Ես կարդում եմ, դու կարդում ես…

22/06/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Իմաստուն է նա, ով գիտի պետքականը, այլ ոչ թե շատը»։
Էսքիլես

Իմ բարեկամ, շատ սիրելի երեխաներից մեկը (փոխադրված վեցերորդ դասարան) ամառային արձակուրդներին ընթերցանության համար գրքերի ցուցակ է ստացել ուսուցչից։ Երեխան եկել է տուն, դատարկել գրապահարանը, լցրել սեղանին (Ստ. Զորյանի հատորները, Րաֆֆու, Դեմիրճյանի. մի խոսքով՝ ինչ ունեն)։ Պապի հարցին, թե՝ ի՞նչ ես անում, պատասխանել է՝ կարդում եմ։

Ես շատ մարդկանց եմ հանդիպել կյանքում, օրինակ՝ մեր պատգամավորներին, որ շատ-շատ գրքեր են կարդացել, ներառյալ՝ «Վարդանանքը», սակայն ամեն մեկը յուրովի է յուրացրել, ասենք, հայրենասիրության գաղափարը: Օրինակ, շատերի մեջ տպավորվել է «Առաջ քո ծառը ջրի, հետո՝ ուրիշի» ասացվածքը, որ «Վարդանանքում» չկա, չկա եւ շատ ուրիշ գրքերում, ու, այնուամենայնիվ, ընթերցանության արդյունքում նրանց դուր է եկել ծառը ջրելու արարողությունը եւ հատկապես ասացվածքի միայն առաջին մասը, երկրորդը կա՛մ չեն հասցրել կարդալ, քանի որ անմիջապես անցել են գործի, կա՛մ, որ ավելի հավանական է, նրանց չի հետաքրքրել, քանի որ խոսքն արդեն ուրիշի մասին է (է, թող նրանք էլ իրենց ծառը ջրեն)։ Սակայն այդ «հետոն» շատ կարեւոր է եւ այդ «հետոն» էլ ուրիշի խնդիր չէ, քանի որ դրա միտքն ընդամենը սա է. եթե քո ծառն արդեն ջրված է, հիմա էլ ուրիշի ծառը ջրի, որ քո ծառի կողքն անտառ գոյանա, ոչ թե անապատ, որ քո ծառը ոչ նեխի շատ ջրելուց, ոչ էլ անապատում շնչահեղձ լինի։

Ուրեմն, խնդիրը ոչ թե շատ կարդալն է, այլ ճիշտ կարդալը։ Իսկ ճիշտ կարդալու համար կարեւորը բնազդը չկորցնելն է, ինչպես մեր պապերը, որ կամ քիչ էին կարդացել, կամ ընդհանրապես չէին կարդացել, բայց ուսյալ էին կյանքի վերլուծություններում: Այդպես էլ՝ երեխան: Նա կրակի մասին գիտական աշխատություններ չի կարդացել, բայց երբ կրակը մի անգամ մատն այրում է, երկրորդ անգամ երեխան մատը կրակին չի տանում (կամ երկրորդ անգամ զգուշորեն փորձում է առաջինի հավաստիությունը, համոզվելու, որ կրակն, իրոք, այրում է, իսկ երրորդ փորձ ընդհանրապես չի լինում, եթե երեխան բնությունից բթամիտ չէ)։

Դժվար է ասել, թե մեր պատգամավորներն ընթերցողների կամ երեխայի ո՛ր տիպին են պատկանում, երբ երկիրը ոտքի տակ գնում է, երբ անտառն այրվում է չորությունից, իրենք շարունակում են իրենց փթթող բարգավաճ ծառերը ջրելով նեխեցնել։ Չգիտեմ, երբ այսօր վեցերորդ դասարանցի երեխային հանձնարարում են «Վարդանանք» կարդալ, ի՞նչ հույս են կապում նրա հետ: Բա որ այդ երեխան վաղը պատգամավո՞ր դառնա, բա որ հայրենասիրական ճառեր ասելով՝ անընդհատ իր բարգավաճ ծա՞ռը ջրի…

