«Մի՛ վախեցի, մամ ջան, լավ կլինի, ա՛յ կտեսնես»

22/06/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Էրեբունի համայնքում գտնվող Վարդաշենի հանրակացարանի բնակիչներն իրենց շենքում նոր բնակություն հաստատած հարեւանների մասին լեգենդներ են պատմում:

Նրանք ամեն օր լսում են, թե ինչպես է հաշմանդամ մեծահասակ կինը ցավից «ոռնում»: Ծեր կնոջը հանգստացնելու համար մի երիտասարդ նրան գրկում, նստեցնում է հանրակացարանի իրենց հարկի ընդհանուր պատշգամբի մոտ, որպեսզի մտքերը փոքր-ինչ ցրվեն, թոթափվի հիշողություններից: Պատշգամբի տեսարանը, տարածության ազատությունն ու մաքուր օդը դեղահաբի նման ներգործում են կնոջ նյարդային համակարգի վրա, եւ նա դադարում է բղավել, հանդարտվում է: Հանրակացարանի բնակիչները շատ չեն համարձակվում այցելել նրանց տուն, բայց խնդրում են նրանց հետ խոսել, քանի որ վերջիններս գտնվում են հոգեկան սարսափելի վիճակում: Գնում եմ…

Հանրակացարանի միջանցքում, որը պատերազմական դաշտի նման լցված է «տրաքած» իրերով, նստած է մի տատիկ, որի ոսկրացած ձեռքերն անընդհատ հարվածում են գլխին: Էդպես անում են բնազդաբար, ափսոսանքի զգացումից: Ուրեմն` էս հեռավորությունից երեւացող տեսարանը` տատիկի շարժուձեւը, կեցվածքը` զղջալու, ափսոսելու պատմություն ունեն: Մոտենում եմ` ներքուստ գիտակցելով, որ ամեն ինչ կարող է պատահել, որովհետեւ ծեր կնոջ դիմագծերը չարացած, հոգնած, մի քիչ էլ սարսափած մարդու տպավորություն են թողնում: «Բարեւ»,- ասում եմ: Քթի տակ ինչ-որ բան է մրթմրթում, բայց անկարող շարժումներից գլխի եմ ընկնում, որ աթոռին գամված է, ոտքերը կենսունակ չեն, չի կարող կանգնել: Ներսից բամբ ձայնով մի պապիկ հրահանգում է` «Ստեղ արի»: Դռան մոտ նստած տատիկն արգելապատնեշի էֆեկտ արձակող հայացքով թույլ չի տալիս առաջանալ: Ասում եմ` «Ուղղակի ուզում եմ մի քիչ զրուցենք: Ես ձեզ չեմ վնասի»: Տարեց կնոջ հայացքը հալվող սառույցի նման խղճուկի, զոհի կերպարանք է ստանում ու սկսում է «ոռնալով» լաց լինել: Էնքան դառնացած է լացում, որ շփոթված կանգնել եմ դռան արանքում: Կնոջը մոտենում է մի երիտասարդ, գրկում, համբուրում է, ասելով` «Մա՛մ ջան, մի վախեցի, մի՛ լացի, ես ստեղ եմ: Ցավդ տանեմ, մի լացի էլի, ախր գիտես էլի, որ ինձ ցավ ես պատճառում»: Մտնում եմ տուն, տունը տան նման չի, մարդիկ էլ մարդկանց քիչ են նման: Էս տանն ապրող մարդիկ մարդկանցից վախենում են, որովհետեւ մարդիկ իրենց հետ աննկարագրելի վատ են վարվել: Էս տանն ինձնից էլ են վախենում, իմ լուսանկարչական սարքից էլ, ձայնագրիչից էլ են վախենում: Ասում եմ` «Ես ուղղակի ուզում եմ ձեզ օգնել, հաստատ ձեզ վնասելու համար չեմ եկել»: Երիտասարդն ասում է` «Եկեք ներս, ա՛յ մարդ, չես տեսնո՞ւմ, որ սա մեզ խղճում ա, ուրեմն` չի վնասի»: Սարգիս պապն ու Արմանույշ տատն ամուսիններ են, իսկ որդին անունը չի ասում, որովհետեւ դեռ միանշանակ ինձ չի վստահում: 20 օրից ավելի է, ինչ հայտնվել են հանրակացարանի այս նողկալի պայմաններում: Մինչ այդ այս ընտանիքն ապրել է Ավանում գտնվող երկու սենյականոց մի բնակարանում: «Խաբեցին, բալիկ ջան, մեզ գցեցին քուչեքը: Մեր հետ ահավոր վարվեցին, ահավոր, անմարդկային, դաժան ձեւով…»,- լաց լինելով բղավում է 80-ամյա Սարգիս պապն ու երեխայի պես հոնգուր-հոնգուր լաց է լինում: Որդին միջամտում է, որ իրողությունը ներկայացնի: Ասում է` «Նենց ստացվեց, որ ես ու հերս ձմռանը հիվանդացանք: Հերս ասթմայով հիվանդ ա, իշիաս էլ ունի: Հիվանդանոցում պառկած էր, ես էլ: Մերս տանը մենակ էր, անօգնական: Էդ ընթացքում մամային ինսուլտ ա խփում, մի կողմը թուլանում, պարալիզացվում ա: Ես ու հերս չենք կարում հիվանդանոցից գնանք տուն, մենք էլ ենք վատ: Իմ հետ պառկած հիվանդներից մեկի հետ կիսվում, պատմում եմ մեր ծանր վիճակի մասին»,- պատմում է երիտասարդն` ասելով, որ հիվանդասենյակի այդ հիվանդը, հետագայում պարզվում է` Երեւանում հայտնի գուշակ, գնչուհի Եսենիայի բարեկամն է լինում: Եսենիան մանրամասն ծանոթանալով այս ընտանիքի պատմությանը, այցելում է միայնակ ու անօգնական վիճակում հայտնված Արմանույշ տատիկին, իբրեւ թե օգնություն ցուցաբերելու: «Կինս էդ ժամանակ շատ վատ վիճակում ա լինում: Առաջարկում ա իրան վերցնել իրա խնամքի տակ: Մի թուղթ ա բերում, ասում ա` ստորագրի, որ համաձայն ես, որ ես քեզ խնամեմ: Էնքան վատ վիճակում ա լինում, սոված, ծարավ, անկարող, որ առանց նայելու ստորագրում ա: Ես էլ եմ դուրս գալիս հիվանդանոցից ու ես էլ եմ ստորագրում, որովհետեւ էդ խնամակալության փաստաթուղթ ա լինում»,- պատմում է Սարգիս պապը` ասելով, որ հետագայում իրեն, կնոջը, որդուն Եսենիան խաբեությամբ տարել է իր տուն եւ, դուռը կողպելով, նրանցից պահանջել է իրենց սեփական բնակարանը վաճառելու համաձայնություն տալ: Չնայած` սոցիալական ու առողջական ծանր վիճակին, այդուհանդերձ, ծերունիներն ու նրանց միակ որդին ոչ մի կերպ չեն համաձայնել նման գործարք կնքելուն: Սարգիս պապն ասում է` «Ես իրան ասում եմ` կյանքում տուն չեմ ծախի, տղա ունեմ, ինչքան էլ վատ լինենք, մեռնեմ էլ՝ չեմ անի էդ բանը: Տեսավ, որ չենք համաձայնվում, իրա տանը մեզ փակեց»: «Ո՞նց փակեց»,- հարցնում եմ: Պատասխանում է` «Չթողեց իրա տանից դուրս գանք: Դուռը դրսից կողպում, դուրս էր գալիս: Համարյա 3-4 ամիս մեզ տենց պահել ա: Կալանավորի նման էինք ապրում: Ոչ թողում էր տանից դուրս գայինք, ոչ էլ մեկին զանգեինք, կապ հաստատեինք: Օրվա մեջ մի անգամ ճաշաջուր էր տալիս, որ չմեռնեինք: Էնքան էր ճնշում, որ մեր համաձայնությունը տայինք, ստորագրեինք, որ համաձայն ենք տան վաճառքին»: Սարգիս պապը պատմում է, որ դրանից հետո Եսենիան սկսել է սպառնալ, թե իրենց կգցի նկուղն ու տիրություն չի անի: Սարգիս պապի ասելով` նա մի քանի անգամ էլ հարվածել է: «Տեսավ, որ չենք կոտրվում` սկսեց մեր ճաշի մեջ դեղեր գցել: Էդ դեղերից շշմում, քնում էինք, ամբողջ օրը բժժած էինք, չէինք կարում հակաճառենք»: Թե՛ ծեր ամուսինները, թե՛ նրանց որդին չեն կարողանում բացատրել, թե ինչպես են որոշ փաստաթղթեր ստորագրել, որի հետեւանքով հետագայում պարզվել է, որ Եսենիան իրենց բնակարանը յուրացրել է, ապա՝ վաճառել: Ինչեւէ, ծերունիներն ու հիվանդ որդին հայտնվել են փողոցում եւ նույնիսկ չեն համարձակվել դիմել Ոստիկանություն կամ դատարան, որովհետեւ գնչուհին սպառնալիքներ է տեղացել: «Մեզ ասում էր, որ իբր գոնե Մասիվի ծայրամասում մի սենյակ կառնի, բայց դա էլ խաբեց: Ասում էր՝ եթե տաք դատարան` սենց կանեմ, նենց կանեմ, վախեցանք, բոլորս հաշմանդամ ենք, էսօր կանք, վաղը չկանք»,- պատմում է ծերունին: Դատապաշտպանի օգնությամբ այս ընտանիքը տեղավորվել է հանրակացարանում՝ այս անմարդկային պայմաններում, որը, բնականաբար, փողոցից ավելի հարմարավետ է: Ապրում են աննկարագրելի սովի մեջ: Վերջերս մի բարեգործական կազմակերպությունից ալյուր, ձեթ, մակարոնեղեն, շաքարավազ են օգնություն բերել, որով էլ առայժմ գոյատեւում են: Ամսվա եկամուտը ծերերի կենսաթոշակն ու որդու 8000 դրամ հաշմանդամության թոշակն է: Արմանույշ տատի հաշմանդամությունը հաստատելու համար փաստաթղթեր ու մի քիչ էլ գումար է պետք, որ նա հիվանդանոցում պառկի: «Ոչ գրանցում, ոչ փաստաթուղթ ունենք, ո՞նց անենք: Հըլը որ մեր ցավն ենք մարսում, հըլը որ չենք հավատում մեր հետ պատահածին»,- ասում է Սարգիս պապը:

