Փարիզում գործող Հայ փաստաբանների եւ իրավաբանների ֆրանսիական ընկերակցությունը (ՀՓԻՖԸ) հունիսի 12-ին հրապարակել է «Երեւանում 2008թ. փետրվարի եւ մարտի իրադարձությունների կապակցությամբ ՀՓԻՖԸ-ի կողմից մայիսի 7-12-ն իրականացված հետաքննական եւ դիտորդական առաքելության զեկույց», որը որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորեւ:
«2008թ. մարտի 18-ին, ՀՀ-ն պատուհասած ողբերգական իրադարձություններից հետո, Փարիզի Փաստաբանների պալատի նախագահ, մեր գործընկեր Քրիստիան Շարիեր-Բուրնազելը նամակ է հղել ՀՓԻՖԸ-ի նախագահին, որով արտահայտել է իր մտահոգությունը եւ հարցրել է հնարավոր միջամտության մասին… ՀՀ Փաստաբանների պալատի Մասնագիտական էթիկայի հանձնաժողովի պատվիրակությունը ս.թ. մարտի 30-ից ապրիլի 5-ը հրավիրվել էր Փարիզ: Այդ այցի ընթացքում մեր հայ գործընկերները մեզ տեղեկացրեցին այն ծանրագույն պայմանների մասին, որոնցում կազմակերպվելու էր մարտի 1-ի դեպքերին հետեւած բազմաթիվ ձերբակալությունների քրեական գործերով պաշտպանությունը: Այս պայմաններում էր, որ ՀՓԻՖԸ-ը հաստատեց նոր դատական դիտորդական առաքելություն կազմակերպելու իր ծրագիրը, որը եւ կայացավ 2008թ. մայիսի 7-12-ը, Փարիզի Փաստաբանների պալատի նախագահի աջակցությամբ:…
Զեկույցի եզրահանգումները
Այդ հինգ, ամբողջությամբ մեր առաքելության նպատակներին նվիրված օրերի ընթացքում, մենք հանդիպեցինք ՀՀ արդարադատության նախարարի, Մարդու Իրավունքների պաշտպանի տեղակալի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի եւ հյուպատոսի, Հելսինկյան ընկերակցության նախագահի, հարյուրից ավելի կալանավորված անձանցից ութին, Փաստաբանների պալատի նախագահի եւ մի շարք մեր հայ գործընկերների հետ: Այդ կարճ ժամանակահատվածում մենք հնարավորություն չունեինք հանդիպել ո՛չ բոլոր ներգրավված փաստաբաններին, ո՛չ բոլոր կալանավորվածներին: Մենք նաեւ հնարավորություն չունեցանք հանդիպելու Դատախազության ներկայացուցիչներին եւ լսելու մեղադրող կողմի դիրքորոշումները:… Չնայած արտահայտված վերապահումներին, այն հարուցված գործերը, որոնց մենք կարողացանք ծանոթանալ, իրենց մեջ պարունակում են այնպիսի դրվագներ, որոնք մեզ թույլ են տալիս անել նախնական հետեւություններ եւ բարձրացնել մի շարք հարցեր:
Առաջին հերթին. Մենք համարում ենք, որ առավել ազդեցիկ անձանց ձերբակալությունները եւ կալանավորումները կատարվել են քրեական ընթացակարգի տարրական կանոնների խախտումով: Այդ կերպ, պատգամավորներ Հակոբ Հակոբյանը եւ Մյասնիկ Մալխասյանը ձերբակալվել են մարտի 2-ին, մինչդեռ ԱԺ-ն իրենց զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից միայն մարտի 6-ին: Նմանակերպ Գլխ. դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ, մենք դիտարկեցինք, որ նրա ձերբակալությունը կատարվել է բռնի կերպով, մոտ 40 դիմակավոր եւ զինված անձանց կողմից, պայմաններում, որոնք հատուկ են հանցանքի վայրում բռնված հանցագործի ձերբակալմանը, մինչդեռ մինչեւ ձերբակալումը նրա նկատմամբ որեւէ մեղադրանք չի հարուցվել… Միաժամանակ, նրա կալանքի տակ պահելն օրենսդրորեն սահմանված ընթացակարգային 72 ժամից ավելի եւ գիշերվա կեսին դատական նիստի անցկացումն ազատությունից զրկելու օրինական ժամկետից ավելի քան 4 ժամ ուշացումով, նախնական կալանքի սանկցիա տալու նպատակով, կազմում է ընթացակարգի ծանր խախտում, որը պետք է որ անվերապահորեն պատժվեր Վերաքննիչ դատարանի կողմից: Այս գործելակերպը հանգեցնում է այն մտքին, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան քաղաքական բնույթի հետապնդումների դատական քողարկում իր ծայրահեղ կոպիտ դրսեւորումներով: Երկրորդը. Ինչ վերաբերում է ներկայացված հաճախակի հանդիպող մեղադրանքների ծանրությանը, այնպիսի մեղադրանքների, ինչպիսին են՝ հատկապես «ուժով պետական իշխանությունը յուրացնել սահմանադրական կարգի խախտմամբ», օրենքով, նման ծանր մեղադրանքի առաջադրումը պետք է նախեւառաջ հիմնավորված լինի հստակ եւ շոշափելի փաստերով: Սակայն այն տեղեկատվության մեջ, որը մենք կարողացանք հավաքել, այդ փաստերը մեծապես բացակայում են: Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանն արդեն երկամսյա ազատազրկումից հետո դեռեւս որեւէ դատաքննիչի հետ չէր հանդիպել եւ անտեղյակ էր իր ազատազրկման հստակ պատճառից… Ինչ վերաբերում է «հաղթելու ենք» արտահայտությանը, որը հանրահավաքներից մեկի ժամանակ արտասանվել է ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի կողմից, եւ որի պատճառով նա հետապնդվում է, ապա այն շատ դժվարությամբ կարելի է որակավորել որպես ուժով պետական իշխանությունը յուրացնելու փորձ, քանի որ խոսքը գնում է նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի պաստառների վրա գրված կարգախոսի մասին:
Նույնկերպ բազմաթիվ տեսաժապավենները փաստում են այն, որ ԱԺ պատգամավորներ Հ. Հակոբյանը եւ Մ. Մալխասյանը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ խաղացել են խաղաղարար դեր, վարքագիծ, որը քիչ համատեղելի է պետական հեղաշրջման փորձի հետ, եւ որը հաստատվում է մեր հանդիպման ժամանակ կայացած խոսակցությամբ: Բոլոր այս փաստերն աներկբայորեն հաստատում են հետապնդումների քաղաքական բնույթը… Խոսելով 2008թ. մարտի 1-ի առավոտյան Օպերայի հրապարակը ցուցարարներից ազատելու գործողության մասին` իշխանություններն այն ներկայացրեցին՝ որպես թաքցված զենքի եւ զինամթերքի հայտնաբերման գործողություն, Հանրային հեռուստատեսության մանրակրկիտ նկարահանումներն առաջին հերթին ցույց են տալիս ծառերի մեջ կռացած ոստիկաններին, որոնք հայտնաբերում են ինչ-որ նռնակներ, փամփուշտատուփեր եւ ատրճանակներ: Այս նկարահանումները ծավալուն կերպով օգտագործվել են այն գաղափարի տարածման գործում, որ, մինչ այդ օրը խաղաղ ցուցարարները վերջապես նպատակադրվել էին բռնի ուժով հեղաշրջում իրականացնել: Մինչդեռ հանելուկ է, որ ոստիկանները ձեռք էին տալիս եւ ցուցադրում նշված զենքերը՝ առանց պահպանելու տարրական զգուշավորության միջոցներ, որոնք անհրաժեշտ են մատնահետքերի ապացույցների պահպանման եւ զենքն օգտագործած անձանց նույնականացման համար: Ի վերջո, եւ հատկապես, ի՞նչ պատճառով մինչ օրս հարուցված գործերից ոչ մեկն ուղղակիորեն չի առնչվում այդ զենքի հայտնաբերմանը: Ինչ վերաբերում է 10 հոգու մահվան պատճառ դարձած եւ Արտակարգ իրավիճակի հայտարարման համար հիմնավորում հանդիսացած ճշգրիտ հանգամանքներին, ապա այստեղ եւս բազում անպատասխան հարցեր կան… Բազմաթիվ տեղեկություններ թույլ են տալիս կասկածել այս փաստերի հավաստիությանը:
– Նկարահանված ժապավենները վկայում են, որ օրինապահներն օգտագործել են զենք եւ կրակել են մարդու հասակի բարձրությամբ` օգտագործելով լուսարձակող փամփուշտներ, որոնց օգտագործումն, այնուամենայնիվ, խստորեն կանոնակարգված է:
– Որոշ զոհեր սպանվել կամ վիրավորվել են Լեոյի փողոցում` մեծ ցույցից մի քանի հարյուր մետր հեռու, ավելին, օրինապահների օղակի հետեւում: Հաշվի առնելով վայրերի դիրքը` անհավանական է թվում այն, որ մի քանի տասնյակ անձինք կարողանային այդ փոքրիկ փողոցում ստեղծել այնպիսի ապստամբային իրավիճակ, որի դեմ իշխանությունների միակ ընտրությունը լիներ ամենակոշտ ճնշմանը դիմելը:
– Որոշ զոհերի գնդակը դիպել է հետեւից կամ գլխին, ինչը սնում է դիպուկահարների ներկայության վերաբերյալ պտտվող խելահեղ լուրերը:
– Որոշ զոհեր ընդդիմության համակիրներ չեն եղել եւ չեն մասնակցել հանրահավաքներին:
– Խանութների կողոպուտը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայում, որը հանրահավաքից մեծապես հեռու է գտնվում, եւ ուղեկցվել է տեղում մեծ քանակով ներկա ոստիկանների ապշեցնող հանդուրժողականությամբ:
Վերջապես, այնպիսի հարցեր, ինչպիսիք են բանակի ներկայությունը, դրա ժամանելու ժամը, օգտագործված զենքի ու զինամթերքի բնույթը, ցուցարարների վրա կրակ բացելու որոշումը, մինչ օրս պարզ չեն: Չնայած հարուցված բազմաթիվ գործերին, մենք չենք գտել, որ դատական գործընթաց է սկսվել` բացահայտելու համար հրազենային կրակոցների հեղինակներին` անկախ այն բանից, թե զոհերը քաղաքացիական անձինք են եղել, թե ոստիկաններ: Ի վերջո, կցանկանայինք ավարտել Հայաստանը ցնցած մարտի 1-ի գիշերվա ողբերգության զոհերի ընտանիքների իրավիճակով: Դրանցից ոչ մեկը մեր առաքելության պահին բողոք չէր ներկայացրել: Համապատասխան տեղեկություններով` նրանց նկատմամբ ճնշումներ են իրականացվել կամ գումարներ են առաջարկվել` «էջը շրջելու» եւ թաղման ծախսերը հոգալու համար…»։