Պետք չէ մարդուն պատվաստել մի բան, ինչ նրան տրված է բնությունից: Մարդը ծնվում է զգացմունքներով, սիրով (եւ ոչ միայն մարդը, շունն ու կատուն էլ՝ հետը). հայրենիքի, տան, բնի ու որջի սերը բնազդ է, ոչ թե դաստիարակություն, ուղղակի այդ բնազդը պետք չէ փչացնել ավելորդ դոզայով։

Ընթերցանությունը պետք է հաճույք պատճառի եւ ոչ թե ահաբեկի երեխային (եւ ոչ միայն երեխային)։ Ուսուցիչն առնվազն մեկ տարի աշխատում է տվյալ երեխայի հետ, եւ դա բավական է, որ նա երեխայի տարիքին ու հետաքրքրություններին համապատասխան հանձնարարություն տա, եւ ընթերցանությունն էլ չպետք է ինքնանպատակ լինի։ Թող նա կարդա միայն մեկ պատմվածք եւ վերլուծի այն, ներկայացնի հերոսին իր պատկերացումով, թող դուրս գրի իրեն դուր եկած հատվածը, հիմնավորի, նոր կերպարներ մտցնի կամ ինչ-որ կերպարներից ազատվի, խաղա պատմվածքի հետ, ու եթե խաղը նրան դուր եկավ, ինքը կցանկանա շարունակել եւ աստիճանաբար խորամուխ կլինի այն արվեստի մեջ, որ կոչվում է գրականություն, եւ որեւէ մեկը թող չկասկածի, թե նրա սիրելի Կարլսոնն ու Երկարագուլպա Պեպին պակաս հայրենասիրական զգացումներ ունեն, քան, ասենք, Վարդան Մամիկոնյանը։

Կարեւորն այս հարցում չգայթակղվելն է, չափից դուրս առաջ չընկնելը, ինչպես, ասենք, մեր պատգամավորները, որ ինչքան էլ ընթերցում ու վերընթերցում են իրենց օրինագծերը, ընդունված որոշումներն ու օրենքները, ի վերջո, համաշխարհային սկանդալի առարկա են դառնում։ Պարտադիր չէ ընթերցել ողջ Աստվածաշունչը կամ համաշխարհային ողջ գրականությունը, որպեսզի հասկանաս՝ մարդն ինչ անում է՝ իրեն է անում։ Եթե, օրինակ, ասում են՝ մի՛ գայթակղվիր, ամենեւին էլ՝ ոչ նրա համար, որ դա վատ բան է, այլ՝ այդ գայթակղության պտուղներից սովորաբար ուրիշներն են օգտվում։ Եթե այսօր չինովնիկի աշխատավարձը բարձրացնելու հող չկա, եւ, այնուամենայնիվ, այդ քայլն արվում է, դա ուղղակի կանխավճար է ընդդիմությանը կամ հաջորդ իշխանություններին, քանի որ այս իշխանությունը չի հասցնի վայելել դրա պտուղները եւ, ինքը հայտնվելով ընդդիմության վիճակում, կանգնելու է կոտրած տաշտակի առաջ։

Ուրեմն, հարգելի պատգամավորներ, սիրելի ընտրյալներ, քանի դեռ շարքային քաղաքացու առավելագույն աշխատավարձը չի հասել ձերի նվազագույնին, որեւէ բարոյական հիմք չկա ձեր աշխատավարձն անգամ 5 %-ով ավելացնելու, քանի որ այդ քայլը ոչ թե ձեր ախորժակը փակելու պատճառով պետք է արվի, այլ դա պետք է լինի ձեր բարեխիղճ աշխատանքի արդյունքը, երբ ձեր աշխատանքի շնորհիվ բարձրանա ժողովրդի կենսամակարդակը։ Այնպես որ, արթնացրեք ձեր բնազդները եւ, նախքան 100 տոկոսանոց ձեր օրինագծերը բազում ընթերցումներից հետո շրջանառության մեջ դրվեն (կամ այն ստիպված լինի մերժել կառավարությունը), հիշեք ծնողազուրկ այն երեխաների մասին, որ պաղպաղակի համար պապից 100 դրամ են ուզում, իսկ պապը ձեռքը տանում է գրպանը եւ աչքերը սրբելու համար թաշկինակ է հանում…