Ընտանեկան նպաստ չեն ստանում, որովհետեւ նոր են եկել այս տարածք, բացի դա, գրանցված էլ չեն: Շատ է պատահում, երբ քաղցած են գիշերում, բայց հարեւանները մշտապես տաք ճաշով վրա են հասնում: Արմանույշ տատն անշարժ է, նրան գրկած են տեղափոխում: Սարգիս պապն էլ կամաց-կամաց գամվում է անկողնուն: Որդին ասում է` «Մամային եմ տիրություն անում, շատ վատ ա: Տեղափոխում, ուտացնում եմ: Տակն ա անում, մաքրում-լվանում եմ: Ինձ սենց մի նայեք, քույրիկ ջան: Մի քանի ամիս առաջ իմ «զապիսնոցն» ունեի, նորմալ աշխատացնում էի»: Հետո բոլորը սկսում են հիշել, թե նախկինում ով ով էր, ու հետո բոլորը դառնանում, ընկնում են հիշողությունների գիրկը:

Արմանույշ տատը վերադառնում է անցյալ, չարանում է, սկսում է «ոռնալով» լաց լինել, ու ես վախենում եմ, որովհետեւ Արմանույշ տատը մարդկանցից զգուշանում, վախենում է: Մոտենում է որդին, գրկում է նրան՝ ասելով` «Մի՛ վախեցի, մամ ջան, լավ կլինի, ա՛յ, կտեսնես, որ լավ կլինի»:

Հ.Գ.
Այս հարցի կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ բախտագուշակ Եսենիայից, սակայն երեկ ամբողջ օրը նրա բջջային հեռախոսը գտնվում էր ռադիոծածկույթից դուրս: Մենք, այնուամենայնիվ, պատրաստ ենք ներկայացնել նաեւ նրա պատասխան փաստարկները