Քաքաղական սեթեւեթանք

22/06/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ազատության հրապարակում Երեւանի քաղաքապետարանի` նախապես հայտարարած միջոցառումը` «Փոքրիկ երեւանցիներ», հասկանալի է, երեկ տեղի չունեցավ: Փոխարենը Օպերայի ողջ հրապարակն ու հարակից տարածքները լցված էին ամենեւին ոչ փոքրիկ եւ ամենեւին ոչ երեւանցիներով: Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող ոստիկանները վահաններով եւ մահակներով զինված` ջանասիրությամբ պաշտպանում էին Ազատության հրապարակը բառացիորեն բոլորից. չէին գործում անգամ սրճարանները:

Հետեւաբար, ընդդիմության հանրահավաքը տեղի ունեցավ նախապես հայտարարած վայրում` Մատենադարանի մատույցներում:

Փնտրել տրամաբանություն, թե ինչ հիմնավորմամբ իշխանությունները չէին արտոնել մի հանրահավաք, որի պահպանությունը, անցկացման անվտանգությունն իրականացնում էին ոստիկանները, հեշտ չէ: Այսինքն` եթե հանրահավաքի որեւէ մասնակից տեղյակ չլիներ, որ զանգվածային այդ միջոցառումն արտոնված չէ, այդպես էլ գլխի չէր ընկնի, քանի որ օրենքի պահապաններն ամենայն աչալրջությամբ պահպանում էին թե՛ երթեւեկությունը, թե՛ հանրահավաքի մասնակիցներին: Ընդ որում` հենց ոստիկանների միջոցով հնարավոր եղավ կանխել մի քանի սադրանք. խանդավառված դեմքերով ինչ-որ երիտասարդներ պարբերաբար ժողովրդին փողոցների երթեւեկելի մասը փակելու, ոստիկաններին չհնազանդվելու եւ տարբեր մայթերում տեղակայված խմբերին միավորվելու կոչեր էին անում: Սակայն որեւէ տհաճ միջադեպ չարձանագրվեց: Թե՛ հանրահավաքի մասնակիցները, թե՛ ոստիկանները երեկ բացառիկ սիրալիր էին միմյանց հանդեպ:

Որքան դժվար է հասկանալ իշխանությունների մարտավարությունը, որի հմայքն այն չունենալու մեջ է, նույնքան դժվար է հասկանալ նաեւ ընդդիմության մարտավարությունը: Եթե, ամեն դեպքում, հանրահավաքը չարտոնելը որեւէ կերպ չէր կարող սահմանափակել ընդդիմության վճռականությունը` կազմակերպել հանրահավաք, ինչո՞ւ այս հանրահավաքը տեղի չունեցավ ավելի վաղ: Գուցե թե սկզբունքային նշանակություն չուներ հանրահավաքի օրը, սակայն, դատելով հանրահավաքի բազմամարդությունից, տասնյակ-հազարավոր քաղաքացիներ վաղուց սպասում էին Տեր-Պետրոսյանի խոսքին: Եվ դա լուրջ հիմնավորում էր` ավելի վաղ հնարավորություն գտնել` շփվելու ժողովրդի հետ:

Հանրահավաքն ընթացավ ծանոթ մթնոլորտում: Այսինքն` ընդդիմության հիմնական պահանջն իշխանություններից` բացի քաղբանտարկյալների ազատ արձակումը, ամփոփված է մեկ այլ պահանջում` արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով իշխանությունները պետք է զիջեն իրենց տեղն իրական, ընտրված տիրոջը, ով, ըստ հանրահավաքի մասնակիցների, Լեւոն Տեր-Պետրոսյանն է: «Լեւոն, Լեւոն»՝ վանկարկում էին տասնյակ-հազարավոր մարդիկ: Հնչում էր Բեթհովենի իններորդ` հաղթական սիմֆոնիայի երաժշտությունը: Բացատրությունը, թե ինչու է հանրահավաքը կազմակերպվել հենց այդ օրը` հունիսի 20-ին, տվեց իր ելույթում համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա` ԵԽ ԽՎ-ում Հայաստանի մասին զեկույցի նախօրյակին կազմակերպված հանրահավաքը միջազգային հանրությանը ցույց կտա, որ ժողովուրդը չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները, եւ, որ միջազգային կառույցներն` իրենց երկիմաստ գնահատականներով, թող մեր ժողովրդի հետ չվարվեն որպես երրորդ կարգի մի ժողովրդի:

