP-ի տված վնասների մասին։ Հենց այդ ժամանակ էլ Տ. Սարգսյանը կեսկատակ-կեսլուրջ հորդորեց՝ մի սպանիր, մեղավոր ենք։ Ի դեպ, վարչապետն իր բացման խոսքում նշել էր, որ իրենք պատրաստ են ընդունել քննադատությունը. «Ի սկզբանե ուզում եմ ասել, որ բացարձակապես տրամադրված չեմ պաշտպանելու կառավարության բոլոր որոշումները: Եթե դուք մեզ կհամոզեք, որ մենք թույլ ենք տվել սխալներ, պատրաստ ենք ընդունելու մեր սխալները: Ոչ մեկն անսխալական չի լինում, ամենաբարձր որակի մասնագետներն էլ երբեմն սխալվում են: Մենք պատրաստ ենք այդպիսի խոսակցության: Ակնկալում եմ, որ դուք նույն ձեւով եք տրամադրված: Դա նշանակում է՝ եթե մեր մասնագետների հաշվարկները եւ փաստարկները ճշգրիտ են, ապա դուք էլ պետք է համարձակություն եւ կարողություն ունենաք ընդունելու, որ ձեր բարձրացրած այս կամ այն թեզը ճշգրիտ չէր կամ չէր համապատասխանում իրականությանը: Եթե մենք ի սկզբանե տրամադրվենք այսպես, ապա մեր երկխոսությունը կստացվի»։

Հետաքրքիրն այն էր, որ խորհրդակցությունը սկսելուց առաջ ՀՀ վարչապետն առաջարկեց ՀՀ բնապահպանության նախարարին՝ տեղ զբաղեցնել բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների կողքին, էներգետիկայի եւ բնական պաշարների, էկոնոմիկայի նախարարների դեմ-դիմաց, քանի որ «Բնապահպանության նախարարի խնդիրը կառավարությունում բնապահպանական հարցերի շուրջ ընդունվող որոշումները հավասարակշռելն է, ինչից կշահեն բոլոր կողմերը»: Սակայն այնպես ստացվեց, որ նախարարը նստեց իր ենթակայի՝ փոխնախարար Սիմոն Պապյանի դեմ-դիմաց, որը գլխավոր «պատասխանողի» դերում էր։

Առաջին հարցն այն էր, թե ինչո՞ւ է շահագործման արդյունքում հնարավոր բնապահպանական բացասական հետեւանքների փորձաքննությունն իրականացնել հանքավայրի շահագործման առաջին 8 տարիների, այլ ոչ թե՝ շահագործման ողջ ընթացքի՝ 25 տարվա համար։ Այս հարցապնդումը վարչապետը համարեց ճիշտ եւ հանձնարարականներ տվեց՝ ուսումնասիրել բոլոր բացասական հետեւանքները 25 տարվա համար։ Հարցերը հիմնականում վերաբերում էին բուսական եւ կենդանական աշխարհին պատճառվելիք վնասին, դրանք հաշվելու մեթոդաբանության սխալ լինելուն։ Այս առումով, կողմերը եկան համաձայնության, որ մեթոդաբանությունը բացեր ունի եւ հետագայում համատեղ ուժերով այն պետք է վերափոխել։ Մյուս կողմից, Տ. Սարգսյանն ընդգծեց, որ հանքավայրը շահագործողների համար սահմանվող նորմատիվները չպետք է հիմնված լինեն պատժամիջոցների վրա, քանի որ կոռեկտ չի բիզնեսմենին միանգամից դիտարկել որպես օրինախախտ։

Քանի որ հարցերի մեծ մասը մասնագիտական բնույթի էին, դրանց մանրամասն չենք անդրադառնա։ Միայն նշենք, որ գլխավոր հիմնահարց կարելի է համարել հետեւյալը՝ արդյո՞ք Թեղուտի հանքավայրի շահագործման տված տնտեսական օգուտն այնքան մեծ է, որ հանուն դրա կարելի լինի հանդուրժել բնությանը պատճառվող վնասները։ Սրան ի պատասխան՝ Տ. Սարգսյանը նշեց, որ նախագիծն ունի համապետական նշանակություն. 250 միլիոն դոլարի ներդրումները, նորաստեղծ աշխատատեղերը եւ մյուս գործոնները կնպաստեն տարածաշրջանի եւ ողջ երկրի զարգացմանը։ Ավելին, նա խոստացավ, որ պրեզենտացիա կկազմակերպեն, որը կհիմնավորի նախագծի համապետական նշանակությունը։ Մոտ երկու ժամ տեւած խորհրդակցության վերջում Տ. Սարգսյանն արձանագրեց. «Մենք սպառեցինք ձեր հարցերի օրակարգը եւ ձեռք բերեցինք փոխադարձ ընդունելի համաձայնություններ»։ Նման հանդիպումներ նախատեսվում է կազմակերպել նաեւ առաջիկայում։