Թե ինչ հետեւություններ կարող են անել միջազգային կառույցները երեկվա հանրահավաքից, կտեսնենք հունիսի 23-ին, սակայն իշխանությունները կարող են արձանագրել, որ ընդդիմությունն ունի համակիրների կայուն եւ շատ հավատարիմ զանգված: Բավական էր տեսնել, թե տասնյակ-հազարավոր մարդիկ ինչպես էին անտրտունջ, համբերատար, կիզիչ արեւի տակ ուղիղ երկու ժամ սպասում, որպեսզի ընդդիմության գործիչները երկար, բայց արդյունավետ բանակցություններից հետո ստանան եւ հարմարեցնեն բարձրախոսները: Ինչպես էին սպասում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, եւ դրա համար պատրաստ էին հաղթահարել բոլոր նախորդ հռետորներին եւ անգամ Հմայակ Հովհաննիսյանին (նա եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը համարվում են հայ հռետորներից ամենաերկարաբանները, որոնց խոսքն ընդհատելը, ինչպես հայտնի է, հեշտ խնդիրներից չէ): Սա` իմիջիայլոց:

Անկախ բազմամարդությունից` հունիսի 20-ի հանրահավաքը նոր ասելիք չուներ: Մարտի մեկի իրադարձությունների վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականների թեման տարբեր վարիացիաներով արդեն ամբողջ չորս ամիս հնչում է: Նույնը` նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակման թեման: Սակայն հանրահավաքն իր կազմակերպվածությամբ մեկ անգամ եւս ցույց տվեց, թե որքան չպատճառաբանված էին մարտի մեկի իրադարձությունները: Եվ, որ այնքան հեշտությամբ կարելի էր խուսափել մարտի մեկի արյունահեղությունից: Այսինքն` ցանկացած հանրահավաք, առանց դժվարության, կարելի է վերածել զանգվածային անկարգությունների, եթե կողմերից մեկը թույլ ցանկություն հայտնի: Մարտի մեկին նման ցանկություն դրսեւորեց Ռոբերտ Քոչարյանը: Դրան կո՞ղմ էր Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ, կերեւա առաջիկա հանրահավաքներից: Այսինքն` իշխանությունը ուժ կկիրառի՞ խաղաղ ցուցարարների հանդեպ, թե՞ կբավարարվի միայն բարոյական ճնշմամբ` հանրահավաքները չարտոնելով, պարզ կդառնա հուլիսի չորսին՝ ընդդիմության հաջորդ հանրահավաքի օրը: Սակայն կարելի է արձանագրել, որ ընդդիմությունն, ամեն դեպքում, հակված է բացառապես խաղաղ հանրահավաքների:

Ինչեւէ: Երեկ, բարեբախտաբար, չարտոնված հանրահավաքը բախումների վայր չդարձավ: Ասել, թե շարունակական հանրահավաքները կարող են հասարակության լիցքաթափման սկիզբ դառնալ, մի փոքր վաղ է: Ընդդիմության եւ իշխանությունների փոխադարձ անհանդուրժողականությունն ունի այնպիսի պատճառ, որը, կարծես, վեր է ամեն ինչից: Դա է անձնական հակակրանքը: Եվ բոլոր գործողությունների խորհրդատուն առայժմ այդ`բնավ ոչ ամենավեհ զգացումն է: